ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չորրորդ Հռոմի մատույցներում

Չորրորդ Հռոմի  մատույցներում
24.06.2014 | 01:21

Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տարածքին անդառնալի է (ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը) և հավատում է, որ հինգ տարի հետո մենք նվազագույն հաջողությունների հասած կլինենք, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր ապագա հաջողությունների տարածքը գաղափարախոսական հարթության մեջ: Տնտեսականը կարևորելու մեր առաջին մղման մեջ մենք ազնիվ էինք այնքան, որքան ազնիվ է սոված մարդը, որ նախ մտածում է ուտելիքի, և միայն քաղցը հագեցնելուց հետո` մնացածի մասին: Մենք դեռ սոված ենք, բայց արդեն այնքան երկար ենք սոված, որ ժամանակ կար մտածելու, թե ինչ կապերով են միմյանց հանգուցվելու քաղաքական-տնտեսական-պատմամշակութային առնչությունները ու ընդհանրապես` ի՞նչ արժեհամակարգ ենք դավանելու մի տարածքում, որ դեռ գծում է իր աշխարհագրական սահմանները: Ֆրանսիացի փիլիսոփա, «Philosophie Magazine» ամսագրի փոխխմբագիր, ֆենոմենոլոգիայի ու ռուսական փիլիսոփայության մասնագետ Միշել Ելչինոֆը RFI-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության փիլիսոփայությանը: Նա նշում է, որ երբ սկսել է ուսումնասիրել Պուտինի վարած քաղաքականության փիլիսոփայական հիմքերը, շատերը խորհուրդ են տվել չխորանալ, որովհետև այդ փիլիսոփայությունն ունի մեկ շարժիչ` ավելի շատ փող և իշխանություն: Բայց նախագահության երկրորդ շրջանում Պուտինը և՛ փողի, և՛ իշխանության պակաս չունի, նա ցանկանում է մնալ պատմության մեջ` իբրև ռուսական տարածքները ընդարձակող: 2012-ին իշխանություն վերադառնալու պահից Վլադիմիր Պուտինը ցուցադրում է հստակ գաղափարական հռետորաբանություն ու ձեռնարկում քայլեր, որոնց ակունքը այն ռուս փիլիսոփաներն են, ում երկերից նա հաճախ է մեջբերումներ անում ելույթներում: Ակնհայտ խորհրդային հետահայացով նա զարգացնում է պահպանողական գաղափարախոսություն` դիմելով Իվան Իլյինի օգնությանը: Բռնությանը բռնությամբ պատասխանելու Իլյինի վարդապետությունը Պուտինը հաճախ է օգտագործում: Նույնքան հաճախ է նա դիմում Իլյինի սահմանած առաջնորդի քաղաքական փիլիսոփայությանը. առաջնորդ, ում միաձայն ընդունում է ժողովուրդը, ով կենսագործում է բնական ժողովրդավարության գաղափարը: Քննադատելով բոլշևիկներին` երկրից արտաքսված Իլյինը քննադատում էր և արևմտյան ժողովրդավարությունը` համարելով ձևային: Նա վստահ էր, որ բոլշևիկների անկումից հետո Ռուսաստանը պետք է ստեղծի նոր ժողովրդավարություն, որը կյանքի է կոչում ժողովրդի սերը վայելող առաջնորդը: Իլյինն առաջարկում էր միաձուլել ժողովրդավարությունը ավտորիտարիզմի հետ, և այդ գաղափարը հիացնում է ՌԴ նախագահին: Պուտինի քաղաքական գաղափարախոսության առաջին կետում Իվան Իլյինն է, որ հանդես է գալիս պահպանողական դիրքերից, պաշտպանում է ուժեղ առաջնորդի գաղափարը, Եվրոպայի համար առաջադրում է պահպանողական արժեքներ` հայրենասիրություն, ընտանիքի, եկեղեցու ու ավանդական արժեքների պաշտպանություն: Բոլոր ծրագրային ելույթներում Վլադիմիր Պուտինը հստակ ասում է, որ ինքը դավանում է պահպանողական գաղափարախոսություն, որը հակադրվում է Արևմուտքի տխրահռչակ ազատականությանը:

Երկրորդ և ավելի ընդգծված դրույթը «ռուսական ճանապարհն» է` ռուսների բացարձակ ինքնատիպությունը: Ռուսական ճանապարհը հաստատում է, որ Ռուսաստանը Եվրոպայից հետ չի մնում, Ռուսաստանն այն երկիրը չէ, որ պիտի եվրոպականանա, որպեսզի նորմալ երկիր դառնա, այլ այն երկիրը, որ ունի սեփական առաքելություն: Պուտինը վերակենդանացնում է սլավոնաֆիլների երկրորդ սերնդի ներկայացուցիչ Նիկոլայ Դանիլևսկու ավանդույթները: 1869 թ. Դանիլևսկին հրապարակեց «Ռուսաստանը և Եվրոպան» գիրքը, որտեղ բացատրում էր, որ Ռուսաստանը Եվրոպա չէ ու չի կարող Եվրոպայի մաս լինել, բայց պարտավոր է Եվրոպային հակակշիռ դառնալ, որովհետև ունի սեփական ճանապարհ: Ռուսաստանի մշակութային քաղաքականության նախագծի առաջին տարբերակն ուղղակի կրկնում է Դանիլևսկուն` «Ռուսաստանը Եվրոպա չէ», որ ճշգրիտ վերարտադրում է Պուտինի գաղափարախոսությունը. Ռուսաստանն ունի ուրիշ պատմություն, ուրիշ առաքելություն, ուրիշ արժեքներ` Արևմտյան Եվրոպայից տարբեր, և Ռուսաստանը պետք է սեփական դերը կատարի` առաջադրելով ուրիշ ճանապարհ` ավանդական արժեքների վրա հիմնված, լիովին տարբեր արևմտյանից: Բայց այդ տարբերությունները Ռուսաստանում ընկալում են միայն իբրև սեռական փոքրամասնությունների ու միասեռ ամուսնությունների մերժում: Ռուսական մշակութային զարգացման հայեցակարգը ստացվել է պաշտպանական շարադրանք, մինչդեռ պետք է առաջադրեր փառավոր մշակույթին արժանի նախագծեր: Հայեցակարգը կենտրոնանում է հասարակական բարեփոխումների վրա, որ հիմնարար չեն ամբողջ աշխարհում, այլ կապված են սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ: Քննադատելով հանդուրժողականությունն ու բազմամշակութայնությունը` հայեցակարգը սեռական փոքրամասնությունների ու միասեռ ամուսնությունների առկայությունը վերագրում է միայն արևմտաեվրոպական կյանքին: Իրականում Ռուսաստանի մշակութային քաղաքականությունը կառուցվում է ոչ թե սեփական մեծության (որ իրական ու աներկբա է) վրա, այլ այն արձագանքների, որ գնահատվում են իբրև «արևմտյան վտանգ»: Միով բանիվ` երկրորդ դրույթը ոչ այնքան ռուսական ճանապարհն է բնորոշում, որքան որ այդ ճանապարհը տարբեր է եվրոպականից:
Երրորդ դրույթը քիչ հայտնի է Արևմուտքում, բայց հանրահայտ է Ռուսաստանում ու հետխորհրդային տարածքում: Եվրասիականությունը 1920-ական թթ. ռուս տարագիրների սկսած շարժումն էր եվրոպական քաղաքներում` Պրահայում, Բեռլինում, Փարիզում: Եվրասիականությունը Ռուսաստանը տեղակայում է ոչ Եվրոպայում, ոչ Ասիայում, այլ ճամփաբաժանին, համարելով երրորդ մայր ցամաք, որ ՈՒրալով ոչ թե բաժանված, այլ միացած է: 20-ական թթ. այն կարծիքին էին, որ թաթար-մոնղոլական լուծը Ռուսաստանի համար ոչ թե ողբերգություն էր, այլ ասիական ոգին` ռուսական մայր ցամաքի, Եվրասիական մայր ցամաքի բաղադրիչ մասը դրսևորելու տարբերակ: Այսօր Ռուսաստանի եվրասիական ոգուն պետք է վերադառնալ` այդ մայր ցամաքի բոլոր ժողովուրդներին միավորելով: Եվրասիականության հայեցակարգի վրա այսօր հնարավոր է կառուցել նոր կայսրություն` ավելի ընդարձակ, քան Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ միախառնված են Արևելքն ու Արևմուտքը` Ռուսաստանի` իբրև երրորդ մայր ցամաքի գաղափարի գերակայությամբ: Պուտինի գաղափարախոսության մասն է Եվրասիական միության ստեղծումը: Նրա համար դա մեծ աշխարհաքաղաքական նախագիծ է, որտեղ պետք է հավաքել Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, ցանկալի է` ՈՒկրաինայի ժողովուրդներին: Վիթխարի նախագիծ:
Պատահական չէ, որ Ռուսաստանում լավ հայտնի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինն իրեն համարում է «նեոեվրասիականության» ռահվիրա, և Եվրասիական միության ստեղծման նպատակ է առաջադրում հակակշիռ դառնալը Ատլանտյան միությանը, որը «ամերիկաեվրոպական կայսրություն է» Դուգինն ու նեոեվրասիականները համոզված են, որ պատերազմ է լինելու Եվրասիական միության, որ կառուցում է Վլադիմիր Պուտինը, և Ատլանտյան կայսրության միջև, որ միավորում է Արևմտյան Եվրոպայի ժողովրդավարական երկրները:
Պուտինը երբեմն արտաբերում է նաև Նիկոլայ Բերդյաևի անունը, հիմնականում հիշատակելով նրա «Անհավասարության փիլիսոփայություն» աշխատությունը, որն առաջադրում է հիերարխիաների գաղափարը, որոնք պետք է հարգել: Բերդյաևը ստեղծագործական ազատության, հավատի ազատության կողմնակից է, փիլիսոփա, որ գոյության հիմնական աղբյուր համարում է ստեղծագործությունն ու ազատությունը: Նրա գաղափարական հենքը տալիս է «մեծ ինկվիզիտոր» Դոստոևսկին: ՈՒստի Բերդյաևին համարել Պուտինի աշխարհայացքի ձևավորողներից մեկը` հակասում է ողջախոհությանը: Այդ հակասության լավագույն օրինակն են Pussy Riot-ի երգչուհիները` նրանք Բերդյաևին հղում անելով են հաստատում, որ եկեղեցում պանկ-աղոթքը ոչ թե սրբապղծություն էր, այլ հավատի ազատության դրսևորում` ստեղծագործական ազատ աղոթք:
Ռուսական փիլիսոփայությունը շատ հարուստ ու բեղուն է` Վլադիմիր Սոլովյովից սկսած մինչև 20-րդ դար, որը վերապրեց խորհրդային իշխանությունը, և ոչ մի կապ չունի նացիոնալիզմի, «իշխանի» տիրապետության փառաբանության հետ: Նիկոլայ Բերդյաևը, Լեոն Շեստովը, սոֆիոլոգները և մյուսները դավանում են ազատության ու ստեղծագործության փիլիսոփայություն, որը չի կարող ներառվել պետական գաղափարախոսության մեջ, որ կառուցում է Պուտինը` հենվելով բացառապես այն փիլիսոփաների վրա, որ կարող են իրեն օգտակար լինել:


ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ռուսաստան-Եվրոպա` իրակա՞ն, թե՞ հնարովի է հակադրությունը` քաղաքական նպատակներով ու օրընթաց քաղաքականության հիմքով: Քաղաքական հարաբերությունները ի վերջո հենվում են քաղաքակրթական արժեքների վրա, ավելի հաճախ` այդ արժեքների կամայական մեկնաբանության: Ինչպես Դուգինը իր նեոասիականությամբ: Այս հարցը առաջիկա տարիներին մեզ համար դառնալու է թիվ մեկը, որովհետև հենց այս հարցի պատասխանն է որոշելու մեր ընթացքն ու ընթացքի հնարավորությունները: Որ Ռուսաստանն իրեն համարում է Երրորդ Հռոմ, ոչ Պուտինի հայտնագործությունն է, ոչ անցյալ, ոչ էլ մեր դարի: Բայց մեր դարում է այդ հասկացությունը ստանալու նոր բովանդակություն: Եթե նոր Երրորդ Հռոմի առաքելությունը լինելու է «սեփական ճանապարհը» հաստատելը, ամեն ինչ վկայում է, որ այդ ճանապարհը տանելու է դեպի նեոկայսրություն, որի կազմում պետությունները կունենան ձևական անկախություն` սեփական դրոշով, զինանշանով ու օրհներգով, սեփական կառավարման համակարգով, որը, սակայն, կհաստատվի Կենտրոնում: Այսօր «սեփական ճանապարհի» գիտակցությունն ընկալվում է իբրև հակադրություն ու հակակշիռ Արևմուտքին, որը հիշեցնում է անցյալ դարի 90-ական թվականների սպառազինությունների մրցավազքը` իր հայտնի ավարտով: Դա դեռ դժբախտության կեսն է, մյուս կեսն այն է, որ հակադրությունը կառուցվում է ոչ թե գոյություն ունեցող արժեքների, այլ այդ արժեքների խեղաթյուրված ընկալման վրա: Եվ դա արդեն ոչ թե փիլիսոփաների, այլ քաղաքականության ներդրումն է ընդհանուր գործին: Եթե ի վերջո «սեփական ճանապարհը» ձևավորվի ոչ թե հակադրության, այլ համադրության հիմքերի վրա, եթե գերիշխի ընկալումը, որ ինչպես տասնամյակներ առաջ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը, իբրև գերտերություններ, ոչ թե միմյանց թշնամի, այլ գործընկեր պիտի լինեին, և Եվրասիական կայսրության ու Ատլանտյան կայսրության վերջնանպատակը միմյանց հետ պատերազմելն ու պատերազմում պարզելը չէ` ո՞վ էր ուժեղ, այլ խաղաղությունն ու համակեցությունը` համագործակցությամբ, նոր Երրորդ Հռոմը կատարած կլինի պատմական առաքելությունը: Երկու ճանապարհները չեն կարող զուգահեռվել, նրանցից մեկը պիտի շարունակվի, մեկը` ընդհատվի: Որը կշարունակվի և որը կընդհատվի, կորոշի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի հետագա ընթացքը: Մեր խնդիրը համակեցության ու համագործակցության հնարավորությունները պահպանելն է, իսկ դա ճարտասանության, մանր-մունր հաշվարկների ու բանսարկությունների շնորհիվ օրընթաց հաջողության գրանցումը չէ` տանուլ տալու հեռանկարով: Առաջին Հռոմը և Երկրորդ Հռոմը ի վերջո դադարեցին գոյություն ունենալ, բայց ոչ պետությունները վերացան, ոչ ժողովուրդներն անհետացան: Փաստորեն, վերջնականապես ու անհետ կորչելն էլ նույնքան դժվար է, որքան կայսրություն կառուցելը: Նաև մեր ժամանակներում: Բաբելոնի աշտարակը չկառուցվեց, որ մարդկությունը ոչ թե վեր խոյանա, այլ տարածվի երկրի վրա, ու լեզուների բաժանումը ամենահանճարեղ որոշումն էր, որ ինքնության ու ինքնատիպության հնարավորություն տվեց աշտարակով դեպի Աստված միտված մարդկության համար: Լեզուների բաժանումը նաև մշակութային ինքնատիպության ձևավորման միջոց էր, բաժանում, որ ոչ թե հակադրում, այլ միավորում է իրականում, նաև ճանապարհ է դեպի Չորրորդ Հռոմ:

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ