ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չինական ավանդական գիտակցության մեջ քաղաքացիությունը կարևոր նշանակություն չունի

Չինական ավանդական գիտակցության մեջ  քաղաքացիությունը կարևոր նշանակություն չունի
24.06.2014 | 00:39

Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջին տարիներին արտասահմանում ապրող չինացիները հայրենակիցներին նվիրել են ավելի քան 90 միլիարդ յուան (14,75 միլիարդ դոլար): ՉԺՀ Պետական խորհրդի մամլո ծառայությունը իրազեկել է, որ այդ գումարները ծախսվել են կրթության, գիտության զարգացման, աղքատներին ու տարերային աղետներից տուժածներին օգնելու համար: Մասնավորապես, Գուանդուն՝ հարավ-չինական նահանգ, որտեղ ամենից շատ են չինացի էմիգրանտները, արտասահմանում ապրող չինացիների դրամական ու նյութական նվիրատվություններից փոխանցվել է ավելի քան 50 միլիարդ յուան: Այդ միջոցները ծախսվել են 33 000 նախագծերի վրա՝ կրթության, առողջապահության, սպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում: Թվում է՝ ինչո՞ւ բոլորովին էլ ոչ աղքատ երկրում, որտեղ պաշտոնապես հաշվվում է 2,9 միլիոն բավականին հարուստ մարդ, որոնց անձնական ակտիվները գերազանցում են 6 միլիոն յուանը կամ 983 000 դոլարը, խրախուսել նման միջոցառումները: Պարզ է, որ փողը երբեք շատ չի լինում, սակայն արտասահմանում ապրող չինացիների նվիրատվությունները և նրանց խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով, իրականում սփյուռքի հետ իրականացվող լավ ծրագրված աշխատանք են: Այդ պատճառով ուզում եմ պատմել աշխարհի ամենաբազմաքանակ սփյուռքի՝ չինականի մասին և այն մասին թե ինչպես է այդ սփյուռքը գործակցում պետության հետ:
Նրանց անվանում են խուացիաո, տարբեր գնահատականներով՝ մինչև 80 միլիոն չինացի, որ ապրում են Չինաստանից դուրս՝ 140 երկրներում, հիմնականում՝ Ամերիկայում, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում: Նրանց թվին են դասվում թե՛ ՉԺՀ-ի քաղաքացիները, որ ժամանակավորապես ապրում են սահմանից անդին, թե՛ ավելի վաղ հեռացածների ժառանգները, որ արդեն այլ երկրների քաղաքացի են: Հատկանշական է ու նաև ուսանելի, որ չինական ավանդական գիտակցության մեջ քաղաքացիությունը կարևոր նշանակություն չունի, ավելի էական է նախնիների ծագումը: Այն պատճառով միայն, որ Չինաստանում է ծնվել ձեր նախապապը, ձեզ կհամարեն երկրի տեղաբնակ: Ավանդույթը խուացիաոներին չի վանում, հակառակը՝ չինացիները նրանց ընկալում են իբրև հայրենակիցների, որ ճակատագրի բերումով հայրենիքից հեռու են ապրում: Չինաստանում չինացու վերադարձը, անգամ մի քանի սերունդ հետո, ընկալվում է իբրև ընտանիքի երջանիկ վերամիավորում:
Երկրի սահմաններից դուրս ապրելը նախընտրող չինացիները հասարակության հարգանքն են վայելում: Դրանով է բացատրվում և չայնաթաունների հոգեբանական ֆենոմենը, որտեղ չինացի էմիգրանտները, որպես կանոն, կոմպակտ բնակավայր են ստեղծում և շատ սերունդների համար պահպանում են իրենց մշակույթը, լեզուն, պահում են ամուր սոցիալական և տնտեսական կապեր և՛ գաղութի ներսում, և՛ հայրենիքի հետ: Մեկ կլանի կամ հողատիրության անդամների միջև ծագում են հատուկ կապեր՝ գուանսի՝ հիմնված վստահության, մշակութային ազգակցության և ավագների հեղինակության ճանաչման վրա: Այդ կապերը գործում են չինական սփյուռքի ներկայացուցչի կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում՝ հնարավորություն տալով նրան լուծելու բիզնեսի, ընտանիքի, կրթության խնդիրները՝ դուրս չգալով գաղութի շրջանակներից: Այդ կապերը հատուկ նշանակություն են ստացել արտասահմանում ապրող չինացիների բիզնեսի զարգացման համար: Խուացիաոների ստեղծած ընկերություններում բաժնետիրական կապիտալը համատեղ է օգտագործվում, խաչաձևվում են դիրեկտորատները, գործարքների կնքման ժամանակ դիմում են նույն վարկատուներին, բանկերին, միջնորդ ու ապահովագրական ընկերություններին: Դա ստեղծում է գործարար շփումների կայուն շրջանակ, որի ներսում են կենտրոնանում չինական կապիտալի շահերը և որտեղ, որպես կանոն, կողմնակի կամ անցանկալի անձինք մուտք չունեն: Հենց դա է չինական գաղութի տնտեսական հաջողության գլխավոր պատճառը՝ անկախ բնակության երկրից: Չինական գործարար ցանցերը գործնականում անխոցելի են անբարենպաստ արտաքին ներգործությունների առաջ, հեշտ ընտելանում են պայմանների ցանկացած փոփոխությանը, և, եթե պետք է, վերականգնվում են նոր տեղում: Ընդ որում, ՉԺՀ-ն բոլորովին չի պնդում նրանց վերադարձը, որովհետև օգուտ, այն էլ ոչ փոքր, նրանք կարող են բերել օտար երկրում ապրելով: Չինական կառավարությունը նույնիսկ խրախուսում ու աջակցում է խուացիաոների կողմից բնակության երկրի քաղաքացիության ընդունումը, ընդ որում, ներկայացնելով մի շարք պահանջներ ու պայմաններ: Ընդգծվում է, օրինակ, որ թեպետ «նա պետք է օգտվի տվյալ երկրի քաղաքացու բոլոր իրավունքներից ու կատարի բոլոր պարտականությունները», սակայն խուացիաոն դրա հետ մեկտեղ «պահպանում է ազգակցական կապը չին ժողովրդի հետ»: Իսկ դրա համար չինական ծագումով չինացիների վրա Չինաստանի տարածքում փաստացի տարածվում են շատ կարևորագույն քաղաքացիական իրավունքներ: Ավելին, ՉԺՀ-ն պաշտպանում է խուացիաոների ներդրումները պետական մակարդակով, մեծ արտոնություններ տալիս նրանց մայրցամաքային Չինաստանում ներդրումներ կատարելիս: Արդյունքում խուացիաոներն արդարացնում են իրենց հետ կապված հույսերը: Փողից բացի, նրանք երկիր են բերել տեխնոլոգիաներ, օգնել են զարգացնել արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, մեծացնել արտահանումը, աճել են տարադրամի ռեզերվները: Հավանաբար պատահական չեն շատ փորձագետներ հենց խուացիաոների ներդրումներն անվանում չինական տնտեսական հրաշքի պատճառ, և առավելագույնս օգուտներ են քաղում դրանից:
Այնուհանդերձ, Պեկինը սովորաբար խուսափում է իր գաղութների ֆինանսական հնարավորությունները հրապարակելուց: Չին գիտնականները նշում են. «Միջազգային հարցերի նրբանկատ բնույթի պատճառով մայրցամաքային Չինաստանը նպատակահարմար չի համարում գնահատել արտասահմանցի չինացիների էկոնոմիկայի ծավալը»: Օտարերկրացի դիտորդները կարծում են, որ չինական սփյուռքի տարեկան ՀՆԱ-ն գերազանցում է 2 տրիլիոն դոլարը: ՉԺՀ-ից դուրս ապրող չինացիները վերահսկում են ակտիվները, որ գնահատվում են մեկուկեսից երկու տրիլիոն դոլար: Մալայզիայի բնակչության մեկ երրորդը չինացի է և վերահսկում է երկրի ազգային հարստության 70 տոկոսը: Թաիլանդում նրանք 15 տոկոս են, բայց վերահսկում են տնտեսության ավելի քան 80 տոկոսը: Ինդոնեզիայում խուացիաոների 4 տոկոսը վերահսկում է տնտեսության 73 տոկոսը, իսկ Ֆիլիպինների ընդամենը մեկ տոկոս չինացիների ձեռքում է ազգային հարստության 60 տոկոսը: Սինգապուրի տնտեսությունն ամբողջությամբ չինական սփյուռքի վերահսկողության տակ է: Ասիացի 100 միլիարդատերերից 39-ը չինացի է: Բավականաչափ տպավորիչ այլ թվեր. ԱՄՆ-ում չինական սփյուռքը 13 միլիոն է: Նյու Յորքի 8 միլիոն բնակիչներից յուրաքանչյուր 23-րդը չինացի է: Նպատակամետ էքսպանսիայի մեջ չկասկածվելու համար նրանք հնարավորն անում են ցուցադրելու կառավարության նկատմամբ իրենց հարգանքը, իսկ էթնիկ հայրենիքի հետ իրենց պահում են անփոփոխ զգույշ, ընդ որում, ընդգծելով, որ իրենք զբաղվում են զուտ բիզնեսով, որ ընդհանուր ոչինչ չունի «Մեծ Չինաստանի» գաղափարի հետ:
Չինական գաղութի անդամների պահվածքը հստակ գծագրել է հայտնի քաղաքական գործիչ Լի Կուան Յուն՝ Սինգապուրի նախկին վարչապետը, ծագումով էթնիկ չինացի: Խնդիրները հարթելու համար նա առաջարկում է հոգ տանել, որ բնակության երկրներում չինացիների կապիտալ ներդրումները չկրճատվեն Չինաստանում կատարած ներդրումների պատճառով, նաև՝ օգտագործել իրենց կապերը Չինաստանում՝ ընդլայնելու Չինաստանի առևտուրը և ներդրումներն այդ երկրներում:
Հետազոտողներն ընդգծում են, որ նոր ալիքի չինացի արտագաղթյալներն առանձնանում են էթնիկ ինքնագիտակցության բարձր մակարդակով: «Նրանց նացիոնալիզմը ժամանակի հետ առավել ծանրակշիռ է դառնում,- նկատում է Շանհայի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգ ՈՒ Ցյանցզինը:- Արտասահմանցի չինացիների նացիոնալիզմը, թեպետ օտարերկրացի չինական հանրության շարժման գլխավոր ուղղությունը չէ, իրենից նշանակալից ուժ է ներկայացնում միջազգային հարաբերություններում»: Հնարավոր հակասությունների վտանգները բնակության երկրում պետք է հաղթահարվեն միայն էթնիկ նացիոնալիզմի և քաղաքացիական լոյալության «խոր ներթափանցման» միջոցով: Իբրև օրինակ՝ էթնիկ չինացիների համաշխարհային ֆեդերացիայի փորձը: Ստեղծված լինելով 1998-ին, ֆեդերացիան բազավորված է ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Կազմակերպության նպատակը արտասահմանաբնակ չինացիների բարգավաճմանը նպաստելն է, նրանց նկատմամբ իրավահավասար վերաբերմունքի համար պայքարը, բացասական կարծրատիպերի հաղթահարումը, չինական համայնքի ներկայացուցիչների մեջ ինքնահարգանքի, արժանապատվության զգացում հաստատելը: Այդ պայմաններում առաջին հայացքից անհնար է թվում սփյուռքը Պեկինի շահերն առաջ մղող դարձնելը: Այնուհանդերձ, իրերի այս վիճակը լիովին բավարարում է ՉԺՀ-ին, իսկ «գաղութային» գիծն առայժմ հիմնականում պահպանողական-պաշտպանիչ է:
Ակնհայտ է, որ խուացիաոների դիրքերն աշխարհում ամրապնդվելու են չինական էկոնոմիկայի աճի համամասնությամբ: Բնորոշ է և հակադարձ կախումը: Ընդ որում, նշվում է, որ չինական սփյուռքի ներուժը հեռու է սպառվելուց: Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Դենի Ռոյի կարծիքով՝ արտասահմանում չինական համայնքի գոյությունը ապահովում է Չինաստանի համար երկարաժամկետ առավելություններ Ասիայում տնտեսական կայսրություններ ստեղծելու մրցակցությունում և նպաստում է նրա դիրքերի ամրապնդմանը համաշխարհային տնտեսության մեջ: Իզուր չեն Չինաստանում ասում. «Որտեղ արևը լուսավորում է, այնտեղ մեր եղբայրներն են»:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ