ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Քառյակի 13-րդ կետը

Քառյակի 13-րդ կետը
13.06.2014 | 01:04

Հունիսի 10-ից քաղաքական ասպարեզի քննարկման թեման ոչիշխանական քառյակի 12 պահանջներն են իշխանությանը, որոնց կատարման ժամանակ է տրվել մինչև հոկտեմբերի 1, գուցե` տարեվերջ: Դեռ մինչև ապրիլի 28-ը քառյակը հայտարարում էր, որ ունի երկիրը ճգնաժամից դուրս բերելու լուրջ տնտեսական ծրագիր, հետո ծրագիրը մոռացվեց: Քառյակը վարչապետի փոփոխությունից հետո երկար պատրաստում էր առաջարկները, նախապես հայտարարելով, որ կատարվեն` երկրում իրավիճակ է փոխվելու, չընդունեն` հանրահավաքների ալիքով իշխանափոխություն է սկսվելու: Երբ առաջարկները հրապարակված են, քառյակը արձանագրում է իր իսկ պահանջներից իր իսկ նահանջը: Պարզ էր, որ ոչիշխանական քառյակը առաջարկները հրապարակումից առաջ համաձայնեցնելու է իշխանության հետ` նախապես ապահովելով կատարելիության որոշակի տոկոս: Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ուստի պաշտոնապես հայտարարված էր նախապատրաստական շրջան, բայց ի պատիվ Հովիկ Աբրահամյանի` շատ արագ հարցը լուծվեց, և իր համար էլ անսպասելի հունիսի 10-ին քառյակը հարկադրված էր հրապարակել 12 ընդհանրական գյուտեր` ակնհայտ դարձնելով 13-րդը, որը չի հրապարակվի, բայց կկատարվի:
Քառյակի 12 առաջարկներն ի հայտ են բերում 12 իրողություններ:
1. Տասներկու առաջարկներն ակներև են դարձնում Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահների անմիջական ներգործության չափը քաղաքականության վրա: Մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ճանապարհային քարտեզ էր գծում, որով Հայաստանը կործանվելու է, ու հավարտ ժամկետ էր սահմանում` մինչև Սահմանադրության հանրաքվե: Այն, ինչ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, և այն քաղաքականությունը, որ վարում է ՀԱԿ-ը, ի հայտ են բերում առաջին նախագահի բացարձակ մենակությունը իր կուսակցության մեջ և նրան դարձնում են զորավար, որ ինքն է իր զինվորը, որովհետև բանակը վաղուց անցել է խրամատի մյուս կողմը` հետևելով իր զորավարի քաղաքագիտական վերլուծություններին: Ավելի շահեկան է Ռոբերտ Քոչարյանի տարբերակը. վերջապես Հայաստանում գործում է կազմակերպված պետություն` նույնքան կազմակերպված ու կառուցողական ընդդիմությամբ, որ իրեն կոչում է ոչիշխանություն, բայց դա մանրուք է, որ պատկերը չի խաթարում: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ սպիտակ ձիու վրա ու հապաղում է ձիու սանձերը բաց թողնել: Նրա X պահը կգա, թե չի գա, կորոշվի X պահին:
2. Հայաստանում վերջապես գծագրվեց քաղաքական դաշտը` ռեալ երկու հատվածով. առաջինում` իշխանությունը և ոչիշխանությունն են, որ այլևս ոչնչով չեն տարբերվում միմյանցից, երկրորդում` ժողովուրդն ու ընդդիմությունը, որ որոնում են միմյանց: Երրորդ ուժ չկա ու չի լինելու:
3. Քառյակը ցրեց իր գոյության և կենսունակության վերջին կասկածները, այլևս պարզ է` ոչիշխանական քառյակ իրականում գոյություն չունի, գոյություն ունի իշխանություն, ում պետք է ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ իշխանական հենարան, որի գործողությունները կառավարելի են: Այս անգամ իշխանությունը ընդդիմությանը չգնեց, ինչ սիրով անում էր Ռոբերտ Քոչարյանը, այս անգամ իշխանությունը գնաց դեպի ընդդիմություն և իր ֆինանսական ու վարչական ռեսուրսներով վերասերեց ընդդիմադիր դաշտը` հերթական ընտրություններում քաղաքական մյուս ուժերը երազելու են իրենց տեսնել կամ ԲՀԿ-ի ցուցակում, կամ ԲՀԿ-ի հովանու տակ: ՀՀԿ-ն իրականում ոչինչ չի կորցրել` ընդամենն ազատվել է բալաստից, որովհետև ՀՀԿ-ԲՀԿ պայքարը միայն առերևույթ է: Բացի այդ, քառյակն ակամա մատնում է Հովիկ Աբրահամյանի հովանու տակ լինելը` իր պահանջներով կրկնելով կառավարության ծրագիրը:
4. Քառյակը բացահայտորեն իրեն է վերագրում քաքացիական նախաձեռնությունների հաջողությունները, փորձելով գոնե այդ ասպարեզում հայտնվել առաջնորդի դերում, բայց ուշացել է: Պահանջելով վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը և աշխատավարձերի պահումները վերադարձնել քաղաքացիներին` քառյակը ջանում է կապվել հասարակության առավել ակտիվ մասի հետ:

Ավելին, քան անում է «Դեմ եմ» շարժումը, քառյակը չի արել ու չի անելու: Նույնը վերաբերում է հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացմանը. որտե՞ղ էր քառյակը, երբ քաղաքացիական ակտիվիստները քաղաքապետի որոշումն էին վիճարկում: Քաղաքացիական շարժումների կուսակցականացումը նշանակելու է վերասերում և ժամանակի հետ իշխանության համար վնասազերծում:
5. Ակնհայտ է, որ քառյակը չի ցանկացել ու չի ցանկանում համակարգային փոփոխություններ և հարմար տեղավորվել է գործող համակարգում: Նրանց իշխանափոխություն պետք չէ սկզբունքորեն, իրենք իշխանության մասն են դարձել: Կա մեկ խնդիր` մինչև ընտրություններ պահպանել ոչիշխանականի իմիջը, որպես կանոն, ցանկացած ընտրությունում ընտրողը ձայն է տալիս ցանկացած ընդդիմության, բայց ոչ իշխանությանը: Քառյակը ձգում է ժամանակը` մինչև հոկտեմբեր, մինչև տարեվերջ, մինչև հանրաքվե… Այս մինչև-ները իրական անելիք չունենալու և գործողությունների պարապը խոսքերի հորձանքով լցնելու հարկադրանքի վկայություն են: Հենց այդ պատճառով նրանք չեն ասում և չեն կարող ասել` ինչ են անելու, եթե իշխանությունը չընդունի իրենց պահանջները: Նախ` չեն կարող խոստովանել, որ իշխանության հետ համաձայնեցված են թե՛ ընդունվելիք, թե՛ չընդունվելիք կետերը, հետո չեն կարող խոստովանել, որ թե Հովիկ Աբրահամյանն է իրենց համար ընդունելի վարչապետ, թե Սերժ Սարգսյանն է այլևս օրինակարգ նախագահ:
6. Հրաժարվելով քաղաքական պահանջներից քառյակը պաշտպանում է հասարակության տարբեր խավերի շահեր` վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը: Խնդիրը կարևոր է, բայց թե այս, թե այսօրինակ մյուս խնդիրների լուծումը ոչ մթնոլորտ է փոխելու երկրում, ոչ իրավիճակ: Ինչպես իրավիճակ չեն փոխելու շրջանառության հարկի դրույքաչափերի եռակի նվազեցումը, ըստ մարզերի համաչափ զարգացման` առաջիկա երեք տարիներին փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնելը, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը դադարեցնելը:
7. Երբ քառյակը պահանջում է կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, բանկերից ձեռք բերել 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները և սահմանել մարման 5-ամյա ժամկետ` առանց տոկոսագումարների հաշվարկման, իսկ 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով, մոռանո՞ւմ է, թե ում ձեռքում է գյուղատնտեսությունը: Թե՞ սա հենց նրանց համար է գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծում: Ի վերջո, ժուժկալությունն էլ սահման ունի` ինչո՞ւ կրկնապատկել և ոչ եռապատկել, յոթնապատկել, տասնապատկել:
8. Ամենավտանգավորը. թե՛ չառաջադրված պահանջները, թե՛ առաջադրվածները վկայում են, որ քառյակը ղեկավարվում է ռուսական շահի թելադրանքով: Ակնհայտ է ոչ միայն «Նաիրիտի» ու «Ռոսնեֆտի» առնչությունը, այլև Որոտանի հէկերի` ԱՄՆ-ին վաճառքի գործարքը խափանելու Ռուսաստանի ձգտումը: Քառյակի ձեռքով կանխվում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման որևէ փորձ: Եվ դա պարզապես անկախության ոտնահարում է:
9. Եթե քառյակին իրապես մտահոգում է Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացումը, եթե քառյակն իրապես անկախ է ու ազնիվ իր մտահոգություններում, նրա 12 պահանջներում պետք է լինեին Մաքսային ու Եվրասիական միությանն անդամակցության քաղաքական գնահատական և տնտեսական հետևանքների հաշվարկ: Անդրադարձ պետք է լիներ Հայաստան-ԵՄ հետագա հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերություններին: Բնավ բացատրություն չէ, որ այս կետերը փոխադարձ ընդունելի կետերն են:
10. Նույնքան անհասկանալի ու աններելի է հայ-իրանական հարաբերությունների քաղաքական գնահատականի բացակայությունը: Թեհրանն այսօր Հայաստանի առաջ համառորեն բացում է անկախության վերականգնման ու քաղաքական, տնտեսական մեկուսացումից դուրս գալու ճանապարհ, որը նույն համառությամբ փակում է Մոսկվան` մրցակից տեսնելով Թեհրանի մեջ, իսկ Երևանը սպասում է, որ Թեհրանն ու Մոսկվան համաձայնության գան` բացարձակապես հրաժարվելով միջպետական հարաբերություններում սուբյեկտի կարգավիճակից:
11. Երբ քառյակը պահանջում է ընդունել փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներով օրենսդրական փաթեթ, կարո՞ղ է նշել գոնե մեկ օրենք, որով մենաշնորհ է սահմանված, կամ կերաշխավորի՞, որ նոր փաթեթը հնարավորություն կստեղծի, որ օրենքը երկրում գործի:
12. Վերջապես, օրենսդրական պահանջները` ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու ու ընտրակեղծքիքները կանխելու քայլերը հին ծրագրերից copy past-ի օրինակ են, նույնը ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը` ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով: Իսկ արտաքին քաղաքական միակ պահանջը` չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն, ուղղակի հռչակագիր է, որ ամենատարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս: Առանց երկմտության քառյակը հայտարարում է, որ ինքն էլ է սկսել ապրել Հ1-ի Հայաստանում, իշխանությանը ներկայացնելով երկրի իրական վիճակի փոփոխմանը ոչ համարժեք պահանջներ, ընդունելով իշխանության խաղի կանոնները և բացարձակապես հրաժարվելով ընդդիմադիրի գործառույթներից: Այսինքն` իշխանությունը հանգիստ ոչիշխանական պլաստիլինից ձուլում է ապահով Հայաստանի ընդհանրական պատկերը, որի խորհրդանիշը քաղաքում մեկը մեկի հետևից քանդվող շինություններն են, որ պատմական հուշարձաններ են, և մեկ էլ Անաստաս Միկոյանի արձանը, որ անհետացել է, բայց դրվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Որ քառյակի 12 պահանջների իրական հեղինակը քառյակի անդամները չեն, վկայում է իրենց իսկ հայտարարության պրեամբուլան. սահմանվում են բոլորովին այլ, իսկապես օրակարգային խնդիրներ, մինչդեռ առաջարկվում են միանգամայն անկապ ու անգործունակ մեխանիզմներ: Ընդունեք, որ նվազագույնը տարօրինակ է: Նույնքան տարօրինակ էր, որ հունիսի 11-ին քառյակի կուսակցությունները խորհրդարանում բոցաշունչ զգետնում էին բյուջեի կատարողականը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, թերևս ի կատարումն Հովիկ Աբրահամյանի պայմանների: Իսկապես հարց է` եթե բոլորդ սուրբ եք, խաչն ո՞վ գողացավ: Իսկ ընդհանրապես հրապարակված տարբերակից բացակայում է քառյակի պահանջների 13-րդ կետը` ձերն ենք ու ձերը և որպեսզի շարունակենք խանգարել ու խափանել ընդդիմության ձևավորման գործընթացը` ավելացրեք վճարը, ինչքա՞ն կարելի է աշխատել Ռուսաստանին նայելով: Բարի եղեք կիսել անաշխատ եկամուտները, մենք էլ կշարունակենք արժեզրկել ձեզ անցանկալի արժեքները: Ի վերջո, մենք նույն նավում ենք, չարի ծառի նույն ճյուղերին, դառնություն է` կվերացնենք: Կարևորը իշխանությունը գոհ է կառուցողական «ընդդիմությունից», թեպետ հավուր պատշաճի կընդունի հանիրավի քննադատվածի կեցվածք ու ծանր-ծանր կքննարկի առաջարկները: Գործ է` անում են: Անկարևորը` հասարակությունը բնավ հիասթափված չէ, վաղուց հիացած չէր: ՈՒստի աշունը կանցնի, ինչպես ամառը: Եվ դա հետևանքն է այն իրողության, որ կարևորն ու անկարևորը այլևս արվում են նույն խարույկում:

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ