ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՈՒկրաինա. արյունահեղությունն ու դեֆակտո իշխանությունների էժանագին խեղկատակությունը շարունակվում են

ՈՒկրաինա. արյունահեղությունն ու  դեֆակտո իշխանությունների էժանագին  խեղկատակությունը շարունակվում են
13.06.2014 | 00:31

Եվ այսպես, հունիսի 7-ին ՈՒկրաինայի դեֆակտո նոր նախագահ Պետրո Պորոշենկոն ստանձնեց պաշտոնավարությունը։ Աշխարհի շատ հեռուստաալիքներ հեռարձակեցին նրա երդմնակալության ճառը, որը լի էր պարզունակ ու էժան ամբոխավարությամբ և հակասություններով։ Բայց, նախ և առաջ, ինչպես հայտնի է, նա ստանձնեց ուկրաինական զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Եվ սա ծայրաստիճան կարևոր հանգամանք է, որովհետև, եթե մայիսի 25-ի կեղծ ընտրությունների օրը և այդ օրվանից հետո Պորոշենկոն դեռ կարող էր իրավաբանորեն սահմանազատվել երկրի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ գործողությունների համար պատասխանատվությունից, ապա հունիսի 7-ից, դատելով այն բանից, որ պատերազմը շարունակվում է, պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է միայն ու միայն Պորոշենկոյի վրա։
Իրավիճակը շատ զարմանալի է։ Եղել են օրեր, երբ ՈՒկրաինան ունեցել է երեք «նախագահ»։ Օրինական, սակայն պաշտոնանկ արված և ճողոպրած Յանուկովիչը, ինքն իրեն նախագահի պաշտոնակատար հռչակած Տուրչինովը, ընտրված, բայց պաշտոնը դեռևս չստանձնած Պորոշենկոն։ Հիմա գոնե երեքից երկուսն է մնացել, և Տուրչինովը կարող է համարձակորեն կապել ճամպրուկներն ու փախչել Արևմուտք։ Փախչել, որովհետև ռազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից նա ևս խույս տալ չի կարող։ Իսկ պատասխանատվությունը վրա կհասնի անխուսափելիորեն, անգամ եթե ուշանա կես կամ մեկ տարի։
Իսկ հարավ-արևելքում կյանքը նույնպես իր հունով է գնում։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները շարունակում են պաշտպանվել։ Շարունակվում է ռուսների և նույնիսկ ռուսախոս ուկրաինացիների հոսքը դեպի Ռուսաստան, անգամ` Բելառուս։ Ես ասացի «անգամ», որովհետև Կիևում Պորոշենկոյի «երդմնակալությանը» մասնակցած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ երբեմն ինքն էլ է «մոռանում» այն նույն սկզբունքները, որոնց վրա խարսխվում է իր հանրապետության ներքին քաղաքականությունը։ Եկեք համեմատենք. ահա հունիսի 8-ին Մինսկում «Տրոստենեց» հուշահամալիրի կառուցման վայրում հուշապարկուճի թաղման արարողության ժամանակ Լուկաշենկոն Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ զրուցելիս սկսեց խոսել նեոֆաշիստների, այլասերվածների, համասեռամոլների, լեսբուհիների մասին, այն մասին, որ «Եվրամիությունը կորցրել է բարոյական հիմքերը և գտնվում է կործանման եզրին», և այսպես շարունակ։ Նույն հանդիպման ժամանակ նա արդարացիորեն ասում է, որ «կատարված ցեղասպանությունը պետք է ընդմիշտ մնա մարդկության հիշողության մեջ, իսկ դարչնագույն ժանտախտի վիրուսի նկատմամբ կայուն իմունիտետ ստեղծվի։ Ցավոք, այդ բանը տեղի չի ունեցել»։ Ահա հենց նա էլ հունիսի 9-ին սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասում է, որ իրեն հասկանալի են Արևմուտքի կողմից իրեն և Բելառուսին ներկայացվող պահանջները, բայց ինքը կտրականապես դեմ է կեղեքիչներին ու Բելառուսում Արևմուտքի տերուտնօրինությանը։ «Չէ՞ որ ես հասկանում եմ, թե ինչ են նրանք ուզում ինձնից և ինչ են ուզում Բելառուսից։ Ես երբեք նման քայլի չեմ դիմի և թույլ չեմ տա, որ նրանք այստեղ տերուտնօրինություն անեն»։
Եվ ահա հենց նա հունիսի 7-ին Կիևում ուկրաինական լրատվամիջոցների առջև ճամարտակում և արդարացնում է մանկահասակ աղջնակների և մեծերի սպանությունը հարավ-արևելքում, ինչպես նաև ամբողջ պատժիչ գործողությունը, նախապես վերապահելով, թե, իբր, ինքը «մեծ փորձագետ չէ» ՈՒկրաինայի հարավ-արևելքի հարցում։ «Ես այնքան էլ լավ չեմ տիրապետում անգամ Կիևի իրադրության նրբություններին, էլ չեմ խոսում ՈՒկրաինայի հարավ-արևելքի մասին։ Դրա համար էլ ինձ վրա փորձագետի ֆունկցիա չեմ վերցնում»։ Ավելին, Կիևին «խորհուրդ» է տալիս «հանգիստ, զգույշ, նպատակասլաց առաջ տանել իր գիծը, առանց հարձակումների, առանց Ղրիմի առնչությամբ «վիրավորանքների», որովհետև, իբր, «դեֆակտո այն այսօր պատկանում է Ռուսաստանին, դեյուրե նման որոշում չի եղել»։ Բելառուսի նախագահը, պարզվում է, Ղրիմում ու Դոնբասում կայացած հանրաքվեները «իրավաբանական որոշումներ» չի համարում։ Այդպիսիք չի համարում նաև Ղրիմի իշխանության տեղական մարմինների որոշումները` ում են պետք, որ։ Նա «չի տեսնում» նաև Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը վերամիավորելու մասին ՌԴ նախագահի հրամանագիրը։ Իսկ ի՞նչ է տեսնում։ Յուրայինների` բելառուսների հետ խոսելիս նա անարգանքի սյունին է գամում Եվրամիությանն ու նեոֆաշիզմը։ Իսկ ահա ՈՒկրաինայում նա ոչ մի նեոֆաշիզմ էլ չի տեսնում, թեև դա շատ բացահայտ է. նա պետք է իմանա, թե Մեծ հայրենականի ժամանակ ով է հրի մատնել բելառուսական Խատին գյուղը։ Չի տեսնում նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջամտությունը փետրվարին Կիևում տեղի ունեցած իրադարձություններին։ Տարօրինակ տեսողություն ունի Բելառուսի նախագահը։ Ինչպես տեսնում ենք, նա «տեսողության խնդիր ունի» ոչ միայն Հայաստանի ու Արցախի առնչությամբ, «տեսնելով» բացառապես միայն խնդրի ադրբեջանական «վարկածը»։
Սակայն Աստված Լուկաշենկոյի հետ։ Նա ոչ առաջինը, ոչ էլ վերջինն է փորձում «պոչ խաղացնել» մինչև վերջին պահը։ Ցավոք, ստիպված ես նաև նման ձևակերպում օգտագործել Բելառուսի նախագահի վարքագիծը գնահատելու համար։ Հարցը նաև ՈՒկրաինայի իրադրությանը նրա գնահատականը չէ։ Խնդիրն այն է, որ Պորոշենկոն հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ իրականացվող պատժիչ գործողությունները «ևս մեկ շաբաթ» շարունակելու մասին։ Դե հասկանալի է, նրան պետք են հնարավորինս շատ սպանվածներ ու փախածներ, չէ՞ որ «երդմնակալության» ճառում հայտարարել էր, որ շուտով գալու է Դոնբաս։ Այնտեղ, որտեղ նրան ոչ միայն չեն սպասում, այլև տեսնել իսկ չեն ուզում։ Այնտեղ, որտեղից փախել են Պորոշենկոյի մերձավոր օլիգարխներ Ահմետովը, Տարուտան և ոմն Վլադիմիր Լանդիկ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ¤ իշխանությունները վաղուց հայտարարել են այն մասին, որ փորձելու են ազգայնացնել Տարուտայի ու Ահմետովի սեփականությունը։ Հասկանալի է, որ դա հեշտ չէ և երկար կտևի։ Այդ երկուսի մասին շատ ընթերցողներ գիտեն. նրանց անունները տարփողվել են լրատվամիջոցներում, ՈՒկրաինայից հեռարձակվող հեռուստահաղորդումներում։ ՈՒստի հակիրճ` պան Լանդիկի մասին։
Լանդիկը վերահսկում էր Լուգանսկի մարզի ամբողջ մանրածախ առևտուրը։ Մինչև վերջերս ապրանքաշրջանառությունից շոշափելի մասհանումներ էին հոսում Կիև` շրջանցելով Լուգանսկը։ «Ռեգիոնների կուսակցության» նախկին նշանավոր գործիչ Լանդիկը Կիևում տեղի ունեցած պետհեղաշրջումից հետո որոշեց աջակցել նոր վարչակարգին։ Օլիգարխին պատկանող տեղեկատվական հոլդինգը, որի մեջ մտնում էին «Իռտա» հեռուստաալիքը, ռուսական «Եվրոպա պլյուս» և «Ռադիո շանսոն» ռադիոկայանների Լուգանսկի մասնաճյուղերը, «Իռտաֆաքս» լրատվական գործակալության տարածաշրջանային ներկայացուցչությունը, «Վեչերնի Լուգանսկ» թերթը, տեղեկատվական պատերազմ սկսեց Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) դեմ։ Եվ ահա հանգուցալուծումը` հունիսի 7-ին հրամանագիր ստորագրվեց Լանդիկի ունեցվածքի ու ակտիվների ազգայնացման մասին։ Սկզբի համար ազգայնացվեց կիևամետ քարոզչության գլխավոր խոսափողը` օլիգարխին պատկանող «Իռտա» հեռուստաալիքը, որի հիման վրա ծրագրվում է ստեղծել ԼԺՀ-ի պետական մեդիահոլդինգ։ Եկել է նաև Լուգանսկի մարզային սպառողական միության հերթը։ Առայժմ դեռ Լանդիկին են պատկանում Ստարոբելսկի մեխանիկական գործարանը, Կենտրոնական շուկայի 33 %-ը, «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնը, առևտրի անշարժ գույքի շատ օբյեկտներ և մոտ 100 հեկտար հող Լուգանսկի մարզում։ Նրա կարողությունը գնահատվում է 61 մլն դոլար։
Ինչպես շատերը հասկանում են, Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ՈՒկրաինայի և առավել ևս նրա բնակչության ճակատագիրը ուկրաինացիների ձեռքից անցավ օտար տերությունների ձեռքը։ Եվ այդ բանը բացահայտորեն ցույց տվեցին դեռևս ֆրանսիական Նորմանդիայում անցկացված հանդիսությունները։ (Իսկ սեպտեմբերին տեղի է ունենալու Շոտլանդիայի անկախության վերականգնման հանրաքվե, և ո՞վ գիտե, շոտլանդացիների օրինակը վարակիչ չի՞ լինի, արդյոք, Եվրոպայի այլ տարածաշրջանների համար)։ Նորմանդիայում էին գտնվում համարյա բոլոր նրանք, ովքեր հիմա այսպես թե այնպես զբաղված են ՈՒկրաինայի խնդրով։ Իհարկե, Պորոշենկոն էլ էր այնտեղ։ Նորմանդիայում նա իրեն ավելի քան համեստ էր պահում, անգամ այն պարագայում, երբ նրան ջանադրաբար դեպի Պուտինն էին ուղղորդում Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը։ Իսկ Կիևում նա ներքին նեոֆաշիստական լսարանի և օտարերկրացի հյուրերի համար երդմամբ խոստացավ «վերադարձնել Ղրիմը» և այլն։ Դե հիմա ո՞նց է լինելու, Պորոշենկո՞ն էլ է Լուկաշենկոյի նման «համ նալին, համ մեխին խփելու»։ Բայց այն, ինչ տարիներ ի վեր ներվում է Լուկաշենկոյին, հազիվ թե «մոռացվի» Պորոշենկոյի պարագայում։ Ախր Լուկաշենկոն Բելառուսում ոչ ոքի դեմ բանակային գործողություններ չի ծավալում, փոքր երեխաներ չի սպանում։
Ահա թե ինչու և՛ ՈՒկրաինայի առնչությամբ Նորմանդիայում տեղի ունեցած հանդիպումների, և՛ Կիևում Պորոշենկոյի «երդմնակալության» արդյունքն առայժմ կեղծիքն է։ Քաղաքականության նենգափոխումը։ Հասկանալի է, որ հիմա բոլոր արտաքին «դերակատարներն» ՈՒկրաինայում «սպասում» են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քաղաքացիների դեմ իրականացվող պատժիչ միջոցառումների շարունակման հայտարարված շաբաթին։ Իհարկե, ամերիկացիներն էլ տեղում չեն դոփում։ Ահա Վիկտորյա Նուլանդը բառացիորեն նետվեց գաղտնի բանակցություններ վարելու Օդեսայի նոր իշխանությունների հետ։ Եվ հենց այն օրը, երբ տեղի հասարակայնությունը փողոց էր դուրս եկել` ի հիշատակ Արհմիությունների տանը ողջակիզվածների։ Երեսպաշտ ամերիկուհին, իհարկե, չգնաց հիշատակի մոմ վառելու ողբերգության մոխրակույտերին, ինչի՞ն էր պետք։ Ինչո՞ւ պետք է հետաքրքրվեր այն հիսուն մարդու ճակատագրով, ովքեր անհետ կորան այդ նույն Արհմիությունների տանը։ Նա գաղտնի բանակցություններ էր վարում հենց «Աջ հատվածի» նեոֆաշիստների հետ։ Հենց վերջերս։ Ի դեպ, մեկ էլ հիշեցնեմ. թե՛ զոհվածների, թե՛ անհետ կորածների մեջ կան մեր հայրենակից հայ օդեսացիներ։ Այնպես որ, մենք էլ սպասենք «ևս 7 օր», մնացած աշխարհի նման։ Միաժամանակ հիանալի հասկանալով, որ ՈՒկրաինայի ճգնաժամի ոչ մի լուծում չի լինի, կլինի միայն Արևմուտքի և Կիևի դեֆակտո նոր իշխանությունների խաբեության շարունակում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ