ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ապագային միշտ ուղեկցում են իր ստվերները

Ապագային միշտ  ուղեկցում են իր ստվերները
29.04.2014 | 00:59

ՀՀ նոր կառավարության նշանակման վերջին ժամկետը մայիսի 3-ն է: 19 նախարարներից 14-ն անցած շաբաթ արդեն գործում էին: Նոր նախարարները. առողջապահության՝ Արմեն Մուրադյան, էկոնոմիկայի՝ Կարեն Ճշմարիտյան, քաղաքաշինության՝ Նարեկ Սարգսյան, ֆինանսների՝ Գագիկ Խաչատրյան, աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Դավիթ Հարությունյան: Հինգ նորանշանակ նախարար, երկուսը նախկինում պաշտոնավարել են, մեկը գլխավորել է պետական եկամուտների կոմիտեն, նոր են միայն Արմեն Մուրադյանն ու Նարեկ Սարգսյանը, ում նշանակումը առայժմ ամենախնդրահարույցն է: Ակնհայտ է, որ նոր կառավարությունը լինելու է միակուսակցական՝ մեկ: Որ նորը լավ մոռացված հինն է՝ երկու: Որ էական փոփոխություններ չեղան ու չեն լինելու, պարզապես լինում են վերանշանակումներ ու փոխատեղումներ՝ երեք: Որ 100 օր պետք չէ սպասել նոր կառավարությանը գնահատական տալու համար՝ չորս: Որ միակ անակնկալը ՕԵԿ-ի` նոր կոալիցիայի մաս չկազմելու որոշումն է՝ հինգ: Որ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ասաց՝ ես, միևնույն է, վերադառնալու եմ, սահմանադրական որևէ փոփոխություն հետադարձ ուժ չունի՝ վեց: Որ նոր վարչապետը գերազանցելու է ՀՀ ամենապոպուլիստ կուսակցությանը՝ ՕԵԿ-ին, ու նույն արդյունքով, ինչ ՕԵԿ-ի պատմական պոպուլիզմն էր՝ յոթ: Որ ոչիշխանական քառյակը շարունակելու է գործել իներցիայով, արդեն օրակարգ չունենալով՝ ութ: Որ նոր կառավարության նշանակումը և ընթացիկ բոլոր իրադարձությունները քաղաքական դաշտում պարզություն բերում են, բայց վերջնական պատկեր՝ ոչ՝ ինը: Կառավարության ամբողջ կազմը այնքան հետաքրքիր չէ, որքան՝ ո՞վ է լինելու Անվտանգության խորհրդի նոր քարտուղարը, և ո՞վ է լինելու ՊԵԿ-ի նախագահը՝ տասը:
«Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության հրաժարականից հետո, երբ դեռ նոր վարչապետ նշանակված չէր: Հետո խոստացավ, որ նոր վարչապետը ընդունելի կլինի քաղաքական ուժերի համար: Ընդունելի վարչապետը՝ ենթադրում էր կոալիցիոն կառավարություն: Խորհրդարանական քաղաքական ուժերը, սակայն, հերթով հեռացան՝ այդ պատիվը թողնելով միայն ՀՀԿ-ին: Նոր վարչապետին առաջինը «չընդունեց» ԲՀԿ-ն՝ մերժելով կոալիցիայի մաս կազմելու հեռանկարը: ՀԱԿ-ը ի սկզբանե հրաժարվեց այդ թեմայով քննարկումներից: «Ժառանգությունը» ևս իրեն կառավարությունում չտեսավ: ՕԵԿ-ն իր ամբիցիաների հետևից հեռացավ դեպի ընդդիմություն: Ամենավերջինը գնաց ՀՅԴ-ն՝ կիսաբաց թողնելով դուռը իր 7 առաջարկների երբևէ ընդունման շրջագծում: Ահա այսպիսի «էական փոփոխություններ» ու այսպիսի «ընդունելի վարչապետ»: Փաստորեն, կատարվել է սխալ հաշվարկ, կամ փոխվել է իրավիճակ, որ ճիշտ հաշվարկը չի գործում: Առայժմ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 16 օրերին հասցրել է բազում հանդիպումներ ունենալ ու հայտարարություններ անել՝ խորհրդավոր ու հակասական: Գուցե՝ հուսատու, գուցե՝ ոչ այնքան: Համենայն դեպս, նրանց համար, ովքեր քաղաքականության մեջ սկսել են գնահատել ոչ թե քայլերը, այլ արդյունքները: Իսկ ի՞նչ արդյունքներ պիտի ունենա նոր կառավարությունը իր հին նախարարներով ու «էական» փոփոխություններով, որտեղ էականը կադրային բանկի բացահայտ սնանկությունն է: ՀՀԿ քաղաքական էլիտան իրենից դուրս օտար «մարմիններ» չի ընդունում և բարձրագույն պաշտոններում պատրաստ է տեսնել նույն մարդկանց, ովքեր իրենց մեղքի 1/19 բաժինն ունեն 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի ձախողման, հռչակված, բայց անհայտ ու անորոշ մնացող բարեփոխումների ճակատագրի, տնտեսության չդիվերսիֆիկացման, արտագաղթի, կենսամակարդակի անշեղ անկման ու «փայլուն» ձեռքբերումների, որոնց հետևանքով Հայաստանում այսօր մեծագույն ձեռքբերում են համարում, որ Ռուսաստանի հետ պայմանավորվել են հայերին չվտարել:

Չէ՞ որ դա ազգային աղետ կլինի՝ ոչ միայն տուն կվերադառնան, այլև տրանսֆերտները կկտրվեն: Փոխշահավետ ձեռքբերում՝ իր «մեծահոգության» դիմաց Ռուսաստանն առանց ջանքերի ստանում է ոչ միայն էժան ու հնազանդ աշխատուժ, այլև Հայաստանի հասարակական կարծիքը տնտեսապես կառավարելու անփոփոխ ազդեցիկ ուժ՝ ի դեմս նրանց ընտանիքների, ովքեր ապրում են Ռուսաստանում աշխատող հարազատների հաշվին: 2,5 միլիոն հայ Ռուսաստանում խաղում է նույն դերը, ինչ ռուսական ռազմաբազան Գյումրիում՝ Հայաստանը ևս մի քանի տասնամյակ պահելու ռուսական ուղեգծում, նույնիսկ եթե փոխվի քաղաքական իշխանությունը, նույնիսկ եթե քաղաքական իշխանությունը հանդգնի համադրել ռուսական ուղղությունը արևմտյանի հետ: Գործնականում: Հայտարարությունների մակարդակով՝ որքան ասես, դա նույնիսկ ժողովրդավարության անշեղ զարգացման իմիջ է ապահովում: Գործնական որևէ քայլ կպատժվի: Որովհետև Ռուսաստանը, խորհրդային ժամանակների կարծրացած ու անշեղ միագիծ մտածողության ժառանգորդ լինելով, վստահ ու համոզված է, որ ամբողջ աշխարհի միակ մտահոգությունն ու գործը իրեն հակառակվելն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես էլ փաթեթավորի արտաքին քաղաքականությունը, ունի մեկ սկզբունք՝ ինձ հետ չեք, իմ դեմ եք: Խնդիրն ուկրաինական դեպքերի պատճառով սահմանված պատժամիջոցները չեն կամ էլ պետական բարդույթավորվածությունը: Փաստացի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված նոր աշխարհակարգը չարմատավորվեց, չգործեց ու արագ հանգեցրեց սառը պատերազմի: Սառը պատերազմի ավարտը ևս չպարզեց հարաբերությունների իրական պատկերը, ուժերի վերադասավորումը շարունակվում է: ԽՍՀՄ-ի փլուզումը քաղաքական փաստ էր՝ ի հետևանս տնտեսական փլուզման: Հետխորհրդային տարածքում ձևավորված նոր պետությունները (բացառությամբ մերձբալթյան երկրների, Վրաստանի, ՈՒկրաինայի) մնացին ու շարունակեցին ապրել հին համակարգում, որ պաշտոնապես գոյություն չունի, բայց գործում է, Կրեմլը շարունակում է իրեն համարել Կենտրոն ու պարտադրում է իր կամքը սատելիտներին: Երբ անցյալ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, քաղաքական դաշտն ու ընդհանրական միտքը հևիհև նետվեցին հաշվարկելու քայլի տնտեսական ձեռքբերումներն ու կորուստները: Հաշվում են մինչև հիմա՝ փորձելով իրենք իրենց ու հասարակությանն ընտելացնել, որ սկզբում մեծ են լինելու կորուստները, փոխարենը հետո` ձեռքբերումները: Մինչդեռ այդ որոշման տնտեսական հետևանքներն ամենաանկարևորն են՝ համեմատած քաղաքական հետևանքների հետ: Այն է՝ Հայաստանն այլևս չի կառավարվելու Հայաստանում, Հայաստանն արդեն չի կառավարվում Հայաստանում: Թեպետ որևէ իրավական փաստաթուղթ ստորագրված չէ ու չի էլ ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կհաստատի Հայաստանի անկախության կորուստը: Դա Կրեմլին բոլորովին պետք չէ: Կրեմլին պետք է ունենալ իրավունքներ, իսկ պատասխանատվությունը թողնել տեղական իշխանության վրա: Իր անկախության անցած տասնամյակներում Մոսկվան այդպես էլ չընտելացավ «գործընկեր» գաղափարին միջպետական հարաբերություններում, ժամանակակից Ռուսաստանի քաղաքական բառարանում «գործընկեր» նշանակում է միջոց, որ պետք է ապահովի Ռուսաստանի կենսական շահի գերակայությունը: Եթե որևէ երկիր «գործընկերոջ» այլ մեկնություն ունի, ուրեմն ունի անհաղթահարելի պրոբլեմներ Ռուսաստանի հետ: Սկսած Բելառուսից ու ողջ շրջագծով պտտված մինչև ՈՒկրաինա: Բայց դա չի ընկալվում:
Սահմանադրական փոփոխությունների թեման ևս չընկալվեց իր հրատապության, անխուսափելիության ու անհրաժեշտության լուսապսակով: ԲՀԿ-ն, որ մեկ տարի առաջ կողմ էր, հիմա, պարզվեց, դեմ է (որովհետև դեմ է Ռոբերտ Քոչարյանը), ՀԱԿ-ը դեմ է, ՕԵԿ-ը դեմ է, միայն ՀՅԴ-ն է կարևորում անցումը խորհրդարանական կառավարման համակարգի, այսինքն՝ ՀՀԿ-ն կիսամենակ է իրականացնելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ ի սկզբանե դեմ ունենալով նաև ՀՀ նախագահին:
Ապրիլի վերջին քաղաքական մաթեմատիկան իր գումարում-հանումներով հանգում է մեկ հայտնիի. առաջին նախագահը ակտիվ քաղաքականություն չի վերադառնա և նախագահական հավակնություններ չի ներկայացնի, երրորդ նախագահը քաղաքականությունից կհեռանա՝ նա չի լինի ոչ նախագահ, ոչ վարչապետ՝ օգտվելով սահմանադրության փոփոխությունից, քաղաքականություն կվերադառնա երկրորդ նախագահը: Նա հրաժարվում է վոինի իմիջից և այլևս ներկայանում է իբրև նոր ժամանակների խոր մտածող, սահմանադրագետ, անկեղծ մտահոգության տեր ու լավագույն ապագայի երաշխավոր: Իր նոր իմիջը հետայսու էլ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար կամրապնդի հարցազրույցներով՝ անձամբ կամ իր անունից պատասխանելով իր ընտրած հարցերին: Կամ հատկապես այն հարցերին, որ իրենց հուզական ու հրապարակախոսական ելույթներով բարձրացնում են ԲՀԿ-ի պատգամավորները: Իր վերջին հարցազրույցով նա պարզ ասաց, որ Հայաստանի ապագան տեսնում է իրենով ու միայն իր ղեկավարությամբ, իսկ մեխանիզմը, որ իրեն իշխանության է բերելու, լինելու է ԲՀԿ-ն: Հենց այդ պատճառով ԲՀԿ-ն կլինի ոչ իշխանության հետ (որպեսզի չվարկաբեկվի որպես «նախորդ հանցավոր ռեժիմի» հետ համագործակցող ուժ), ոչ ընդդիմության (որպեսզի ընդդիմադիր դաշտում մյուսներին պահի կառավարելիության հարթության մեջ), այլընտրանքը այն ոսկե միջինն է, որ բոլորեքյան բավարարում է: Ոչ միայն Հայաստանում, այլև (որ ավելի կարևոր է) Ռուսաստանում: Նոր ու միակուսակցական կառավարությունը գործնականում մնալու է անքննադատ՝ ի դեմս ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի (մյուսներն էլ հայտնի չէ՝ ինչ դիրք կունենան), խորհրդարանական անհաշտ ընդդիմության ամբիոնը կգրավի ՕԵԿ-ը: Նրանք 100 օր էլ չեն սպասի, նրանք կասեն այն, ինչի մասին 6 տարի լռել են ու կասեն համոզիչ, սպառիչ, տպավորիչ: Նրանք չեն քննադատի միայն Սերժ Սարգսյանին, նա հեռանալու է, ինչո՞ւ փամփուշտ ծախսել դատարկ կրակոցների վրա: Բավարար է, որ ՕԵԿ-ն ինքն իրեն տեսնում է ընդդիմադիր դաշտում, ավելին՝ խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժն է, որ պատրաստվում է գործել ոչ միայն արևմտամետ ընդդիմադիր նիշայում, այլև Ռոբերտ Քոչարյանի նախագահական հավակնությունների դեմ՝ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու ունենալով Արթուր Բաղդասարյանին, որ մինչև հերթական ընտրություններ կփորձի գործարկել հին՝ արևմտյան կապերը (որ ստեղծել էր իբրև ԱԺ ամենաերիտասարդ նախագահ) և չվտանգել նորերը՝ ռուսականը (որ խորացրել է ԱԽ քարտուղարի պաշտոնում) հավասարակշռելով հակազդեցությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 28-ին ոչիշխանական քառյակը պատրաստվում էր բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը: Ապրիլի 3-ին վարչապետը հրաժարական տվեց: Աստծուն ուզում ես ծիծաղեցնել, պատմիր ծրագրերդ: Հերթական քառօրյան եղավ ոչ թե կառավարության հրաժարականի հարցի քննարկման, այլ ԱԺ նոր նախագահի ընտրության: ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի՝ ինչպես նախօրեին որոշեց ՀՀԿ գործադիր մարմինը: Կառավարությունում ու խորհրդարանում սկսվելու են նոր ժամանակներ, բայց հին՝ նոր: Պատճառներն ու հետևանքները տեսեք այն տասը կետերում, որոնցով սկսվում է սույն հրապարակումը: Իսկ եթե գործող կառավարությունը իրեն չարդարացնի, սեպտեմբերին, ամենաուշը՝ հունվարին, ի հայտ կգան «էական փոփոխությունները» ի հետևանս տնտեսական աճի անշեղ որոնման ու Հայաստանի եվրասիականացման: Ինչքա՞ն կարելի է գայթել սեփական ոտնահետքերի վրա: Ապագան ունի իր ստվերները, բայց որտե՞ղ են գործող անձինք: Թե՞ ապահով Հայաստանում շարժումն ունի միայն մեկ ուղղություն՝ դարձ ի շրջանս յուր:

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ