ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եվրոպայում ջինը շշից բաց է թողնվում

Եվրոպայում ջինը շշից բաց է թողնվում
22.11.2013 | 00:26

Գլոբալ խաղում տեղի ունեցող դասավորությունների արագությունը շատերի ենթագիտակցությունն է սևեռել նախորդ դարասկզբի` Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող նույնական «եռուզեռի» վրա:
Չնայած այն հանգամանքին, որ փոփոխվող աշխարհում այլևս արդի չեն ոչ միայն «կալաշնիկովները», այլև միջուկային զենքերը, որովհետև կա համակարգիչ, և մեկ վիրուսով ոչ միայն կարող ես ամբողջական երկրներ ու համակարգեր, այդ թվում և նույն միջուկային զենքերը շարքից հանել, այնուհանդերձ, դասավորությունները, որ այսօր ընթանում են բոլոր ուղղություններով, ինչ-որ չարագուշակ, անորսալի բան ունեն իրենց խորքում հենց միայն այն պատճառով, որ «պատից կախվող» այդ «դասավորությունները», ինչպես ամեն մի հրացան, մի օր «կրակելու» են:
Ասել` խելագար այս աժիոտաժը պայմանավորված է լոկ վիլնյուսյան գագաթնաժողովով, նշանակում է ոչինչ չասել: Որովհետև ու հաստատապես` մեկ օրվա մեջ և՛ Նաթանյահուին, և՛ Էրդողանին ընդունող, Իրանի ու Սիրիայի խնդիրներով նրանց հետ պայմանավորվող Պուտինը լավ գիտի՝ ինչպես քաշել Յանուկովիչի «գյամերը», ուստի Վիլնյուսից մեծ անհանգստություններ ունենալ չի կարող: Բայց և ՌԴ նախագահը հընթացս կորցրել է Եվրոպայի իր ամենաջերմ համախոհին` ֆրաու Մերկելին. Մերկելը գերմանական դաժանությամբ, հատուկ իր ընկեր Վլադիմիրի համար արձանագրել է` ամեն ինչ անելու ենք Արևելյան գործընկերության երկրները Ռուսաստանից պաշտպանելու համար:
Ի՞նչ է սա նշանակում: ԱՄՆ-ը Եվրոպայում ջինը շշից բա՞ց է թողնում, ի դեմս մինչ այդ Ռուսաստանին հավասարակշռող, նրա բարեկամ (բայց և` երբեմնի ֆաշիստական), Առաջին և Երկրորդ համաշխարհայիններում ուղիղ Ռուսիայի դեմ կանգնած` իր պատերի բոլոր հրացաններից Ռուսաստանի ուղղությամբ կրակող Գերմանիայի։ Շատերն են այսօր զուգահեռներ անցկացնում այդ պատերազմների, դրանց պատճառահետևանքային կապերի և այսօրվա միջև` ելնելով նաև այն հանգամանքից, որ Բրիտանիան հանել է իր զորքերը Գերմանիայից, ինչն էլ կարող է նշանակել, որ էլի ու էլի, ինչպես այն օրերին, թողնում են Գերմանիան «աճի» որպես Ռուսաստանի հակակշիռ:
Հասկանալի է, Ռուսաստանն այսօր այն չէ, որ վերցնի ու կանգնի Արևմուտքին դեմ առ դեմ: Բայց Արևմուտքն էլ ելնում է այն հաշվարկից, որ եթե Պուտինին հաջողվի այսպիսի բռնաճնշումներով, ինչպես վարվում է ՈՒկրաինայի, ինչպես վարվեց մեզ հետ, հետո էլ, ասենք Վրաստանի ու այլոց, ապա իրեն այլ բան չի մնա, եթե ոչ մեծ պարտիա սկսել Ռուսաստանի դեմ: Բայց դեռ բանը դրան չի հասել: Կարծում ենք` չի էլ հասնի:
Զի Արևմուտքը դանդաղ է շտապում: Նախ, բոլոր դեպքերում, սպասում է Վիլնյուսում տեղի ունեցողին: Հետո կառուցողականորեն բանակցում է Իրանի հետ: Սպասում է Սիրիայում նախագահական ընտություններին, որ հասկանա, թե այնտեղ ինչ է անելու: Եվրոպայում, արդեն ասացինք, ազատ է արձակում Մերկելի ձեռքերը, որպեսզի նա կանացիորեն հուզական «դընգի» ամուրի Պուտինին: Իսրայելին հնարավորություն է տալիս հրեորեն խորամանկ բանակցելու Պուտինի հետ: Կիևում հայտարարում է ՎՈՒԱՄ-ի վերակենդանացման մասին: Սերժ Սարգսյանին-Ալիևին հանդիպեցնում է Վիեննայում, այնտեղից Ալիև Իլհամին ուղարկում է ֆրաու Մերկելի մոտ` «ինստրուկտաժի», ամեն ինչ անում է, որ Սերժ Ազատիչը Պուտինից ազատ ժամին` նոյեմբերի 29-ին, անպայման մեկնի Վիլնյուս, ինչ կստորագրի-չի ստորագրի, էական չէ, կարևորը, Պուտինի այցից «հինգ րոպե» առաջ լինի Յուրոփում:
Եվ վերջապես, Յուրոփը Հայաստան է «գործուղում» Թուրքիո արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որը «թեզեր» է արձակում Ղարաբաղի մասին, բայց հոգին նրա ասում է` դա անում ենք ընդամենը Յուրոփի հետ բանակցություններում «բիր, իքի, ուչ, դորդ» ունենալու համար: Բայց դե, որ ուզում է գա Հայաստան, թող գա:
Չնայած գալիս է, որ ի՞նչ անի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ.- Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՈՒկրաինան հրաժարվում է ասոցացման պայմանագրի ստորագրումից:

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ