Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած  պաշտոնական անձինք  պետք է կրեն խիստ պատիժ»

«Պետական բյուջեի  միջոցները երբևիցե մսխած  պաշտոնական անձինք  պետք է կրեն խիստ պատիժ»
21.06.2013 | 01:37

ԱԺ-ում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի զեկույցն ու գնահատականներն իսկական քաղաքական երկրաշարժ առաջացրին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Զաքարյանի գնահատականների վրա, հայտարարեց, թե պետական բյուջեն թալանվում է, և պաշտոնյաները պետք է պատասխան տան: Իհարկե, մամուլն ու սոցիալական ցանցերի օգտատերերն անմիջապես արձագանքեցին այս հայտարարություններին, թե, իբր, բոլոր պաշտոնյաներն ու նրանց շրջապատը ևս սրբեր չեն և տարիներ շարունակ մասնակցել են պետական բյուջեի մսխմանը: Առաջին հայացքից, կարելի էր այս գործընթացին հանգիստ վերաբերվել, քանզի գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախության շրջանում պետական բյուջեի ծախսային մասը ռիսկային է եղել, և ցայսօր էլ բյուջեի կատարողականը, պետական գնումների և շինարարության հատվածը ոչ միայն իդեալական չեն, այլև ոլորտում առկա են դեռևս չլուծված բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ, որոնց պատճառով էլ պետական բյուջեի հաշվին ոմանք հսկայական կապիտալ են կուտակում:
Սակայն կառավարության արձագանքը շոկային էր: ԱԺ ամբիոնից փոխվարչապետի ելույթն ապացուցում է, որ ՎՊ նախագահի ելույթը խիստ սուբյեկտիվ է` պարունակելով վիճելի և քաղաքական խաղարկման տարրեր: Պարզվում է, որ ՎՊ-ի ներկայացրած «թալանի» դեպքերի մեծամասնությունը բացահայտվել է հենց գործադիր իշխանության ստուգող և վերահսկող ինստիտուտների կողմից, որոնց զեկույցների վրա էլ ՎՊ-ն իր զեկույցն է կառուցել, իսկ «բացահայտված» մի շարք դեպքեր ընդհանրապես չեն համապատասխանում ո՛չ օրենքին, ո՛չ էլ տրամաբանության կանոններին:
Կարելի է ենթադրել, որ ՎՊ զեկույցի շուրջ ստեղծված իրադրությունը ինչ-որ տեղ դուրս եկավ վերահսկողությունից, քանզի դժվար է պատկերացնել իրավիճակը, երբ ԱԺ-ն և ՎՊ-ն համատեղ ուժերով նման անակնկալ մատուցեին: Հավանաբար, տուրք տալով հուզականությանն ու ամբոխավարությանը, չէր հաշվարկվել, որ կառավարությունը հանդես կգա նման կտրուկ արձագանքով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստին որոշակի նրբություններ ունի, որը չնկատեց վերլուծական հանրությունը: Տիգրան Սարգսյանը նշեց. «Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ համամիտ եմ ԱԺ նախագահի տեսակետին, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնական անձինք պետք է կրեն խիստ պատիժ: Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով, այն պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը ԱԺ-ի և գործադիր իշխանության ֆունկցիաներն են»: Ասելով «երբևիցե»` վարչապետը, ըստ էության, ազդակ է հղում, որ տեղյակ է բոլորի մասնակցությամբ տարիներ շարունակ բյուջեի մսխման փաստերին և պատժվելու դեպքում պատժվելու են նաև «կույս» ձևացողները:
Մյուս կողմից, Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ հնարավոր չէ թաքցնել իրականությունը: Ո՞վ չգիտի, որ հայկական օլիգարխիայի ներկայացուցիչների զգալի մասը կապիտալ է կուտակել պետական բյուջեի հաշվին, քանզի 1990-ից «փոխշահավետ» հարաբերություններ է ունեցել ժամանակի իշխանության ներկայացուցիչների հետ` սրանով լուծելով պետական պատվերներին ու մրցույթներին մասնակցելու հնարավորության և արտոնությունների հարցը: Ո՞վ չգիտի, թե ովքեր են օլիգարխները և նրանց ներկայացուցիչները ԱԺ-ում, ինչ նպատակով են հայտնվել ԱԺ-ում և «զոքանչի անունով» գրանցած ինչպիսի կազմակերպություններով են մասնակցում պետական գնումների գործընթացին: Ինչևէ, գնդակն օլիգարխների դարպասում է, հաջորդիվ պետք է սպասել հայկական օլիգարխիայի ու նրա ներկայացուցիչների գործողություններին:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ