«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԴԱՏԵԼՈՒ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԴԱՏԵԼՈՒ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
23.04.2010 | 00:00

Այս տարի նշում ենք Հայոց ցեղասպանության 95-րդ տարին։ Նորից նշում ենք ազգովին, հնարավորինս միաբան և ի լուր աշխարհի։ 65 թվականից սկսած այսպես ենք ապրում։ Ինչպես սովորաբար արվում է, այս տարի նույնպես վարչապետի գլխավորությամբ կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որի նպատակն է «պատշաճ ձևով կազմակերպել Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները»։
Վստահ ենք, որ հանձնաժողովը, ինչպես նաև առանձին նախաձեռնություններով հանդես եկող տարբեր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ հավուր պատշաճի կանցկացնեն տարելիցին նվիրված բոլոր միջոցառումները։ Սակայն այս ամենն ընդամենը հարգանքի տուրք է, որ, անշուշտ, պարտավոր ենք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Իսկ ի՞նչ է պետք անել, որ առայսօր չփակված վերքը վերջապես ամոքվի։ Չէ՞ որ բաց վերքով չենք կարող առողջ և լիարժեք կյանքով ապրող ազգ դառնալ։ Այսօր արդեն մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ դա մեծապես պայմանավորված է 2015 թվականով։ Առավել հաճախակի խոսվում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հետամուտ լինելուն զուգընթաց, հարկ է մտածել դրան հաջորդող քայլերի, այն է` հրեշավոր հանցագործության հետևանքները վերացնելու մասին։ Բնականաբար, հետևանքներ վերացնել` նշանակում է փոխհատուցում։ Ինչպիսին պետք է լինի այն. այս հարցն է, որ հուզում է ոչ միայն մեզ` հայերիս, այլև թուրքերին։ Հայաստանյան մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների, որոնցում շեշտվում է այն միտքը, թե առաջին հերթին մենք պետք է համահայկական դիրքորոշում մշակենք խնդրի վերաբերյալ։ Միանգամայն ճիշտ դիտողություն է, որովհետև հակառակ դեպքում տապալումն անխուսափելի է։ Սակայն պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Հայկական հարցը ոչ միայն հայերիս է վերաբերում, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Նրանք ուշադիր հետևում են, թե ինչ պիտի անենք մենք, ինչ պիտի լինի մեզ հետ, և եթե մեր անկազմակերպվածության պատճառով արդյունքի չհասնենք, ապա առնվազն կկորցնենք մեր նկատմամբ նրանց ունեցած հարգանքը։ Իսկ առանց հարգանք վայելելու` դժվար է ապահովել մի ամբողջ ժողովրդի հետագա զարգացումը։ Ահա թե ինչու, ինքնահարգանքից դրդված ու ինքնապաշտպանական բնազդի թելադրանքով, ինչպես նաև համազգային գործին ինչ-որ չափով մասնակցելու համար, ցանկանում եմ ստորև փորձել մի քանի առաջարկություններ ներկայացնել «Ի՞նչ անել» լրջագույն հարցի վերաբերյալ։
Առաջին հերթին, կարծում եմ, անհրաժեշտ է խմբավորել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանությանը և հուզում են մեզ, թուրքերին, միջազգային հանրությանը։ Տարօրինակ է, բայց փաստ, որ իսկապես Եղեռնին վերաբերող բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ ինքներս մեզ համար պիտի պարզենք։ Ըստ այդմ, մենք պետք է կարողանանք ա) այլևս հիմնական չհամարել ողբերգության ծավալներն ու ցավի ահագնությունն ընդգրկելու փորձերը, բ) հուզականից անցնել տրամաբանական և գործնական մոտեցումների, գ) բավարարվել եղելության փաստն ամեն հայի գիտակցությանը հասցնելով և կոտորածների ու անմարդկային խոշտանգումների մանրամասները չպարտադրել դեռահասներին ու երիտասարդությանը, դ) իբրև պայքարի միջոց և քարոզչական պատերազմի բաղադրյալ` այդ մանրամասներն ու պատկերները հնարավորինս գրագետ և լայնորեն ներկայացնել օտար լսարաններին, ե) ընդհանրացումներ կատարել եղած փաստական նյութերի հիման վրա, զ) կատարվածին ճիշտ գնահատականներ տալ։
Մի քանի տարի առաջ, կրկին օրվա առիթով, տպագրվեց իմ «Պարտությունը հիշելիս մտածենք հաղթանակի մասին» հոդվածը, որի հիմնական դրույթներից մեկն այն էր, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե մեր ազգային ողբերգությունը, այլ մեր ազգային ամենախոշոր պարտությունը պետք է համարենք։ Կրկնում եմ նույն միտքը` տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունների բնութագրումն ինքներս մեզ համար ճիշտ սահմանելու նպատակով։ Այն է` մենք պայքարի մեջ էինք (իմա` մեզ պայքարի մեջ օգտագործում էին), պայքարում էինք Օսմանյան կայսրությունում տիրող կարգերը տապալելու կամ, առնվազն, այդ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար։ Պայքարը մեզ տոտալ պարտություն բերեց, որն էլ վերածվեց ազգային ողբերգության և հայրենիքի մեծագույն մասի կորստի։ Բացառվում է, որ նման դեպքերում մեղավորներ չլինեն։ ՈՒրեմն, մեր հերոսներին հավուր պատշաճի փառաբանելով հանդերձ, վեր հանենք մեր «բաժին» մեղավորներին, քննենք նրանց գործերը, սխալներն ու մոլորությունները մատնանշենք` անցյալի սխալները չկրկնելու համար։
Այս առումով մենք լուրջ խնդիրներ ունենք հայկական այն քաղաքական ուժերի հետ, որոնք, այդ պայքարի հիմնական ուժերի ներկայիս ժառանգորդներ ներկայանալով, ամեն ինչ սրբագրում են և մեղքը գցում միայն թուրքերի վրա։ Նույնատեսակ խնդիր ունենք նաև սրանց հակառակորդ քաղաքական ուժերի հետ, որոնք, իրենց հերթին շատ բան սրբագրելով, ժամանակի առանձնահատկություններն անտեսելով, մեղավոր են փնտրում ոչ թե ազգի թշնամիների, այլ իրենց ներքաղաքական հակառակորդների բանակում։ Երկուսն էլ ծայրահեղություններ են, երկուսից էլ անհրաժեշտ է ձերբազատվել։ Եթե մենք հստակ պատկերացում չունենանք, թե ինչ է կատարվել մեզ հետ, ապա դրանով միայն կօգնենք ու կօժանդակենք հակառակ կողմին։ Ցանկալի է, որ դիտողությունն ընդունվի առաջին խմբի կողմից, իսկ երկրորդ խումբն էլ հիշի պարզապես, որ երջանկությունը ձեռք չի բերվում ողբերգությունը մոռացության տալով, որովհետև դրանից հետո դառնում ես պատվազուրկ ոչնչություն` և՛ որպես անհատ, և՛ որպես ազգ։
Սակայն սա ներքին գործ է, առաջնային չէ, կարող ենք, ըստ էության, դրանով զբաղվել նաև հետագայում, իսկ այժմ պարզապես պետք է նկատի ունենալ, որ թուրքերի հետ հարցը քննելիս մեր հարուցած մեղադրանքը պետք է ճիշտ ձևակերպենք, և պետք է պատրաստ լինենք նրանց հակադարձումներին։ Այդ դեպքում նրանք կզրկվեն իրենց, թերևս, ամենագլխավոր փաստարկից, թե հայերի մեղքը հակաթուրքական գործողությունների դիմելու մեջ է։ Թույլ չտալով, որ նրանք այդ անհեթեթությունը շահարկեն, ուշադրությունը հարկ է կենտրոնացնել կատարվածի բովանդակության վրա։ Իսկ կատարվածը պետական հանցագործություն էր։ Ընդունելով, որ մենք պայքարող կողմ ենք եղել, միաժամանակ պետք է շեշտենք, որ դա բնավ էլ համաժողովրդական պայքար չէր, այլ մի քանի կազմակերպությունների ու կուսակցությունների գործունեություն, հետևաբար, դրա հետևանքն ու պատասխանը ժողովրդին բնաջինջ անելը չպիտի լիներ։ Եթե պատիժ կրելու հարց կար, պետք է պատժվեին նույն այդ քաղաքական ուժերը, բայց ոչ երբեք ժողովուրդը։ Ոչ ոք և ոչ մի իշխանություն ժողովուրդ դատելու, առավել ևս, մահվան դատապարտելու իրավունք չունի։ Նման իրավունք ո՛չ Աստծո կողմից է տրված, ո՛չ բնության։ Թուրքը դա զանց է առել։
Հաջորդը մեր միասնականությունն է բոլոր հարցերում։ Առայժմ մենք համահայկական ընդհանուր դիրքորոշում չունենք, չենք կարող ասել նաև, թե ով պետք է հանդես գա հայ ժողովրդի անունից, ում վրա պետք է դրվի հայ ազգի համաձայնեցված դիրքորոշումը ներկայացնելու առաքելությունը, և ինչպիսին պետք է լինի բազմամիլիոնանոց սփյուռքի դերը։ Ասվածը նորություն չէ, բայց կրկնում ենք, որովհետև որևէ տեղաշարժ չկա այդ ուղղությամբ։ Հաճախ է հիշատակվում (ավելի շուտ` չարաշահվում) չարենցյան նշանավոր խոսքը միասնության մասին, որը, սակայն, բացարձակ ճշմարտություն լինելով հանդերձ, երբեք չի կարող իրականանալ և իրական արդյունք տալ, քանզի մշուշոտ է այն գաղափարը, որով կամենում ենք հասնել մեր նպատակին։ Այս դեպքում նպատակը պարզ է` արդար հատուցում։ Մնում է հստակեցնել գործողությունները։ Բայց, որքան էլ տարօրինակ է, հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր նպատակներն ու մտադրությունները դեռևս անորոշ են։ Հաճախ իրարից չենք տարբերում, շփոթում ենք խնդիրն ու տեխնոլոգիան, նպատակն ու միջոցը։
Ի՞նչ պետք է իմանանք թուրքերի մասին։ Նախ` պիտի փոխենք մեր պատկերացումները թուրք ժողովրդի մասին։ Պիտի հաղթահարենք ինքներս մեզ, թուրքին չթերագնահատենք այլևս ու միայն նրա գազանային բնույթը մատնացույց չանենք։ Թուրքն արդի ժամանակների ամենազարգացած և ամենակազմակերպված ժողովուրդներից մեկն է։ Մեր կողմից նրան դեռ վայրի ու վաչկատուն ցեղ համարելն առնվազն կարճամտություն է ու ամբարտավանություն։ Մեր խնդիրն է ծանոթանալ թուրքի հոգեբանությանը, ճշգրիտ պատկերացում ունենալ նրա մտածողության մասին, հասկանալ, թե ինչու չի ընդունում, որ ինքը հաղթող է։ Ինչն է խանգարում նրան կամ ինչից է վախենում։ Պարզվում է` իսկապես վախենալու բան ունի։ Թուրքիան, որպես պետություն, և թուրքերը, որպես ժողովուրդ, հանցագործություն են կատարել հայ ժողովրդի հանդեպ` խախտելով կրոնական, բարոյական, մինչև անգամ պատերազմական գրված ու չգրված օրենքները։ Ցեղասպանություն իրագործելը նույնիսկ ջիհադի օրենքների խախտում է։ Ջիհադ է հայտարարվում հակառակորդին հաղթելու, ոչ թե ժողովուրդ ոչնչացնելու համար։ Բարոյական ու մարդկային չէ կանանց, երեխաներին ու ծերերին տանջամահ անելը։ Պատերազմներն ավարտվում են բանակների, ոչ թե ժողովուրդների կործանումով։
Թուրք ժողովուրդը վախենում է կորցնել իր անսխալական լինելու պատկերացումը, իսկ Թուրքիան չի ցանկանում վտանգել իր պետական գաղափարախոսությունը։ Բանն այն է, որ Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի կուսակցության անդամ է, իսկ քեմալական գաղափարախոսությունն ամբողջովին խարսխված է երիտթուրքիզմի սկզբունքների վրա։ Թուրքը վատ է զգում հանցագործություն կատարած ժողովուրդ ճանաչվելու հեռանկարից, սակայն դա ոչ մի կապ չունի հանցագործության փաստի հետ։ Իր խնդիրն է, թե ինքն ինչպես դուրս կգա այդ վիճակից։ Օսմանյան Թուրքիան ընդունել էր իր գործած հանցանքը և ճանաչել իր պատասխանատվությունը, ի հաստատումն դրա` ստորագրելով Սևրի խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրությունը նույնպես հաստատել է հանցագործության փաստը` ի դեմս Փարիզի խաղաղության վեհաժողովի։ Այսպիսով, այն, ինչ այսօր անվանում ենք ճանաչում, իրականում ճանաչման վերահաստատում է, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության քաղաքական ժառանգորդն է։ Անհեթեթ է, երբ մնացած բոլոր առումներով ժամանակակից Թուրքիան իրեն Օսմանյան Թուրքիայի հետևորդն է համարում, իսկ հայությանը վերաբերող խնդիրներում` ոչ։ Սա, իհարկե, լուրջ չէ և չի կարող վերացնել թուրքերի ու Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվությունը հայերին ցեղասպանության ենթարկելու հարցում։
Մենք պետք է ընդունենք, որ հայ-թուրքական առճակատման հիմքը գաղափարական է։ Պետք է հաշիվ տանք մեզ, թե ինչ գաղափար ենք նրանց հակադրում։ Եթե թուրքերինը պանթուրքիզմն է` բացահայտ կամ քողարկված, ապա ո՞րն է մերը։ Նկատի ունենանք` գաղափարական պատերազմը տանուլ տվողը տանուլ է տալիս ամեն ինչ։ Զենքից առաջ և զենքից առավել հզորը գաղափարն է։ Խոստովանենք, որ պանթուրքիզմին մենք ոչինչ չենք հակադրել (բացի կիսատ-պռատ քննադատելուց) և հիմա էլ ոչինչ չենք հակադրում։ Հետևաբար` գոնե պիտի կարողանանք հստակորեն ձևակերպել, թե ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում և ինչի համար ենք ուզում։ Սրա կարճ պատասխանն է` փոխհատուցման պահանջ, որի կոնկրետ ձևակերպումը դեռ պիտի տանք։
Ինչպես կարող ենք հասնել նրան, որ Թուրքիան պատասխանատվություն կրի։ Ցարդ մեր բռնած ճանապարհներն արդարության վերականգնման ոչ մի հանգրվանի չեն հասցրել։ 2015 թվականը մեզ համար կարող է կա՛մ պատմական շանս դառնալ, կա՛մ պայծառ ապագայի դուռը մեր առջև վերջնականապես փակել։ Հիրավի, ճակատագրական պահը գիսաստղի պես մեզ է մոտենում։ Կարծում եմ` սովորության համաձայն չարժե սպասել, թե թուրքն ինչ կասի, որ մենք մերժենք կամ ընդունենք նրա ասածը։ Շահելու նպատակով այս անգամ նախաձեռնողականություն մենք պիտի հանդես բերենք։ Դրա համար, ըստ իս, հետևյալ կոնկրետ քայլերը պիտի կատարել. ա) 2010-ին ստեղծել ցեղասպանագետներից, միջազգային իրավագետներից, դիվանագետներից, գուցե նաև դեմոգրաֆներից և տնտեսագետներից բաղկացած մի հանձնաժողով` ուրվագծելու այն հարցերի շրջանակները, որոնց շուրջ պետք է խոսել թուրքերի հետ, բ) 2011-ին ձևավորել կառավարական հանձնաժողով, որը կքննարկի և կհստակեցնի վերոնշյալ հանձնաժողովի առաջարկները, կընդունի մի փաստաթուղթ, որում հնարավորինս ամբողջական և գույքագրված կներկայացվեն մեր բոլոր տեսակի կորուստները, հստակ ձևակերպված կլինեն մեր պահանջները, թերևս, առաջին հերթին միջազգային հանրության համար կպարզաբանվեն փոխհատուցումները (նյութական, տարածքային) տնօրինելու և իրացնելու եղանակները և այլ հարցեր, գ) 2012-ին փաստաթուղթը դնել համաժողովրդական քննարկման (անշուշտ, ներառելով նաև սփյուռքը), պայմանով, որ տարեվերջին բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները հանձնաժողովին գրավոր ներկայացնեն իրենց առաջարկությունները, դ) վերջնական տեսքի բերված փաստաթուղթը պաշտոնապես հանձնել թուրքական կողմին` առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը համատեղ կքննարկի Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը, կհամաձայնեցնի դրա հետևանքները վերացնելու միջոցառումները, ե) թուրքական կողմին հիշեցնել, որ 2015-ին, եթե անգամ այդ աշխատանքներն ավարտված չլինեն, Մեծ ոճրի 100-րդ տարելիցի կապակցությամբ պետք է հանդես գան համատեղ ստորագրված հուշագրով (կամ այլ անուն ունեցող մի փաստաթղթով), որում կողմերից յուրաքանչյուրն ազատ կլինի արտահայտելու իր դիրքորոշումները խնդրի վերաբերյալ։
Ամենևին միամիտ չենք, որ կարծենք, թե Օսմանյան Թուրքիայի նախաձեռնությամբ սկսված, երիտթուրքերի կառավարության կողմից լայնորեն իրականացված և քեմալական Թուրքիայի առաջնորդների կողմից ավարտին հասցված Հայոց ցեղասպանության փաստը ժամանակակից Թուրքիան հեշտորեն կճանաչի։ Սակայն դա չի կարող մեզ համար արդարացում լինել, եթե մենք պասիվություն հանդես բերենք։ Այժմվանից պետք է նկատի ունենալ, որ եթե թուրքական կողմը անարձագանք թողնի նշված առաջարկները, ապա դա չի նշանակի ամեն ինչի վերջը, որովհետև գոյություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարան։ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական արդարության և բարոյական բավարարման հարց է, որի քաղաքական կարգավորումը պայմանավորված է երկուստեք փոխըմբռնմամբ և կամքի դրսևորմամբ։ Հետևապես, Թուրքիայի կողմից նման ցանկության բացակայության դեպքում իսկապես միակ քայլը կմնա միջազգային բարձրագույն ատյանին դիմելը։ Այս ուղղությամբ արդեն կատարված հսկայական աշխատանքում չափազանց ծանրակշիռ է իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովի ավանդը, որն իր հիմնարար ուսումնասիրություններով ամուր գիտական հիմք է ստեղծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
Հայաստանի ղեկավարությունը վստահեցնում է, որ, այսպես կոչված, հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովը» չի վիճարկելու Ցեղասպանության փաստը։ Նշանակում է` վերոբերյալ առաջարկությունները չեն կարող միջպետական հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտ հանդիսանալ։ Այս դիտողությունն արդեն մեր հավանական ընդդիմախոսների համար ենք անում։
Համլետ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ