ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ. Ինքներս մեզ համարում ենք ջայլամ բռնող

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ. Ինքներս մեզ համարում ենք ջայլամ բռնող
19.02.2016 | 22:28

Երեկ նշվում էր Մայրենիի օրը, քանի որ փետրվարի 21-ը` որպես այդպիսին, 2005թ. ներառվել է Հայաստանի պետական տոնացույցում: Այսինքն, նշվում էր, քանի որ ներառվել էր: Իսկ ներառվել էր, որովհետեւ այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես «Մայրենիի օր»:

Ասել կուզի` լեզվի տոնը մեզանում նշվում է ոչ թե այն պատճառով, որ գիտակցվում է հայոց լեզվի դերը մեր ազգապահպանության գործում եւ նրա պաշտպանության անհրաժեշտությունը, այլ որ այդպես է որոշել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Մայրենիի օրը նշում են նաեւ Մոզամբիկի ժողովուրդներն ու ցեղախմբերը, Անգոլայի որսորդները, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ընդգրկված լինել այդ կազմակերպության արժեհամակարգում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել այդ արժեհամակարգին:
Բայց մենք ոչ ցեղախումբ ենք, ոչ էլ ջայլամ բռնողներ` չնայած լեզվի անաղարտությունն ապահովելու առումով հաճախ ենք դրսեւորում ջայլամ բռնողի գիտակցություն:
«Օրը նշելու ժամկետը որոշվել է, բոլորդ տեղայնացրեք, ըստ ձեր լեզուների». այսպես է ստացվում: Մենք էլ տեղայնացնում ենք, սրան-նրան մի երկու գիրք ենք նվիրում, ախուվախ ենք անում մայրենիի վիճակի մասին ու ճառեր ասում: Մինչեւ հաջորդ փետրվարի 21: Մի կարեւոր բան բաց թողեցինք. եւ զեկույց ենք ուղարկում ՅՈՒՆԵՍԿՕ, որ նշեցինք:
Մայրենիի օրվա կապակցությամբ հաղորդագրություն-հայտարարություն տարածեց նաեւ Սփյուռքի նախարարությունը, որից անսպասելիորեն իմացանք, որ «Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:
Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարեւոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թե հայրենիքում, թե Սփյուռքում լեզվական խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումն անհետաձգելի է»:
Այդ «անհետաձգելի լուծումների» անհրաժեշտության մասին մեռան գրելով ու ահազանգելով նրանք, ովքեր իսկապես մտահոգված են լեզվական այս խայտառակ վիճակով: Վերոհիշյալ լոզունգները բոլորը գիտեն, հարցը լեզվապահպանմանն ուղղված նպատակային գործունեությունն է:
Բայց բանից պարզվում է, որ իրականում հենց լեզվին վերաբերող խնդիրների լուծումներն են ամենահետաձգելին, քանի որ դրանցում «նաղդ» փող չկա: Հետեւաբար, փառք պիտի տանք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ գոնե այս կերպ մեր սովորաբար եւ լավագույն դեպքում կիսագրագետ պաշտոնյաներին ստիպեց գոնե տարին մեկ անգամ խոսել մայրենիի մասին:
Այլապես ո՞ւմ մտքով պիտի անցներ, որ հարկ է պաշտոնապես, առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հայաստանում նշել ոչ թե ընդհանրական մայրենիի, այլ Հայոց լեզվի օրը: Սա պիտի աներ Ազգային ժողովը, մի օրգան, որն իր անդամների մեծ մասով հակացուցված է հայերենին:
Ժամանակին մի կերպ ընդունվեց լեզվի մասին օրենքը, որում գրված է. «Հայոց լեզվի հանդեպ ոտնձգությունները պատժվում են օրենքով սահմանված կարգով»: Հիմա այս օրենքն ընդունողներին հարցնենք` ինչո՞ւ ընդունեցիք:
Չնայած մեզանում սովորական բան է դարձել զբաղմունքի համար ինչ-որ օրենք ընդունել ու շպրտել մի կողմ ու մոռանալ դրա կիրարկման մասին: Մանավանդ եթե այդ օրենքը մարդկանց մաշկելուն չի վերաբերում:
Բայց հայոց լեզուն չպահպանելը ամենավտանգավոր ռումբն է, որ եթե գործեց, խորտակելու է ամեն ինչ թե Հայաստանում, թե Սփյուռքում:
Այս գիտակցությամբ պիտի պետականորեն նշվի Հայոց լեզվի օրը տարին մեկ, իսկ գործնականորեն պիտի նշվի ոչ թե տարին մեկ, այլ ամեն օր:
Լեզվի հանդեպ այսօր ոչ թե ոտնձգություններ են կատարվում, այլ լեզուն բացարձակ արհամարհվում է: Բոլոր ոլորտներում, ամեն քայլափոխի: Վերցրեք նայեք. մամուլի լեզու, հեռուստատեսության լեզու, պաշտոնական խոսք, հայերենի ուսուցման որակ, գովազդ. ո՞ր մեկն ասես: Փողոցային ժարգոնը դարձել է հեռուստատեսային «հումոր», անգրագիտությունը` պաշտոնական զարդ, անկապ խոսքը` կառավարական զարդ, Լեզվի մասին օրենքի վրա թքելը` գովազդ:
Ու երբ հանկարծ հիշում ես, որ գոյություն ունի Լեզվի պետական տեսչություն` իր այսօրվա որակով ու կարգավիճակով, ցավ ես ապրում հայոց լեզվի համար: Ի՞նչ կարող է անել կարգավիճակի առումով այս խեղճուկրակ խումբը, բացի Գովազդի մասին օրենքի խախտումներն արձանագրելուց եւ անտարբեր մարմիններին հանձնելուց: Լավագույն դեպքում «ընթացք են տալու» եւ հաստավիզ մեկին տուգանելու են մեկ մետրանոց անգլերեն անվան կողքին քսան սանտիմետրանոց հայերեն թարգմանությունը տեղադրելու համար: Հաստավիզն էլ գրպանից հանելու է համեստ տուգանքը եւ կտտացնելու է տուգանողի դեմքին:
Մինչդեռ հայոց լեզվի իրոք ազգապահպան կարեւորությունը գիտակցող երկրում կստեղծվեր Լեզվի դատախազություն` գործուն լծակներով, որը կարող էր վերահսկել Լեզվի մասին օրենքի վերահսկողությունը: Այ, դա կլիներ հարգանք պետական լեզվի հանդեպ եւ նրա կարեւորության գիտակցում:
Այս կարեւորագույն հարցերը թողած` դեպքից դեպք ընդամենը ոչինչ չարժեցող հայտարարություններ ենք անում ու խորիմաստ լռում:
Խոսում ենք նաեւ Սփյուռքում մայրենիի «պահպանման ու տարածման» մասին այն ժամանակ, երբ նույն Սփյուռքում մեր երկրորդ գրական լեզուն` արեւմտահայերենը, մահացության վերջին փուլում է: Եվս մեկ-երկու սերունդ, եւ այն այլեւս կդադարի գործածական լեզու լինելուց:
Այսինքն՝ պատմական հանգամանքների բերումով, արեւմտահայերենը, մեծ առումով, մենք պահպանել չենք կարող, որքան էլ հայտարարություններ անենք: Էլ ուր մնաց, թե տարածենք: Տարածել կարող ենք միայն արեւելահայ գրական լեզուն` արտահանման միջոցով, այն է` արտագաղթի: Իսկ սա լեզվի պահպանության ճանապարհ չէ: Մենք բուն Հայաստանում լեզվական նորմալ քաղաքականություն չենք վարում:
Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե այսօր որ լեզուն է ավելի հարգի անկախ Հայաստանում. անգլերե՞նը, թե՞ հայերենը: Երեւի կարող է, քանի որ հայերեն վատ, իսկ անգլերեն լավ իմանալով` կարելի է «ֆիրմա օֆիսներում» աշխատանք գտնել կամ չվել որեւէ անգլիախոս երկիր:
Կամ ռուսերենը, որպես մայրենի լեզու ունենալով, գնալ ՌԴ դեսպանատուն եւ «առաքվել» Ռուսաստան:
Տարաբնույթ միջոցառումներով ու շնորհանդեսներով մենք ավելի տարփողում եւ ճղճղում ենք անգլերենի առավելությունների մասին, քան խոսում հայերենի անաղարտության պահպանման անհրաժեշտությունից: Սա ուղղակի ամոթ է:
Ասել կուզի` հարկ է լեզուն պաշտպանել պետականորեն, գործնականորեն: Վերջին հաշվով, հայերենը այս երկրում հռչակվել է պետական լեզու, որը պարտադիր է հասարակական կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Այլապես, միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հորդորներով մեր լեզվի օրը նշելու համար նշելով, ինքներս մեզ համարում ենք ջայլամ բռնող:

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ