Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԽԱՂ ՄԵԿ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ՞

ԽԱՂ ՄԵԿ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ՞
15.01.2010 | 00:00

Չէինք հասցրել ներկայացնել, թե ինչպես լուծվեց ներիշխանական թնջուկը, երբ շաբաթն ուրբաթից շուտ եկավ` Էրդողանի ու Լավրովի «տեսքով»: Ասել է` արտաքաղաքական իրադարձությունները շատ արագ հետին պլան մղեցին Ամանորի հմայքներն ու թշվառությունները` տեղ բացելով պրագմատիկ իրականության համար:
Ներիշխանականի մասին եթե պատկերավոր ասենք, ապա սպիտակ դրոշակակիրներ են այլևս ֆռֆռում էդ կողմերում: Այո՛, գոնե առերևույթ հանգուցալուծվել են տարընթերցումները թե՛ կոալիցիայում, թե՛ ՀՀԿ-ում, բոլորն Ամանորի շեմին հրապարակավ խոստովանել են, որ «ինքը պապա ա, պապա»: Խոսքը, անշուշտ, երկրի առաջին դեմքի մասին է: Հրաժարումից խոստովանության է անցել նաև վերջին շրջանում ՀՀԿ-ական և նախագահական բոլոր միջոցառումները պերմանենտ բոյկոտող ԲՀԿ առաջնորդը: ՈՒ շատ հետաքրքիր, գրեթե պաշտոնական միջավայրում, Սերժ Սարգսյանի կենդանի ներկայությամբ, նույնքան հանդիսավոր ու ոգեշնչված ասել է` որևէ տարաձայնություն չկա ու չի կարող լինել իր և երկրի նախագահի միջև: «Կենդանի» ներկայությամբ այդ ամենին հետևողն էլ ասել է` «ադաբրյամս»:
ՀՀԿ-ում նույնպես և այլևս թնջուկ չկա. բոլորը` հավսա՜ր, զգա՛ստ, բոլորի ուշադրությունը դեպ Բաղրամյան 26 է, մանավանդ` Բաղրամյան 19:
Սակայն մեկ «բայց» բոլոր դեպքերում կա. Բաղրամյան 19-ի այդ կարգի նվիրվածությունը դեպ Բաղրամյան 26 (և ոչ միայն) ահավոր նյարդայնացրել է էքսնախագահ Քոչարյանին, և, ինչպես տեղեկացնում են մերձ աղբյուրները, սև կատու է անցել ԱԺ նախագահի և Քոչարյանի միջև. գոնե վերջինս չի ցանկանում հիշել ԱԺ նախագահի անունը, որովհետև, հասկանում եք, նա ոչ միայն ինքնուրույն էր (սեփական «դիվիդիները» գերադասելու առումով) խաղում, այլև հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին անվերապահորեն և մեկընդմիշտ դարձրեց «նժդեհիստ»` փակելով վարչապետական երազանքներով բոլոր ապրողների, այդ թվում և` Քոչարյանի, մուրազաճամփեն:
Սա քիչ էր, ըստ չար լեզուների, վերջին մեկ ամսվա ընթացքում էլ Քոչարյանը երկու անգամ եղել է Մոսկվայում: ՈՒ քանի որ չար լեզուները համ էլ շատ թունավոր են, տեղեկացնում են, որ Քոչարյանի մտքում Մոսկվայից պաշտոն ուզելն է եղել, իսկ ահա Պուտինը, ով գլոբալ հարցեր է լուծում Ռուսաստանի ու իր համար, որդի է ունենում Կաբաևայից, ծառ է տնկում մեր տարածաշրջանում` Էրդողանի հետ, չի արձագանքել այդ այցերին, ու ըստ «թունավորների», Մոսկվայում Քոչարյանին «զնակ» են տվել, թե` գնա սաֆարի, որս արա:
Մանավանդ որ ինչքա՜ն լավ է ստացվում դա նրա մոտ:
Ավարտելով ներիշխանական թնջուկազերծումը, վերջի համար էլ տեղեկացնենք, որ հունվարի 3-ին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել հայաստանյան որոշ «գորշ կարդինալների». մարդկանց, ովքեր «չեն երևում» ասպարեզում, սակայն «հարց լուծողներ» են` թե՛ գեոպոլիտիկ, թե՛ ներքաղաքական «սֆերաներում», ու Հայաստանին-Ղարաբաղին վերաբերող որոշակի նուրբ հարցեր է քննարկել նրանց հետ:
Ինքնին հասկանալի է, սակայն, որ իրական գործընթացները տեղի են ունենում արտաքաղաքական ոլորտում` գումարած Սահմանադրական դատարանի վճիռը, որը «երկու ականջօղ` երկու քրոջ» տարբերակով հարցը պահեց օդում` հարկավոր պահին համապատասխան մանևրի դաշտ ապահովելով Հայաստանի համար (սա առանձին խոսակցության թեմա է):
Այսպիսով, տեղի ունեցավ Էրդողանի սպասված այցը Ռուսաստան: Լավ կազմակերպված այց էր. Էրդողանին տեղը տեղին նստեցրին հարմար բարձրության աթոռի վրա, ձեռքը սեղմեցին, չսպասեցրին սպասասրահում, մի խոսքով, «սարտիրում զամոչիտ չարին»։ Բա չէ, Այալոն Ջելիքոլին կանչել էր «իրենց տուն» (Իսրայելի փոխարտգործնախարարի ու Իսրայելում Թուրքիայի դեսպանի մասին է խոսքը), նստեցրել էր ահավոր ցածր աթոռի վրա ու թե` չլսեմ, չտեսնեմ երեսդ (իսկը և կատարյալ «ջհուդամասոնական դավադրություն» ընդդեմ Թուրքիայի, էն անգամ էլ ո՜նց իրար հասան Պերեսն ու Էրդողանը Դավոսում)։ Վերջը, Էրդողանն էլ «ջոմարդ» չէր գտնվել Ռուսաստանում, խաղը պահել էր ու Ղարաբաղի մասին հայտարարությունն արեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, իսկ Պուտինի հետ համատեղ ասուլիսին նորահարսի պես սուսիկ-փուսիկ «կաղնեց»-սպասեց, բայց, երևում էր, նյարդայնացած է Պուտինի հայտնի հայտարարության առիթով:
Ընդ որում, շատ ոգևորվել պետք չէ Պուտինի «պրոհայկական» այդ հայտարարությամբ, այն է` չի կարելի մի կույտի մեջ լցնել երկու` հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրները, որովհետև դրանք առանձին-առանձին էլ շատ դժվար լուծելի են: Ի՞նչ ենք եզրակացնում այս հայտարարությունից։
ա) Հայտարարությունը սիմետրիկ է ամերիկյան, հայկական կողմի տեսակետների հետ, ինչը գալիս է ասելու, որ խաղը դեռ պայմանավորվածությունների շրջանակներում է ընթանում, և «step by step» տարբերակով առաջ է գնում: Ճիշտ է, Թուրքիան, անունը դնելով եղբայր Ադրբեջանի շահերի պաշտպանություն, տակից առաջ է տանում իր սեփական շահերը, նույնքան ջերմեռանդ մասնակցելով գերտերությունների սկսած առևտրին:
բ) Պուտինն առաջին անգամ այդպիսի հայտարարություն արեց նաև այն պատճառով, որ առևտուրը տարածաշրջանային և գլոբալ առումով դեռ չի ավարտվել: Եվ շուտ էլ չի ավարտվի: Ռուսաստանը շատ բարձր գին պետք է ստանա, որ բավարարի ղարաբաղյան խնդրում ամերիկյան, թուրքական, ադրբեջանական հավակնությունները: Ղարաբաղն անվերջ, մանավանդ վերջին տարիներին, ջոկեր է Ռուսաստանի ձեռքին, և նա լավագույնս է աշխատեցնում այդ խաղաքարտը: ՈՒստի ամենևին էլ պետք չէ, որ մեր ռուսոֆիլները հանկարծահաս ուրախանան ու ոգևորվեն Ռուսաստանի հետ հայոց հարազատությամբ ու ռազմավարական գործընկերությամբ: Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում «ունենալ» նախ և առաջ Ադրբեջանին` թե՛ գազահումքային, թե՛ քաղաքական «տեսքով»: Իսկ այդ պահը դեռ չի եկել, ու նա մլուլ պետք է տա, բազար անի, լոտերը բարձրացնի։ Այլ բան սպասել Ռուսաստանից հնարավոր չէ:
գ) Եվ հետո, Ռուսաստանը հաստատ չէր կարող Էրդողանի այդ կարգի (ղարաբաղյան) ամբիցիաները բավարարել և քարտ բլանշ տալ Թուրքիային, որը հենց միայն Ղարաբաղի ու հայ-թուրքական հարցի լուծմամբ կդառնա տարածաշրջանում թելադրող, իսկ դա թույլ տալ Ռուսիան չի պատրաստվում, որքան էլ խողովակային-էներգետիկ սերն այս խաղում գերիշխողն ու որոշողը լինի:
Ի դեպ, Էրդողանի այցը մի շատ հետաքրքիր նրբություն բացահայտեց. թուրքական կողմը շահագրգռված է ոչ այնքան «Հարավային հոսքով», որքան ռուսական գազը «Նաբուկոյի» մեջ լցնելու հեռանկարով, չնայած մասնագետները պնդում են, որ հատկապես իրանական գազը կլցվի «Նաբուկոյի» խողովակների մեջ:
Այնուհանդերձ, Ռուսաստանի` «Նաբուկոյին» մասնակցելու լուրն օդ նետվեց, ինչը բավականին հետաքրքիր է այն առումով, որ այս տարբերակը, որքան էլ տարօրինակ թվա, կարող է ձեռնտու լինել նաև ԱՄՆ-ին, որը տարածաշրջանին, Ղարաբաղին, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերում հանդես է գալիս Ռուսաստանի հետ «վերաբեռնված»` փոխհամաձայնեցված: Մանավանդ որ Ռուսաստանը խողովակային սիրո և ամուսնության շատ մեծ փորձ ունի, վերջերս իր «տակ» առավ Թուրքմենստանի գազը, որը նույնպես պետք է լցվեր «Նաբուկո», և, Իրանի հետ համատեղ ջանքերով, թուրքմենական գազն ուղղեց դեպ Չինաստան, ինչն ամենևին էլ «դուրեկան» չի կարող լինել ամերիկյան կողմի համար:
ՈՒ թե հաշվի առնենք հանգամանքը, որ Սաակաշվիլի Միխոն, բոլոր դեպքերում, հետևեց «սև գոտիավոր-ձյուդոիստ» Վլադիմիրի հորդորին և փոխեց իր մենյուն (հիշենք, թե Յուշչենկոյի և Սաակաշվիլու հանդիպման ժամանակ ոնց էր «մաչիտ» արել ձյուդոիստը` փողկապներ ուտել-չուտելու հաշվով), և ուրեմն, վրացական ինքնաթիռների թռիչքների վերսկսումը դեպ Ռուսաստան կարող է ռուս-վրացական ձնհալի մասին խոսել, նաև չբացառել Վրաստանով-Հայաստանով «Նաբուկոյի» հիպոթետիկ կամ իրական խողովականցումը ևս:
Գուցե հենց սրա՞ համար էր եկել «գոսպոդինը»: Լավրով: Հայաստան: Չեք հավատո՞ւմ: Ճիշտ եք անում:
Ռուսաստանի հայազգի ԱԳ նախարարի գալն ընդհանրապես կինո է դարձել մեզանում։ Լավրովը, պարզվում է, հենց այնպես մեզ մոտ այլևս չի գալիս. նա գալիս է Հայաստան, եթե իրենց մոտ է եկել Էրդողանը։ Նախորդ տարի էլ էր այդպես. էն անգամ էլ եկել էր իբր Հայաստան, բայց իրականում մթության քողի տակ գնացել, սահմանի վրա հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Մոթաքիին, և այդպես շարունակ:
«Տրանզիտ-պասաժիր» Լավրովը, փաստորեն (հա, ի դեպ, ասում են, որ Մեդվեդևն էս ինչքան ժամանակ ուզում է նրան գործից հանել. Կրեմլում ժամանակներ առաջ լուրջ խոսակցություններ էին շրջում այս առնչությամբ), Հայաստան էր եկել իրադրությունը ձեռքի տակ պահելու, Թուրքիայի հետ նոր պայմանավորվածությունների թեզերով, ինչպես նաև, ինչո՞ւ ոչ, հարկավոր պահին «օկուպացված» շրջանները հետ տալու «մեսիջով», որպեսզի խաղի տերը մշտապես Ռուսաստանը համարվի:
Լավրովի այցը, բոլոր դեպքերում, պատասխան տվեց անչափ կարևոր մեկ հարցի` ղարաբաղյան հիմնախնդիրը շուտ չի լուծվի։ Երբե՛ք: Որովհետև, ըստ Լավրովի, հարցի լուծմանը պետք է մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Նույնիսկ ոզնուն է պարզ, թե այդ պրոցեսն ինչքան ժամանակ կպահանջի, էլ չենք ասում` Ղարաբաղի մասնակցությունն ինչքան «ամեն ինչի» գինը կբարձրացնի, ինչպես լոտերը կփոխի, կթանկացնի, եթե Ադրբեջանը համաձայնի նման բանի:
Իսկ մեզ թվում է, որ Լավրովը եկել էր պատասխանելու օդում կախված և այդպես էլ պատասխան չստացած հարցին` գրե՞լ էր նա «զապիսկա» Էդվարդ Նալբանդյանին Ցյուրիխում. «Էդիկ, դավայ», թե՞...
Հաստա՛տ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ