Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆ ԻԲՐԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆ ԻԲՐԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ
12.01.2010 | 00:00

(ըստ մանկավարժության ռահվիրաների)
Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհը,
եթե ոչ Քո խոսքերը պահելով (Սաղմ. 118.9)։


«Երեխաները կյանքի առաջին տարիներից իսկ պետք է վարժվեն զբաղվել բացառապես նրանով, ինչն ուղղակի առաջնորդում է դեպի Աստված, այսինքն՝ Ս. Գրքի ընթերցանությամբ: Ըստ այդմ Աստվածաշունչը քրիստոնեական դպրոցների Ալֆան և Օմեգան պիտի հանդիսանա: Այս դպրոցներում թող Աստծո գիրքը գլխավոր տեղը զբաղեցնի մյուս բոլոր գրքերի շարքում, այնպես որ Տիմոթեոսի օրինակով մանկուց Ս. Գիրք սովորած բոլոր քրիստոնյա պատանիները խրատվեն բարեպաշտության մեջ (Բ. Տիմ. Գ.15) և կրթվեն հավատքի խոսքերով (Ա Տիմ. Դ 6)»:
Նորագույն մանկավարժության հիմնադիր Կոմենսկին քննադատում է իր ժամանակի դպրոցներում պատանեկության գրական կրթության եղանակը: Ըստ նրա՝ կա՛մ քրիստոնեական դպրոցներից լրիվ դուրս պիտի մղվեն հեթանոս հեղինակների ստեղծագործությունները, կամ էլ, ծայրահեղ դեպքում, չափազանց զգույշ օգտագործվեն: «Մեր երեխաները,- գրում է մեծ մանկավարժը,- ծնվել են երկնքի համար, վերածնվել Սուրբ Հոգով. ուստի և նրանք պետք է դաստիարակվեն իբրև ապագա երկնաքաղաքացիներ ու նախ և առաջ գիտելիքներ ձեռք բերեն երկնայինի, Աստծո, Քրիստոսի, հրեշտակների, Աբրահամի, Իսահակի, Հակոբի և այլոց մասին: Թեև Աստված շատ է հոգ տարել Իր ընտրյալ ժողովրդի մասին, սակայն չի նշել որևէ այլ դպրոց, քան այն, ուր Ինքն Իրեն ուսուցիչ է կարգել մեզ վրա, մեզ դարձրել Իր աշակերտները, մարգարեությունների ձայնը՝ Իր վարդապետությունը: Նրա խոսքը մեր ճանաչողության ճաճանչափայլ լույսն է, մեր արարքների ամենակատարյալ առաջնորդը և երկու դեպքում էլ մեր տկարությունների ամենահուսալի նեցուկը...
Մեր քրիստոնեական արժանապատվությունը (քանի որ Քրիստոսով Աստծո որդիներ ենք դարձել, ընդունել թագավորական քահանայությունն ու հավիտենականության ժառանգությունը) թույլ չի տալիս այնքան ցածրանալ ու այլասերել մեր անձերն ու մեր երեխաներին, որ սերտ հարաբերությունների մեջ մտնենք հեթանոսների հետ և նրանցով գայթակղվենք: Չէ՞ որ թագավորական ու իշխանական ընտանիքների երեխաների վրա դաստիարակներ չեն կարգում պորտաբույծներից, խեղկատակներից ու ծաղրածուներից, այլ լուրջ, խելացի ու հավատացյալ մարդկանցից: Իսկ մենք առանց ամաչելու Թագավորների թագավորի որդիներին՝ Քրիստոսի կրտսեր եղբայրներին՝ հավիտենականության ժառանգներին, դաստիարակելու ենք տալիս խեղկատակ Պլավտոսին, գայթակղիչ Կատուլլոսին, ամբարիշտ Օվիդիուսին, ամբարիշտ աստվածանարգ Լուկանոսին, անբարոյական Մարցիալիսին և Ճշմարիտ Աստծուն չճանաչող ու Նրանից չերկյուղող սրանց նմանների ամբոխին: Քանի որ սրանք ապրեցին առանց լավագույն կյանք ունենալու հույսի՝ ոտից գլուխ ընկղմվելով իրական կյանքի տիղմի մեջ, ապա չեն կարող իրենց հետ չկեղտոտել նրանց, ովքեր չափազանց սերտ շփման մեջ են մտնում իրենց հետ: Օ՜հ, բավական է, շատ է խենթություն եղել, քրիստոնյաներ: Ժամանակն է վերջ տալու այս ամենին: Աստված կանչում է մեզ հետևելու բարուն. արժե անսալ այս կոչին: Քրիստոսը՝ Աստծո հավիտենական իմաստությունը, Աստծո որդիների համար դպրոց է հիմնել Իր տանը, ուր ռեկտորի ու վարիչ-տնօրենի պաշտոնը ստանձնել է Ինքը` Սուրբ Հոգին, ուր ուսուցիչներին ու պրոֆեսորներին փոխարինում են մարգարեներն ու առաքյալները: Այստեղ բոլորն էլ օժտված են ճշմարիտ իմաստությամբ, բոլորն էլ խոսքով ու գործով մատնանշում են ճշմարտության և փրկության ճանապարհը, բոլորն էլ սուրբ այրեր են: Այստեղ աշակերտները միմիայն Աստծո ընտրյալներն են՝ մարդկանց անդրանիկները՝ Աստծո ու Աստծո Գառով թողություն ստացածները: Դպրոցի տեսուչներն ու պահակները հրեշտակներն են, հրեշտակապետերը, երկնային իշխանություններն ու պետությունները (Եփես. Գ 10): Այստեղ տրվում է ամենայն մարդկային մտքի եզրահանգումներից գերիվեր գիտելիք՝ ճշմարիտ, ստույգ ու կատարյալ՝ համահունչ ինչպես այս, այնպես էլ գալիք կյանքի կարիքներին: Քանզի միայն Աստծո շուրթերն են այն աղբյուրը, որից բխում են ճշմարիտ իմաստության բոլոր վտակները, միայն Աստծո երեսն է այն ջահը, որտեղից ճառագում են ճշմարիտ լույսի ճաճանչները, միայն Աստծո խոսքն ունի այն արմատը, որից աճում են ճշմարիտ իմաստության ծիլերը:»
Ի պատասխան այն առարկությունների, թե հեթանոս փիլիսոփաների, հռետորների և բանաստեղծների գրքերում մեծ իմաստություն է ամփոփված, Կոմենսկին ասում է. «Նրանք, ովքեր շրջում են հայացքները լույսից, արժանի են խավարի: Ճիշտ է, բուի համար մթնշաղն էլ կեսօր է, սակայն լույսի մեջ ապրելու ծնված կենդանիների համար դա այդպես չէ: Ո՜վ սին մարդ, դո՛ւ, որ լույս ես փնտրում մարդկային հասկացողության խավարում, վե՛ր բարձրացրու աչքերդ: Երկնքից՝ լույսի Աստծուց է բխում ճշմարիտ լույսը: Եթե մարդկայինի մեջ ինչ-որ բաներ էլ առկայծում կամ փայլում են, ապա դրանք այլ բան չեն, քան փոքրիկ կայծեր, որոնք թեև լուսավոր են թվում և ինչ-որ բան են իրենցից ներկայացնում խավարում նստածների համար, սակայն բոլորովին անպիտան են մեզ համար, ում ձեռքերին բռնելու են հանձնված Աստծո խոսքի վառ լույս ճառագող ջահերը: Բնության մասին մտորելիս՝ նրանք այս ու այն կողմ են ընկնում՝ բնավ հարցի էության մեջ չթափանցելով: Իսկ Ս. Գրքում Ինքը՝ բնության Տերը, բացահայտում է Իր գործերի մեծ գաղտնիքները՝ բացատրելով տեսանելի և անտեսանելի արարչագործության բոլոր պատճառները: Երբ փիլիսոփաները խոսում են բարոյականության մասին, նմանվում են սոսնձով փակցված թևերով թռչնակների, որոնք մեծ դժվարությամբ են շարժվում, բայց և բնավ առաջ չեն գնում: Իսկ Ս. Գիրքը պարունակում է առաքինությունների ճշմարիտ նկարագրություններ համոզիչ, մինչև ուղն ու ծուծը թափանցող հորդորներով և այդ ամենի կենդանի օրինակներ: Այնուհետև նրանք ասում են. «Եթե հեթանոսների գրքերը ճշմարիտ աստվածաբանություն չեն սովորեցնում, ապա փոխարենը փիլիսոփայություն են ուսուցանում, որին անհնար է հասու լինել փրկության համար շնորհված Ս. Գրքում»: Պատասխանում եմ. «Իմաստության աղբյուրը Բարձրյալ Աստծո խոսքն է» (Սիրաք Ա 5): Ճշմարիտ փիլիսոփայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո և նրա արարածների ճշմարիտ ճանաչողություն, և անհնար է այն առավել ճշմարիտ ձևով որևէ այլ տեղից սովորել, քան Աստծո խոսքերից: Թվարկելով Ս. Գրքի առավելությունները, Օգոստինոս Երանելին այսպես է արտահայտվում. «Այստեղ է փիլիսոփայությունը, քանզի ամեն կեցության պատճառները Արարիչ Աստծո մեջ են: Այստեղ է բարոյագիտությունը, որովհետև լավ և ազնիվ կյանքն ամբողջանում է այն ժամանակ, երբ սիրում են այն, ինչ հարկ է սիրել, այսինքն՝ Աստծուն ու մերձավորին, և այնպես, ինչպես հարկ է սիրել: Այստեղ է տրամաբանությունը, քանզի բանական հոգու ճշմարտությունն ու լույսն Աստված է: Այստեղ է նաև առավել գովասանքի արժանի պետական բարիքը, քանզի պետությունը լավագույնս պահպանվում է հավատքի և սերտ համաձայնության հիմքով ու միությամբ, ընդ որում սիրո նպատակը համընդհանուր բարիքն է, իսկ վսեմագույն ու ճշմարտագույն բարիքը Աստվածն է: Արդեն այս հարյուրամյակում ոմանք ապացուցել են, որ բոլոր փիլիսոփայական գիտությունների ու արվեստների հիմքն ավելի շատ Ս. Գրքում է, քան որևէ այլ տեղում: Սուրբ Հոգու տեսչությունը պարզապես զարմանք է հարուցում. ճիշտ է, Նա նախ և առաջ ձգտում է լուսավորել անտեսանելին ու հավիտենականը, սակայն, այդուհանդերձ, այստեղ ու այնտեղ բացահայտում է բնականն ու արհեստականը և առաջնորդում ամեն մի խոհեմ խորհուրդ ու արարք: Հեթանոս փիլիսոփաների մոտ հազիվ թե հանդիպի այս ամենի ստվերը»:
Հերքելով այն առարկությունները, թե պատանիները գոնե հանուն ոճագեղության պետք է կարդան և ուսումնասիրեն հեթանոս հեղինակներին, Կոմենսկին, ի միջի այլոց, նկատում է. «Մի՞թե միայն հեթանոսներն են ի զորու հասկանալու խոսքի նրբագեղությունը: Խոսքի ամենակատարյալ նկարիչը Նա է, Ով ցանել է այն, այսինքն՝ Սուրբ Հոգին, ՈՒմ խոսքերը մեղրից քաղցր են, երկսայրի սրից սուր, երկաթ հալեցնող հրից թեժ, ժայռեր փշրող մուրճից ծանր, որոնք ընկալում և ազդարարում են Աստծո սրբերը: Մի՞թե միայն հեթանոսներն են պատմում հիշարժան պատմություններ: Մեր Գիրքն առլեցուն է առավել ճշմարիտ ու զարմանահրաշ պատմություններով: Մի՞թե միայն նրանք կարող են փոխաբերություններ, դարձվածքներ, ակնարկներ, այլաբանություններ, առակներ ու ասույթներ գործածել: Այս ամենից լիուլի մենք էլ ունենք: Միայն բորոտը կարող է երևակայել, որ Դամասկոսի Նաբանա և Փարփարա գետերը Հորդանանից և Իսրայելի բոլոր ջրերից լավն են (Դ Թագ. Ե 12), կարճատեսը՝ որ Օլիմպոսը, Հելիկոնը, Պառնասն ավելի բարետես են, քան Սինայը, Սիոնը, Հերմոնը, Փավորան և Ձիթենյաց լեռը, միայն խուլը, որ Օրփեոսի, Հոմերոսի, Վերգիլիոսի քնարն ավելի քաղցրալուր է հնչում, քան Դավթի տավիղը: Միայն փչացած երկնքին նեկտարը, ամբրոսիան և կաստալյան աղբյուրները կարող են ավելի համեղ թվալ, քան երկնային իսկական մանանան ու իսրայելական աղբյուրները: Միայն այլասերված սրտին կարող են ավելի մեծ հաճույք պատճառել չաստվածների, չաստվածուհիների, մուսաների և քարիսների անունները, քան Զորությունների Տիրոջ, Հիսուս Փրկչի երկրպագելի անունը և Ս. Հոգու բազմապիսի շնորհները: Միայն կույր հույսն է ավելի սիրահոժար ճախրում Էլիսիոնի դաշտերում, քան դրախտի այգիներում: Քանզի այնտեղ ամեն ինչ հեքիաթ է, ճշմարտության ստվեր, իսկ այստեղ` ճշմարտություն ու իրականություն...
Առարկում են, թե Աստվածաշնչի գրքերը չափազանց խրթին են պատանիների համար, և այդ իսկ պատճառով, քանի դեռ նրանց բանականությունը չի ձևավորվել, նրանց այլ գրքեր են առաջարկում: Պատիր է այն պնդումը, թե Ս. Գիրքը, չափազանց վսեմ լինելով, իբր մանկական ըմբռնումից գերիվեր է, կամ էլ, թե Աստված չի կարողացել հարմարեցնել իր խոսքը մեր ընկալմանը (Բ Օրենք ԼԱ 11-13): Չէ՞ որ Դավիթն ասում է. «Տիրոջ վկայությունը ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին» (Սաղմ. Ժ 6-8), իսկ Պետրոս առաքյալն Աստծո խոսքն անվանում է «նորածին երեխաների կաթ»՝ շնորհված «նրա միջոցով փրկության համար աճելու» (տե՛ս Ա Պետ. Բ 2) և զորանալու: Տես, ուրեմն, որ Աստծո խոսքն Աստծո կաթն է՝ շատ նուրբ, շատ քաղցր ու շատ օգտակար սնունդը, Աստծո նորածին երեխաների համար: Ինչո՞ւ հակառակել Աստծուն: Մանավանդ որ հեթանոսական կերակուրը կոշտ է և ամուր ատամներ է պահանջում, որոնք և, այնուամենայնիվ, կամաց-կամաց փշրում է: Այդ իսկ պատճառով Սուրբ Հոգին Դավթի շուրթերով երեխաներին կանչում է Իր դպրոցը. «Եկե՛ք, Իմ որդիներ, և լսեցե՛ք Ինձ. Ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը» (Սաղմ. ԼԳ 12): Վերջապես կարող ենք խոստովանել, որ Ս. Գրքում, անշուշտ, խորություններ կան, սակայն այնպիսիք, որոնցում, ինչպես դիպուկ արտահայտվել է Օգոստինոս Երանելին, փղերն ընկղմվում են, իսկ գառնուկները` լողում: Այս խոսքը նա ասել է զուգահեռներ անցկացնելիս՝ Ս. Գրքի վրա մեծ հպարտությամբ հարձակումներ գործող այս աշխարհի իմաստունների ու Քրիստոսի որդիների միջև, ովքեր խոնարհ սրտով ու սովորելու պատրաստակամությամբ են ձեռնամուխ լինում Աստվածաշնչին: Իսկույն բաց ծովում լողալու անհրաժեշտություն չկա: Կարելի է աստիճանաբար այդ անել: Սկզբում պետք է գնալ կատեխիզիսի վարդապետության ափով, ապա ծանծաղուտով՝ ուսումնասիրելով այն սրբազան պատմությունները, բարոյական ասույթները և այլն, որոնք դյուրամատչելի են և նախապատրաստում են առավել վսեմ հաջորդ բնագրերի ըմբռնումը: Ի վերջո երեխաներն ի զորու կլինեն լողալու նաև հավատքի խորհուրդների միջոցով: Այսպիսով, մանկուց անմնացորդ նվիրվելով Ս. Գրքի սերտմանը՝ նրանք ավելի դյուրին խույս կտան աշխարհի այլասերման որոգայթից և իմաստուն կդառնան «փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է» (Բ Տիմ. Գ 15): Քանզի նա, ով նվիրվում է Աստծուն և, նստելով Քրիստոսի ոտքերի մոտ, խոնարհեցնում իր ականջներն ի վերուստ իջնող իմաստությունը լսելու, անպայման Սուրբ Հոգու շնորհներին կարժանանա՝ ճշմարիտ ճանաչողությամբ լուսավորվելու և հստակ լույսի ներքո փրկության շավիղները տեսնելու համար: Չեմ խոսում այն հեղինակների մասին, ում պարտադրում են քրիստոնյա պատանեկությանը (Տերենտիոս, Կիկերոն, Վերգիլիոս և այլք), ովքեր հենց այնպիսին են, ինչպիսին որ ցանկանում են ներկայացնել Ս. Գիրքը, այսինքն՝ խրթին ու դժվարըմբռնելի պատանիների համար: Չէ՞ որ դրանք երեխաների համար չեն գրված, այլ հասուն դատողության տեր մարդկանց, ովքեր շրջում են թատրոններում ու ֆորումներում: Հետևաբար, ինքնին հասկանալի է, որ դրանք այլոց համար բնավ էլ օգտակար չեն: Անկասկած, մեծ տարիքում մեկ անգամ Կիկերոն ընթերցելն ավելի օգտակար է, քան, ասենք, պատանեկության տարիներին այն ծայրից ծայր անգիր անելը: Ինչո՞ւ այս հեղինակների ուսումնասիրությունը չհետաձգել մինչև մի հարմար ժամանակի նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, եթե դրա կարիքն առհասարակ կա: Ամենակարևորը, սակայն, ինչպես արդեն վերն ասել ենք, քրիստոնեական դպրոցներում երկնքի, այլ ոչ թե երկրի քաղաքացիներ պատրաստելն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այնպիսի ուսուցիչներ կարգել, ովքեր երկրայինից առավել երկնայինը, աշխարհիկից առավել սրբազանն ուսուցանեն»:
Չափազանց բարձր էր գնահատում Ս. Գիրքը նաև «ժամանակակից մանկավարժության հայրը»՝ Պեստալոցին (1746-1827): Իր հաստատության 1807 թ. ուսումնական տարվան նվիրված զեկույցներից մեկում նա հետևյալ խոսքերով է արտահայտվում աստվածաշունչ գրքերի դաստիարակչական նշանակության մասին. «Բոլոր բարձր դասարանների սաները շաբաթական երկու անգամ էին կրոն ուսանում: Իբրև ձեռնարկ ծառայում էին Մովսեսի սրբազան գրքերը, որոնցում շարադրված էր մարդկության կրոնական զարգացման ընթացքը, և նրանց վրա խարսխված Հիսուս Քրիստոսի սուրբ վարդապետությունը (այնպես, ինչպես Իր իսկ կողմից ներկայացված է Ավետարանում): Պարտականությունների մասին վարդապետության հիմքում մենք դրել ենք Հիսուսի Լեռան քարոզը, իսկ հավատքի վարդապետության հիմքում՝ առավելապես Հովհաննեսի Ավետարանը: Այս ամենն ընթերցվում էր մեկը մյուսի հետ փոխադարձ կապակցության մեջ. Քրիստոսի հավիտենական ճշմարտություններն Աստծո, Իր, իբրև մարմնացյալ Աստծո, առ Աստված մարդկության հարաբերության, Աստծո հետ կյանքի մասին, այս ամենը, հասկանալի է, որ յուրացվում էին: Մենք ձգտում ենք Քրիստոսի օրինակով, Նրա՝ իրերը, մարդկանց, նրանց հարաբերությունները հայելու եղանակով, երեխաների մեջ ակնառու կենդանացնել կրոնի աներկբա էության վրա հիմնված հավատքի, հույսի ու սիրո զգացմունքները, դրանք սովորություն դարձնել և զարգացնելով վսեմացնել նրանց միտքն ու գործերն այն աստիճան, որ նրանց մեջ ի հայտ գա ինքը Աստվածությունը»։
Ըստ ռուս ականավոր մանկավարժ Կ. Դ. ՈՒշինսկու (1824-1870)՝ միայն Ավետարանում է բացահայտված մարդու կյանքի ճշմարիտ նպատակը. «Մարդու կյանքի ճշմարիտ նպատակ պետք է ճանաչվի միայն այն, ինչն առավելագույնս համապատասխանում է մարդու հոգուն... Մենք ոչ մի տեղ չենք հանդիպում մարդու հոգու և նրա բնատուր հատկությունների այնպիսի խորունկ ըմբռնման, ինչպես քրիստոնեությունում է: Աշխարհի ո՞ր գիրքն է այդքան խոր հոգեբանություն, մարդկանց այդքան խոր ճանաչողություն պարունակում, որքան Ավետարանը»:
ՈՒշինսկին համոզված էր, որ Ավետարանն օժտված է հոգևոր ընկալման զարմանահրաշ մատչելիությամբ ոչ միայն մեծերի, այլև փոքրերի համար. «Ավետարանը ներգործում է տասնամյա երեխայի վրա, այդ բանը ես անձամբ զգացել եմ ինձ և երեխաների վրա»:
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ