Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՒՅՆ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ, ՈՐ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՒՅՆ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ, ՈՐ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է, ՔԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
15.01.2010 | 00:00

2010 թվականն արդեն ազդարարել է իր լույս աշխարհ գալու մասին։ Հավատացած եմ, որ տոնական սեղանների շուրջը բարձրացված բարեմաղթանքի կենացների մեջ կարմիր թելի պես անցնում է բոլորից շատ հնչող մի կենաց` խաղաղության կենացը։ Ծանոթներիցս մեկը, երբ բարձրացրեց բաժակը հանուն խաղաղության, բոլորը մեկեն ոտքի կանգնեցին և միաբերան ասացին` հանուն խաղաղության։ Երբ փորձեցի փոքր-ինչ այլ ձևով արտահայտվել, տանտերը` վաղեմի գործընկերս, ասաց` հիմա Սոկրատը մի թարս բան կասի։
-Խաղաղությունը,- ասացի ես,- տվյալ երկրի հզոր տնտեսությունն է, սոցիալական արդարությունը, ազգային միասնությունը, երկրի քաղաքական էլիտայի անանձնական վճռական կամքը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, երկրի պահապան զինվորի և սպայի ազնիվ և օրենքով նախատեսված համագործակցությունը, և այդ ամբողջը միասին վերցրած կոչվում է Ազգային բանակ։ Ցանկացած բանակ առանձին վերցրած թույլ է, եթե նրա թիկունքում չկա միասնական ժողովրդի կամքը։ Ֆաշիստները մի քանի ամսում հասան Մոսկվայի պատերի տակ։ Սակայն այդպես էլ չկարողացան իրականություն դարձնել իրենց երազած կատվի ցատկը, որովհետև Մոսկվայի տակ նրանց դեմ հառնեց խորհրդային բազմազգ ժողովրդի հզոր կամքը` միասնությունը։ Մենք հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում, որովհետև խորհրդային դաստիարակություն ստացած մեր գենը յուրովի միասնականություն ցուցաբերեց։ ՈՒրեմն, խաղաղություն ցանկանալուց առաջ, խմենք մեր ժողովրդի միասնության կենացը, քանզի այսօր երկրում այնքան անարդարություն, թույն, չարություն կա կուտակված, որ, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան պատերազմը։ Եթե նույն երկրի զինվորները (կամ նրանց հայրերը) իրար նկատմամբ թույն են շնչում, ապա հաստատ մարտից առաջ մեկն ու մեկն ընկնելու է յուրայինի գնդակից,- ու, չսպասելով սեղանակիցներիս արձագանքին, լուռ խմեցի բաժակը և կամա թե ակամա ընկղմվեցի մտորումների հորձանուտում։ Ինձ պաշարեց ինչուների շարանը, ինչո՞ւ են դատում Նիկոլին։ Ի՞նչ է, նա իրո՞ք զանգվածային անկարգություններ է կազմակերպել։ Իսկ ի՞նչ եղավ նույն հոդվածով հետապնդվող օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի քրեական գործը։ Այստեղ է՞լ սոցիալական անարդարություն կա։ Համենայն դեպս, ոչ մասնագետ մարդը, առավել ևս ժողովուրդը, այդպես է ընկալում։ Տեղին է հիշել Նալբանդյանին. հարուստները միշտ էլ անխոցելի են իրենց ոսկու և արծաթի հետևում։ Իսկ եթե անհիմն էր հարուցված քրեական գործը, ապա ո՞վ պատասխան տվեց Սուքիասյանին տարուց ավելի պարտադրված ընդհատակ ուղարկելու համար։ Կարծում եմ, ոմանց (կոնկրետ անուններ չեմ ուզում հնչեցնել. յուրաքանչյուրը թող իր նախընտրած անունը տա) դատում են իրենց չարության համար։ Ասեմ, բոլորիս մեջ էլ չարություն կա, բայց ինչ-որ չափաբաժնով, իսկ նկատի ունեցածս ադամորդիների մեջ այն ահավոր է, սատանայական է։ Նրանց` կոնկրետ անձերի նկատմամբ ուղղորդված չարությունը վերջին հաշվով ուղղվում է երկրի դեմ։ Հավատացած եմ, եթե նմաններին ասեն` Ռոբերտին, Սերժին կախելով կարող է վտանգվել երկրի գոյությունը, նրանք կպատասխանեն` համաձայն ենք։
Հիշում եմ, 1982 թվականի ԽՄԿԿ կենտկոմի հուլիսյան պլենումից հետո (մենք չգիտեինք գալիքը, բայց Գորբաչովը լավ գիտեր) Հրազդանի շրջկոմի քարտուղար, ոչ անհայտ Հայկ Քոթանջյանի` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումում հակադեմիրճյանական ելույթն այնպես ճարպկորեն էր օգտագործում Գորբաչովը ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին։ Այսօր նույն այդ Քոթանջյանը գեներալի ուսադիրներով հանգրվանել է ՀՀ պաշտպանության նախարարությունում։
Ոմանք (որ շատ են սիրում ազգային խնդիրները հրապարակային քննարկման նյութ դարձնել) լավ էլ համոզված են, որ Հայաստանում չի գտնվի այնպիսի պակասավոր քաղաքական գործիչ, որ համարձակվի տալ Ղարաբաղը, բայց, միևնույն է, ամբողջ օրը պատեհ ու անպատեհ առիթով Ղարաբաղը տալիս են ու տալիս։ Անգամ եթե Վիկ Դարչինյանը պարտվեց ՀՀ դրոշի ներքո (ինչո՞ւ զարմանալ, կարող էր և այդպես էլ պատահել, սպորտ է), նմաններն այնքան թունոտ ու մաղձոտ են արտահայտվում, որ կարծես պարտության պատճառը ոչ թե Դարչինյանի այդ մենամարտին լավ չպատրաստվելն էր, այլ ՀՀ դրոշը։
Երբ բանտից երկու մահապարտներ փախան (կարծես այլ երկրների բանտերից նման բան չի կատարվում), ոմանց սատանայական չարությամբ լցված միտքն իսկույն փայլատակեց. դա պետությունն է կազմակերպել, որ սպանեն Լ.Տ.Պ.-ին։ Ես լավ եմ հասկանում այդ գյուղացի համբոներին (թող գյուղացի բառը վիրավորական չհնչի, ես էլ եմ գյուղացի և հպարտանում եմ իմ գյուղական ծագմամբ), ախր Ալեքսան Հարությունյանն իրենցից ո՛չ խելոք է և ո՛չ էլ կարդացած, բայց կարողանում է Հ1-ը դարձնել սեփական դուքան և 15 րոպեն մեկ 20 րոպեանոց գովազդ անել և այդ ֆոկուսի արդյունքում անչափ թանկ ավտոմեքենա գնել և էլի ինչ-որ բաներ, իսկ իրենք պետք է գիշեր-ցերեկ թույն արտադրեն, այլապես ո՞վ կվճարի, որպեսզի կարողանան 1-2 կնիկ, երեխա պահել, Երևանի կենտրոնում էլ շքեղ կյանքով ապրել։ Ես նմաններին լավ եմ հասկանում, բայց դրական չեմ գնահատում։ Պարզապես կասեմ, պարոնա՛յք, Ալեքսանին մի՛ նախանձեք, նա՛ էլ ձեզ պես Աստծուն չի ծառայում...
Նմանների հակապատկերն է լրատվական դաշտը ներկայացնող Արտյոմ Խաչատրյանը` «Ազատամտության» խմբագիրը (սույն հրապարակախոսությունը գրվել է Ամանորի առաջին օրերին, երբ պարոն Խաչատրյանը դեռևս ասպարեզում էր- Ս. Հ.)։ Սրան չես ասի, թե չար է, թույն է շնչում, բայց գռեհիկ է, անտաշ, որին, ըստ իս, պակասում է անձնական ինքնակառավարման կուլտուրան։ Կարող է իր կոլեգային, մի թերթի պատկառելի խմբագրին, կիրթ մտավորականին ավանակ անվանել։ Դրոյին, Անդրանիկին` տեռորիստ, խուլիգան։ Անդրանիկը տեռորի՞ստ, խուլիգա՞ն։ Դե եկ և այդ խմբագրին բնութագրական բառ ընտրիր... Համապատասխան բնութագրական բառի ընտրությունը թողնում եմ ընթերցողին։
Ավելին ասեմ. Սեյրանին, Մանվելին, Սամվելին և շատ շատերին անմիտ ծաղրում է, լկտի, նշավակող բառեր շպրտում նրանց հասցեին, մոռանալով, որ այդ ԿՌԱԶ-ի, ՄԱԶ-ի շոֆերներն են կռել ղարաբաղյան հաղթանակը։ Նրանք մեղավոր չեն, պարոն Արտյոմ Խաչատրյան, որ վերևներում գտնվողներն իրենց ստոր նպատակները կյանքում իրագործելու համար քաղաքականություն բերեցին նման գործի համար բոլորովին անպետք այդ մարդկանց և ժողովրդի աչքում, ի դեմս նրանց, ստեղծեցին լկտիի, թալանչիի, հղփացածի, բոբոյի կերպար։ Նրանք պատմության մեջ հիշվելու են որպես կռված զինվորներ։ Զրույցներից մեկի ժամանակ այդ պարոն խմբագիրն ասաց` քանի դեռ Երևանում Վազգեն Սարգսյանի անունով փողոց կա, Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Իմ հարցին, թե արի այդ փողոցը վերանվանենք Հովիկ Աբրահամյանի անունով, բայց մինչ այդ ասա` Հայաստանում ի՞նչ է փոխվելու, նա ոչինչ չպատասխանեց։ Իսկ ես ավելացրի` քանի դեռ մեռելներ ենք ճիպոտահարում, Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Ոչինչ չի փոխվելու, քանի դեռ մեր երկրի լրատվական դաշտը` պետական, թե ընդդիմադիր, իր թայֆաբազական, խմբակային շահերից դենը ոչինչ չի տեսնում։
Ազգային ժողովի նախագահը տարեվերջին մի տաղանդավոր մարդու ասած հանճարեղ միտքն իրեն վայել պարզունակությամբ վերարտադրեց, թե` քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ։ Բոլոր կողմերից լրագրողները վրա տվին և ապշած իրար նայեցին։ Ասեմ, եթե լրագրողներն ԱԺ նախագահից փոքր-ինչ ավելի կարդացած լինեին, խենթացած իրար չէին նայի և ապշահար հարցեր էլ չէին տա։ Աբրահամյանն ընդամենը պրիմիտիվ ձևով իրեն էր վերագրել հանճարեղ Վիլյամ Սարոյանի միտքը` թագավոր լինելու համար ընդամենը մի քիչ խելք է պետք (այսինքն` մի քիչ կարդացածն էլ հերիք է - Ս. Հ.) և շունշանորդիություն։ Տեղին է նշել, որ Սարոյանի նշած մարդկանց (քաղաքական գործիչների - Ս. Հ.) պակաս մեր երկրի քաղաքական դաշտում վերջին 20 տարում բացարձակապես չի զգացվում։ Սարոյանի նշած շունշանորդիներից անցած տարիներին այնքան է արտադրվել, որ դեռ մի քսան տարի էլ նրանց պակասը չի զգացվի։ Շունշանորդիների պակաս չի զգացվում մեր երկրի կառավարման բոլոր էշելոններում։
Տարեվերջին բնապահպանության նախարարության ինչ-որ վարչության պետի ու տեղակալի ձերբակալեցին, որոնց մոտից ոստիկանները 50 հազար ԱՄՆ դոլար ստացած կաշառքի ընդհանուր գումար առգրավեցին։ Անկեղծ ասած, մտածում եմ, թե այդ վարչության պետն ու տեղակալն ինչի սիրտ էին կերել, որ առանց իրենց տիրոջ` նախարարի, այդպիսի ղալաթ էին արել։ Երբ այդ լուրը լսեցի, ակամայից ասացի` ականջդ կանչի, Քոչարյան, եթե աղքատ երկրի, աղքատ նախարարության մի երկրորդական պաշտոնյա այդպիսի մեծ չափով... ապա նախարարը որքա՞ն է վերցնում, երկրի նախագահը` որքա՞ն, նրա պահակապետը` որքա՞ն։
Քոչարյանն ասում էր` երկիրն աղքատ է, իսկ թե որտեղից էր նա, նրա պահակապետն այդքան հարստություն դիզում, հարց է։ Չար լեզուներն ասում են, որ ամեն ամիս մաքսային մարմինները մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ չեն մուտքագրում։ Տեսնում եք, չէ՞, երկիրն ի՜նչ աղքատ է։
Կյանքիս փորձը հուշում է, որ հայերի մեջ, իրոք, ուղեղով մարդիկ շատ են, բայց աշխարհում քիչ են այն հայերը, ովքեր իրենց ուղեղն առաջին հերթին ծառայեցրել են երկրին։ Օրերս փողոցում տեսա բոմժի վերածված մի մարդու։ Աղջիկս թե` պա՛, ճանաչո՞ւմ ես այդ մարդուն։ Ինչպե՞ս չէ։ Ժամանակին հայտնի Մերգելյանի տաղանդավոր էլեկտրոնշչիկներից էր, բաժնի պետ, թե ի՛նչ եղան Մերգելյանի ինստիտուտն ու նրա տաղանդավոր ինժեներները, ոչ ոք չի հիշում։
Ավելի քան 20 տարի քաղաքականությամբ զբաղվող Խոսրովը վերջերս մի «հանճարեղ» միտք հայտնեց, թե անհրաժեշտ է դեմքով շուռ գալ դեպի գյուղացին, սակայն ասածից պարզ չէր, աչքերը բա՞ց, թե՞ փակ։ Մարդը 20 տարի կառավարման բարձր էշելոններում գտնվելուց հետո է միայն գլխի ընկել, որ գյուղը պետք է, բայց չի հասկացել, որ այդ գյուղն առանց արդյունաբերության անիմաստ է։ Եթե չկա գյուղմթերքների մթերման և մշակման արդյունաբերություն, ապա գյուղացին ի՞նչ պիտի անի արտադրածը, որքան էլ Խոսրովն ու իր նմանները լավ ախորժակ ունենան։ Այսօր հազարավոր տոննա խաղող կա գյուղացիների սառնարաններում։ Տեղական շուկայում հնարավո՞ր է սպառել այդքան ծավալի խաղողը, վրացի առևտրականները չեն գալիս, Սաակաշվիլին թույլ չի տալիս, որ նրանք խաղող արտահանեն Հայաստանից։ Տեղին է հարցնել պարոն Խոսրովին, ինչո՞ւ են այդ դեպքում մերոնք թույլ տալիս, որ վրացին անսահմանափակ քանակով ցիտրուս, արքայախնձոր, պեպսի կոլա, վրացական լիմոնադ, անգամ բորժոմ ներկրի Հայաստան։ Իսկ ո՞վ պետք է արգելի, պարոն Խոսրով, երբ ուղեղ ունեցող հայը (այդ պարագայում չունեցող) հանուն անձնական շահի կարող է սատանայի հետ էլ համագործակցել։ Այսօր հայ գյուղացին ոչ միայն ընչազուրկ դասակարգ է (Տե՜ր Աստված, հանկարծ չմտածեն` մարքսիզմ եմ քարոզում) մեր երկրում, այլև անտեսված, արհամարհված։ Խորհուրդների երկրում բերքահավաքի ժամանակ մթերող գործարաններն օրնիբուն աշխատում էին։ Իսկ հիմա՞։ Գյուղացին բերքն առած հայտնվում է մթերողի դռանը (իսկ «ընդհանրապես չմթերելու պատճառով քանի՞ հազար տոննա դեղձ դաշտերում փչացավ» հարցին պարոն Խոսրովը, հավանաբար, կասի ճառի և զանգի դարձվածքի հայտնի բառերով) և վիզը ծռած սպասում է (որքան էլ Հ1-ով և մնացածներով ցույց տան նախագահին, նախարարին հղված մթերողների խոստումները, միևնույն է, դա ընդամենը շոու է), թե երբ իր հերթը կհասնի։ Իսկ երեկոյան ժամը 17.00-ին դուրս կգա օլիգարխը և իրեն հատուկ ցինիզմով կասի` ռադ եղեք, չեմ ընդունում, վաղը կբերեք։ Իսկ վաղը շաբաթ-կիրակիից հետո եկող երկուշաբթին է, մթերման գինն էլ... ավելի լավ է` չասենք։ Հիմա Խոսրովը կոչ է անում` երեսով դեպի գյուղ։ Ո՞վ է Խոսրովը, ներկայացնելու կարիք չկա։ Վիլյամ Սարոյանի ասած` աղեկ տղերքից է։
Եվ այսպես, 2009-ն արդեն պատմություն է։ Մեր նախնիները կասեին` ողջույն քեզ, Արև։ Հուսանք և հավատանք, որ 2010-ի Արևն այն աստիճան կջերմացնի հայի ուղեղը և ոչ թե լեզուն, որ նա ջերմացած ուղեղն ի նպաստ կբերի իր երկրին, և էլ երբեք չեն ասի, թե մեր երկիրն աղքատ է։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ