А напоследок я скажу!
05.06.2020 | 00:09
Մենք այնտեղ ենք, որտեղ մտածում ենք: Հարց. մենք սա մտածել ենք բոլորո՞վ, թե՞ մեր ընդհանրական-ազգային մարմնի մի հատվածով: Հաջորդիվ. մեր ընդհանրական մարմինն ի զորու՞ է այս դիմակայությանը: Պատկերը կարծես թե իդենտիկ է. Էջմիածին, 1915 թ. տիֆ, Մայր Աթոռի պատերի տակ տնքացող որբեր, պետության չգոյություն, թշնամի հարևաններով շրջապատված, աշխարհի անտարբեր թռնչոց մեր ցավերի վրա, մի քանի տագնապող հոգիներ, պատերի տակ որբերի հետ հալվող Թումանյան…. ու էդպե՜ս շարունակ:
Մեկ էական, անչափ էական տարբերությամբ. մենք այսօր պետականություն ունենք` փխրուն, մասամբ կայացած ինստիտուտներով, աշխարհի հետ որոշակի հարաբերություններով, կառուցված ներքին հարաբերություններով, և հա` բազում ու բազմազան սխալներով:
Ամենակարևոր հարցը. ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ մենք մեր ներսից հանեցինք Նիկոլին, դրեցինք աթոռին ու հիմա հնձում ենք մեր ցանածի դառը պտուղները` բոլոր ոլորտներում: Դա արտաքին աշխարհի դավադրա-գունավոր-թավշյա մտագարումների արդյու՞նք էր, թե՞ մենք կանչել էինք Նիկոլին, և ստացանք նրան:
Որքան էլ դաժան, բոլորը` միասին: Ընդ որում, այսօր և առհավետ չկա ամենակարևոր հարցի պատասխանը. ի՞նչ է լինելու, ոչ միայն այն հանգույն, որ վաղվա օրը միայն Աստված գիտի, իսկ մենք, հենց այս իշխանության օրոք կորցրինք մեր Աստծո նկատմամբ առաջին սերը (անգամ նրանք, ովքեր Աստծու առջև քայլողներ էին, քաղաքականությունը կալեց նրանց «ոգին»` «դուխով» հեղափոխությունը զբաղեցրեց մեզ, և մենք վրիպեցինք մեր Աստծու հետ «խոսելու» մեր իրական առաքելությունից):
ՈՒ հիմա, որքան էլ պարադոքսալ, գոնե «Իրատեսի» էջերում, ասելու ենք կարևորը` կորոնավիրուսը նաև «բարի» էր, ըստ այն հանգույն, որ ամեն բան բարու գործակից է:
Թավշյա` «դուխով» հեղափոխությունը մեր ընդերքից հանեց այն բոլոր «ոգիները», որոնք խիստ հիմնավոր «ապրում» էին մեր էթնոս-տեսակի մեջ: ՈՒ դա նույնպես «բարի» էր: Ասել է` անտեսանելին տեսանալի դարձավ: Ասել է` զատումը փրկության կարող ենք վերածել: Եթե էթնոսն ու տեսակը ներկարողություն ունեն հառնելու:
Բարդ զրույց է, բայց մի օր պետք է սրան անդրադարձ լիներ, զի բալասանն ու բանալին մեկն է` պետք է ճանաչվի ճշմարտությունը, որ այն ազատագրի:
Թե չէ, այո (մտնում ենք քաղաքական դաշտ) Նիկոլն այլևս զրոյացված է. անգամ իր տերերին նա պետք չէ, իր փուլն ավարտվեց: Երկրորդ էշելոնի, զարգացումների ժամանակն է: Աբսուրդ կլինի, եթե նրան փոխարինի Նիկոլ-2 տարբերակը. թե «դուխի» առումով, թե որոնման, թե տեսակի, բայց առավել կատարելագործված, քողարկված, խելացի ու հորիզոնական` ժամանակակից աշխարհին ավելի լավ հարմարեցված:
Էլ ավելի ահավոր կլինի, եթե Նիկոլը, որը սիրում է «արյուն», որին այդ ասպարեզում ևս ապրոբացիայի են ենթարկել մարտի 1-ին, որևէ կերպ չզիջի, առանց բախման-անարյուն չգնա (Ծռեր-մռերը, նյուգլոբալիստները, սորոսականները, աղանդավորները իրենց կանոնավոր բանակները ստարտի մեջ են պահում այդ առումով` Մայդան նրանք շատ են սիրում):
Հարց ամենավերջին. խորքային խաղացողները անհատապե՞ս են խաղում, թե՞ իրենք էլ անտես` այլընտրանքային հարթակ են ձևավորում, որը անհրաժեշտ «իքս» պահին, որպես դեսանտ կիջեցվի հրապարակ` խաղը ամբողջովին տանուլ չտալու, պետության հիմերը անդունդ չնետելու, դրանց ճարճատմանն ականատես չլինելու համար:
ՈՒզում ենք հավատալ, որ` այո: Սերժ Սարգսյանը ֆեյսբուքում նկարների տեսքով չի թողնում իրեն մոռացության մատնել, Վլադիմիր Գասպարյանն անչափ խոր-հետաքրքիր վերադարձի մեսիջներ է հղում, շուտով արտասահմանից կվերադառնա Վիգեն Սարգսյանը… չէ՛, չենք ուզում նախկինների վերադարձ, պետք չէ երբևէ նրանք վերադառնան` երբեք, և որևէ կոնկրետ ֆունկցիոնալ դերակատարություն ունենան: Երբեք դա չպետք է թույլ տալ. չի կարելի հին գինին լցնել նոր տիկերի մեջ… ամենամեծ սխալը կլինի:
Բա` ի՞նչ: Բա էն, որ հարկավոր է նման մի «ուղեղային» կենտրոն` շտաբ ունենալ` համախմբելու, կարող ուժերը ի մի բերելու, ամբիցիաները կողմ դնելու, ճանապարհային լուրջ քարտեզ ստեղծելու, հատվածական առկա անբնական-արհեստական, իրենց անձի վրա կառուցած խաղերը (ինչը նկատվում է ընդդիմադիրներից շատերի մոտ) վերացարկելու ուղիով` վիճակը շտկելու: Էս խաղում հաղթողներ չկան: ՈՒ դեռ շատ երկար չեն լինելու: Պետության, էթնոսի տեսակը կորցնելու անդունդն է առջևում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ