Այսպես խոսեց...
08.05.2020 | 00:38
Անկախ քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից, պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծելու իր արժանավորներին: Սրիկայության գագաթնակետն է` քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում: Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք Օլիմպիական չեմպիոն: Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ: Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը ոչ միայն բարոյազրկություն է, այլև հակասում է հայի ազգային կերպարին ու խառնվածքին:
Մեր հայկական մենթալիտետին հարիր չէ, որ տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել: Սա աբսուրդ է, երբ տրամաչափ չունեցողները իրենցից բարձր գտնվողներին ուզում են ցածրացնել, սա մի նողկալի երևույթ է, որը պատիվ չի բերում մեր ազգին: Խստորեն դատապարտում եմ Արթուրի դեմ իրականացվող սև քարոզչությունը, կոչ եմ անում սթափվել և տեր կանգնել հայեցի, տղամարդկային, ավանդական արժեքներին, հայի պատվին ու արժանապատվությանը:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՖՖ նախկին նախագահ
Մեկնաբանություններ