ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽԸ
(էսսե)
Ի պաշտոնե նա Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էր, իր բնույթով քաղաքագլուխ էր, Վանի և Դվինի, Անիի ու Սիսի ազնվական քաղաքագլուխների հոգեորդին։ Նա երևելի երազող էր և աննկուն կառուցող։
ԳՐԻԳՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆ, կառավարել է Երևանը 1962-1975 թվականներին։ Նրա փայլուն մտահղացումներից կյանքի կոչվեցին գլխավոր պողոտան, Սայաթ-Նովա փողոցը, «Կարապի լիճը», «Օղակաձև» զբոսայգին։ Երևելի բանաստեղծի անունը հավերժացնող շքեղ փողոցը պատված էր վարդերով, Սայաթ-Նովան վարդի տաղերգուն էր։ Քաղաքագլուխը բանաստեղծի փողոց կառուցեց, ոչ թե աշուղի։ (Պարույր Սևակը Սայաթ-Նովայի և Շեքսպիրի սոնետների միջև զուգահեռներ էր քաշում)։ Տիար Գրիգորի որոշ մտահղացումներ մնացին անկատար, զի երկրի քաղաքական ղեկավարությանը այնքան էլ հաճո չէր Երևանի քաղաքագլխի աճող հեղինակությունը ստեղծագործ մտավորականության շրջանում։ Շաբաթը երկու-երեք անգամ Գրիգոր Հասրաթյանը կեսգիշերից քիչ առաջ, երբ մայրաքաղաքն ընկղմվում էր կենարար քնում, այցելում էր Մինասին (Ավետիսյան), Դեղձ Աշոտին (Աշոտ Հովհաննիսյան) Վրույրին (Վրույր Գալստյան) և ժամանակի գույնն ու գիծը տաղանդավոր կերպով հավերժացնող մյուս վարպետներին։ Սուրճ, կոնյակ, հոգեպարար զրույց և ամենաէականը՝ ռազմավարական, նաև՝ հընթացս խնդիրների լուծում ոչ այնքան հյուրընկալողների, որքան հայ ազգային կերպարվեստի համար։ Նրա կառավարման ժամանակ էլ սկսվեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը (1972 թ.)։ Նա քաղաքաշինարար էր։ Ճարտարապետական փոքր ձևերի կնքահայրն էր տիար Հասրաթյանը, շատրվանների և ցայտաղբյուրների, վարդենիների ու լճակների անսամբլներով էր պատվում 12-րդ մայրաքաղաքի կենտրոնը։ Ցավոք, Գրիգոր Հասրաթյանը չունեցավ իր վսեմ գործի շարունակողը։ Մի խենթ մտահղացում մնաց անկատար։ Նա ցանկանում էր այն տարիների խստաշունչ և ձյունառատ ձմեռներից անպակաս Երևանում ստեղծել բացօդյա տաքացվող սրճարաններ։ Եկեք մի պահ տարվենք պատրանքով և հյուրընկալվենք ձմեռային մի սրճարանում, Աբովյան փողոցում։ Ձյան արծաթե հյուսքը պատել է սրճարանը շրջափակող պուրակը։ Փողոցում ցուրտ է, դիցուք, 7 աստիճան 0-ից վար։ Սրճարանում տաք է, զի քարե հատակը տաքություն էր վեր մղում։ Իսկ եթե հնչում էր Ազնավուրի «Լա բոհեմը», կամ էլ Թարիվերդիևի մեղեդին, ապա ակամա հանգում ես ևս մի ցնծագին եզրահանգման... աշխարհի մայրաքաղաքը, շատ կներեք, Երևանն է։
Երևանի կենտրոնը շարժասանդուղքով պետք է միացվեր Մոնումենտին։ Բոլոր ժամանակների քաղաքագլուխը Ալեքսանդր Թամանյանի «արևային քաղաքի» կնքահայրն էր։
Նա կաղնի էր, որը շենացնում էր 12-րդ մայրաքաղաքը։ Արժե՞ այսօր կյանքի կոչել մեծ երազողի և կառուցողի վերջին չիրականացած երազանքները, այն է՝ ստեղծել ձմեռային տաքացվող սրճարաններ և քաղաքի կենտրոնը շարժասանդուղքով կապել Մոնումենտին։ Չկասկածեք, չարժե։ Ինչու՞, պատասխանը փնտրեք հետայսու նյութի շարադրանքում, տողերում և տողատակերում։
«Анархия-мать порядка»
(ողբերգազավեշտ)
Սույն ողբերգազավեշտի վերնագիրը ռուս անարխիստների գործունեության նշանաբանն էր, որն այսօր 12-րդ մայրաքաղաքի նորհայաստանյան քաղաքապետի հավատո հանգանակն է։ Եթե ասվածը հավատ չընծայեց, և եթե այսօր ոմանց համար դեռ հնչում են 2018-ի ապրիլյան խանդավառ կոչերը, ապա նրանց նախ հրավիրում եմ և՛ Աջափնյակ վարչական շրջան՝ տեղազննման, և՛ դարձի գալու։
Աբելյան փողոցի նորակառույց բազմաբնակարան շենքի պատշգամբներից կախված է մի հսկա պաստառ, վրան գրված՝ «Մի փակեք մեր արևը»։ Արևը տեսանելի ապագայում կփակի դիմահայաց կառուցվող հսկա համալիրը, Հայկո քաղաքապետի քաղաքաշինական մտքի հերթական անարխիկ-արգասիքը։ Եվ կվրդովվեն բնակիչները, կանիծեն իրենց սև բախտը և այն օրը, երբ վստահության քվեն տվեցին հայկոյականությանը։ Քաղաքակիրթ աշխարհում (ի դեպ՝ նաև խորհրդային տարիներին) բարձրահարկ շենքի ստվերը չպետք է ստվերեր դիմահայաց շենքի անգամ ստորին հատվածը։ Սա ի ականջի օղ բնույթով զավեշտախաղի արտիստ Հայկ Մարությանին։
Աբելյան փողոցից երկու կանգառ հեռու Շիրազի փողոցն է։ 2018-ի դեկտեմբերին, կեսգիշերն անց փողոցին կից պուրակում տեղադրվեց կիսափուլ մի հնոտի, մետաղյա կրպակ։ Առավոտյան Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման գրասենյակի ծառայողները հատեցին 25-մետրանոց բարդիներից մեկը։ Ակնհայտ էր, որ ոմն ելուզակ պատրաստվում է բռնագրավելու պուրակը։ Մայրաքաղաքի քաղաքապետի ծառայությանն ուղղված ահազանգիս ի պատասխան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարից ստացա հետևյալ գրությունը. «Ի պատասխան Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 15.01.2019 թ. դիմումի, որը վերահասցեագրվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Շիրազի 26 շենքի ընդհանուր օգտագործման տարածքում մետաղյա կրպակի տեղադրման վերաբերյալ հայտնում ենք, որ Շիրազի փողոցի 26-րդ շենքի դիմաց Երևան համայնքին պատկանող հողամասը ապօրինի կերպով զավթելու և մետաղական տաղավար տեղադրելու փաստի առնչությամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից 06.12.2018 թ. կազմվել է հ. 078252 արձանագրությունը։
Հարգանքով՝ Գ. Բաբայան»։
Ապօրինության հեղինակ մետաղական կրպակը յուր տեղում է և բնավ ցանկություն չունի լքելու դիրքը։
Կրպակի դիմահայաց հատվածում, տրանսպորտային կանգառի թիկունքում սույն տարվա սկզբին գործունեությունն սկսեց մետաղի ջարդոնի և տախտակի բեռնաթափման և բեռնման բացօդյա բազան։ Այնտեղ գործում է փայտե արտաքնոցը, օրն ի բուն աղմուկ է, աղտեղություն է և այս ամենը վերացնելու նպատակով բազմիցս դիմել եմ «թեժ գծի» օգնությանը։ Քաղաքապետարանը խնդրի լուծումը ուղղորդում է Աջափնյակ վարչական շրջան։ Տարաբախտ Գևորգ Բաբայանը բազմիցս փորձում է խնդիրը կարգավորել։ Ապարդյուն։ Ահա նրա վերջին, ինձ ուղղված նամակի վերջաբանը. «...Շիրազի փող. 26 շենքի հանդիպակաց տարածքում գտնվող օբյեկտի տնօրինությանը զգուշացվել է տարածքում կատարվող անթույլատրելի գործողությունները և հակասանիտարական վիճակը վերացնելու ուղղությամբ»։ Անթույլատրելի գործողությունները շարունակվում են, հակասանիտարական վիճակը չի փոխվում։
Իմ երիտասարդ բարեկամ Հայկ Մարության-Կարգին Հայկո, մութն ընկնելուն պես շրջիր մայրաքաղաքում ու առերեսվիր հրավառությունների ամենժամյա դժոխքին։ Հակաքաղաքացիները անասնական կրքերով շաղախված դղրդացնում են երկինքն ու գետինը։ Արթնանում են մանուկները, ծանր առողջական խնդիրների առաջ են կանգնում հղի կանայք, սրտանոթային և նյարդային հիվանդությամբ տառապողները։ Ասվածը հեղինակիս զեղումը չէ, այլ առողջապահական հանրահայտ եզրակացություն։ Դու, ակներևաբար, հրավառող հակաքաղաքացիների հավատարմատար քաղաքապետն ես, զի առանց որևէ վերապահման ներքին կարգով, բայց և այնպես, ամուր ձեռքով, տոկուն մտքով խրախուսում ես հակահանրային տարրերի արշավանքները։ Եվ երբ հպարտ ու ժպտադեմ տոնում էիր մայրաքաղաքի հիմնադրման 2801-ամյակը, տոնական հրավառության պատճառով հրդեհ բռնկվեց Մատենադարանի թիկունքում, այրվեց 4000 քմ կանաչ մակերես։ Մի՞թե վերջին այս լրբենի հարվածը Երևանի ստոծանուն չի հաստատում մտահեգնանքս՝ մայրաքաղաքի կառավարման ներկա նշանաբանն է՝ «Анархия-мать порядка»։
Մի խոսքով, մայրաքաղաքը բազում անլուծելի խնդիրների առջև կքած նաև պատվազրկվում է։
Զարմանալի, զարհուրելի, զարզանդելի է, բայց և այնպես մախաթի պես աչքդ խոցող, հոգիդ խայթող փաստ է՝ մայրաքաղաքի ավագանին ուղղակի խորշում է քաղաքաբնակներիս միտքն ու սիրտը ապականող վերոհիշյալ (և բազմաթիվ այլ) խնդիրների ահազանգումից։ Սարսափելի է, զի Երևանը դարձել է վայրագ կրքերի ու անասնական կրքահեղեղի սպառման հանգրվան։ Ոչ ավելի, ոչ էլ պակաս։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Քաղաքագլուխ Գրիգոր Հասրաթյանը քաղաքակրթում էր Երևանը, բայց, երբեմն՝ անտանելի պայմաններում, զի դարձել էր կուսակցական վերնակույտի աչքի փուշը (չէ՞ որ նա սպիտակ ագռավ էր)։ Բայց նա թողեց լուսավոր հետագիծ։
Ո՞րն է քո հետագիծը, Հայկ Մարության-Կարգին Հայկո։ Ժամանակը չէ՞, որ այս մասին մտորես քնից առաջ։ Հրավառություններին ունկնդրելով, խլացուցիչները դեն շպրտած շարժակազմերի հռնդյունից խլանալով։