V. ՇՐՋԱՓԱԿՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
1996 թ. սեպտեմբերի 22-ին, նախագահական ընտրությունները կեղծելու արդյունքում, հայտարարվեց Լ. Տեր-Պետրոսյանի, առավել քան կասկածելի, հաղթանակի մասին՝ 51,35 % կողմ քվեով, ընտրողների 60,3 % մասնակցությամբ: Ի պատասխան ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու Վ. Մանուկյանի բողոքի ցույցերի, Երևանի փողոցներ բերվեցին տանկեր: Պատգամավորները, ավտոմատների փողերի տակ, կողմ քվեարկեցին իրենց ընդդիմադիր գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելուն. 1996 թ. սեպտեմբերի 26-ին ավտոմատավոր զինվորականներ էին գտնվում լիակատար նիստերի դահլիճում, որտեղ ձեռնաշղթաներով բերվեցին ծեծված Ռուբեն Հակոբյանը և Սեյրան Ավագյանը: Միասնական թեկնածուի կողմնակիցներին դաժանաբար ծեծել էին ՆԳՆ քննչական մեկուսարանում (հԼիԿ): Այն, որ քաղաքական գործընթացներին ներգրավվել էր բանակը, խոստովանել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Արշալույս գյուղի հայտնի խնջույքի տեսագրության մեջ. նա հեռուստաէկրանից անթաքույց հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը նախագահ չէր դառնա, նույնիսկ եթե հավաքեր 100 % ձայն:
ԴԱ «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ» ԷՐ
Հայաստանի, մասնավորապես Երևանի, արդյունաբերական ենթակառուցվածքի նպատակային ոչնչացումը, որտեղ կենտրոնացված էր արդյունաբերական հիմնական ներուժը, իրականում ակտիվացրեց ինժեներա-տեխնիկական և գիտական ընտրախավի արտահոսքը հանրապետությունից: Գործարանային բոլոր սարքավորումները, այդ թվում թվանշանային հագեցվածությամբ նորագույն հաստոցները, մետաղի ջարդոնի գնով վաճառվեցին և դուրս բերվեցին հանրապետությունից; Այդ «բիզնեսը» հիմնականում համակարգում էր նախագահի ավագ եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը:
Իշխանությունը հանրապետությունում հայտնվել էր ավազակային-վաշխառուական բուրժուազիայի ձեռքերում, որը ձգտում էր հնարավորինս արագ հարստանալ անտնտես վիճակում հայտնված ժողովրդական բարիքից: Գողացվում և չնչին գներով վաճառվում էր ամեն բան, որ հանրապետությունում ժողովրդական տնտեսության կայացման տարիներին ստեղծվել էր աշխատավորների ձեռքերով, և մասնավորապես, Ս. Լուրյեի մենագրության մեջ «քաղաք-երազանք» հորջորջված Երևանում: Փաստորեն վաճառվում էր «հայ ազգի երազանքը», որն, իհարկե, չէր կարող բնակչության բարոյահոգեբանական վիճակի վրա ազդեցություն չունենալ: Այդ համապատկերում լույս աշխարհ սողացին տարատեսակ արկածախնդիրներ, հայրենիքի դավաճանության համար անցյալում դատապարտվածներ, որոնք ներկայանում էին որպես հայ ժողովրդի ազատության և անկախության համար «ընդդեմ սովետական իշխանության պայքարող մարտիկներ», որոնք տուժել են «սովետական դաժան ռեժիմից»: Աշխուժացան քրեական տարրերը:
Արագ որոշում կայացվեց տրամվայը, որպես քաղաքային փոխադրամիջոց, Երևանում օգտագործելու աննպատակահարմարության և անարդյունավետության մասին: Ապամոնտաժվեցին և որպես մետաղի ջարդոն վաճառվեցին տրամվայի ռելսերը: Արդարացման նպատակով նոր իշխանությունները հղում էին կատարում եվրոպական առանձին քաղաքների, մոռանալով, որ այդ քաղաքներում բնակիչները հեծանիվ են վարում, որովհետև եվրոպական քաղաքների մեծամասնությունը տեղակայված է հարթավայրերում: Իսկ Երևանը լի է կտրուկ վերելքներով և զառիվայրերով, և հեծանվային փոխադրամիջոցից կարող են օգտվել միայն երիտասարդ, ֆիզիկապես պատրաստված առանձին քաղաքացիներ:
Նվաստացուցիչ կարծիք էր տարածվում հասարակության մշակութային շերտերի նկատմամբ:
Հայտարարվեց գիտական աստիճանների, Հայկական ՍՍՀ և ՍՍՀՄ վաստակավոր և ժողովրդական արտիստների, արվեստի գործիչների կոչումների վերացման անհրաժեշտության մասին: Զինվորական կոչումներ էին տրվում պատահական անձանց՝ առանց որևէ հիմնավորման, որի արդյունքում կադրային սպաներին շրջանցում էին զինվորական ծառայության և կարգապահության հետ որևէ առնչություն չունեցող անուսները: Դա արվում էր նաև Սովետական Միության հետ կապված ամեն բան մոռացության մատնելու համար: Միևնույն ժամանակ նորահայտ նորահարուստներն սկսեցին իրենց անվանել ազգային «ընտրանի» («էլիտա»), ամենուր հանկարծ հայտնվեցին «ազնվականների ժառանգներ», ստեղծվեց «ազնվականական ժողով»: Հայաստանում ամեն ինչ սկսեց անվանվել «արքայական», «էլիտային»: Ծայրահեղությունը հասավ. «էլիտային չանախին» (պանիր), «էլիտային հավկիթներին» և այլն:
Հայտարարվեց մայիսի 9-ը որպես Հայրենական Մեծ պատերազմում տարած Մեծ հաղթանակի օր պաշտոնապես նշելուց հրաժարվելու մասին՝ այն «սովետական» հորջորջելով: Ամենուրեք անհեթեթ պահանջ ներկայացվեց (հատկապես Բաքվի փախստականներին) զրուցակիցների հետ խոսել միայն հայերեն: Այդպես շարունակվեց մինչև 1995 թվականը:
Երևանի գլխավոր հրապարակում ապամոնտաժվեց ոչ միայն քանդակագործ-մոնումենտալիստ Սերգեյ Դմիտրիի Մերկուրովի, ստեղծագործական մարմնավորմամբ եզակի, Լենինի հուշարձանը, այլև հայ քարտաշ-վարպետների կերտած բացառիկ գեղեցկություն ունեցող պատվանդանը գունավոր գրանիտից:
Հայոց լեզվի անաղարտության պահպանման կարգախոսի ներքո իրականացվում էր հակառուսական քարոզչություն: Փակվեցին միջնակարգ կրթության ռուսական դպրոցները, զրպարտչական հերյուրանքներ տարածվեցին ռուս գրականության դասականների հասցեին՝ նպատակ հետապնդելով հանրապետության բնակչության շրջանում բացասական տրամադրություններ սերմանել սովետական, մասնավորապես, ռուսական ամեն բանի հանդեպ: Այդ նպատակով գրական ստեղծագործություններից «դուրս էին քաշվում» առանձին մեջբերումներ, որոնք, իբրև թե, ապացուցում էին ռուս դասականների բացասական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Միևնույն ժամանակ, հասարակության մեջ ներդրվում էին անգլերեն բառեր և արտահայտություններ, ինչպես «օքեյ», «շոփ», «մարքեթ» և այլն: Հասնում էր զավեշտի. «մինի հիփերմարքեթ»: Եվ այդ ամբողջ խայտառակությունը գրվում էր հայատառ: Նոր «փողոցային իշխանությունների» (փողոցային հանրահավաքների միջոցով իշխանության գալու իմաստով) նման ամոթալի քաղաքականությունը բնակչության շրջանում հակառակ ազդեցություն էր գործում. մարդիկ սկսեցին ավելի հաճախ խոսել ռուսերեն և, եթե XXI դարի երկրորդ տասնամյակում այդ միտումը դադարեց, ապա մեղավոր են արդեն ռուսական զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները և առանձին պաշտոնյաներ, բայց այդ մասին՝ ավելի ուշ:
Այդօրինակ քաղաքականությունն իրականացվում էր հայ և ռուս ժողովուրդների նմանության և մտերմության գիտական ուսումնասիրման հիման վրա հայ և ռուս ժողովուրդներին միմյանցից արհեստականորեն վանելու նպատակով: Այսպես, մենագրության մեջ նշվում է. «XIX դարում Արևելյան Հայաստանի հայերի սոցիալական կացութաձևը գյուղական համայնքն էր: Այն իրենից ներկայացնում էր տիպիկ արևելյան համայնք՝ շատ գծերով նման ռուսական համայնքին: Այն, ինչպես ռուսականը, ոչ միայն հողային-տնտեսական միություն էր, այլև, առաջին հերթին, գյուղական «աշխարհ»՝ իր գործառույթների ամբողջ բազմազանությամբ (ներառյալ տնտեսական, վարչական, կառավարման, մշակութային, պատժիչ, պաշտպանական), այսինքն, ըստ էության, մինի-պետություն»:
Հայերին ռուսներից պոկելու և համայնք-«աշխարհի» հիմքը խարխլելու համար անհրաժեշտ էր ոչնչացնել գյուղացիությանը: Նոր իշխանությունը «հողը տվեց գյուղացուն», բայց ենթարկեց անմատչելի հարկերի: Ժողովուրդն ասացվածք հորինեց. «Ոչ թե հողը գյուղացուն տվեց, այլ գյուղացուն հանձնեց հողին»: Ի դեպ, նույն կերպ վարվեցին նաև Ռուսաստանում նոր իշխանությունները, որտեղ, ոչնչացնելով ռուսական գյուղը, վերացրին նաև ռուսական «աշխարհը»: Լուրյեի վերլուծությունն առաջ է գնում. «Ռուսական և հայկական համայնքների զարգացման ընթացքը նման էր և զգալիորեն տարբերվում էր մյուս ժողովուրդների մեծ մասի համայնքների զարգացման ընթացքից»: Ընդ որում, մենագրության մեջ հատկապես նշվում է, որ «Հայերը… ոչ միայն կամավոր մտան ռուսական կայսրության կազմի մեջ, այլև ակտիվորեն դրան էին ձգտում ավելի քան 150 տարվա ընթացքում, իսկ հետո զենքը ձեռքներին օգնում էին Ռուսաստանին նվաճելու Անդրկովկասը, մեծ հաճույքով էին գնում ռուսական պետական ծառայության:
Նրանք կազմում էին «Կովկասում ծառայող պաշտոնյաների, երկաթուղային կայարանապետերի, գրասենյակային աշխատողների, գրագիրների, ընդհանրապես մանր մտավորականների գերակշիռ մասը: Նրանց թվին է պատկանում Կովկասի փաստաբանների և բժիշկների զգալի մասը: Նրանք երբեմն հայտնվում են նահանգապետերի, պետական ունեցվածքի կառավարիչների պաշտոններում: Եզակի չեն հայ սպաները, գնդապետներն ու գեներալները: Նրանք մասնակցել են Կովկասում ռուսների բոլոր պատերազմներին և մշտապես առանձնացել իրենց խիզախությամբ»: Ի դեպ, նաև Օսմանյան կայսրությունում, հենց որ քրիստոնյաներին թույլատրվեց զբաղեցնել պետական պաշտոններ, հայերն օգտագործեցին այդ հնարավորությունը: Ռուսական կայսրության կազմում ինքնավարության հույսերի, ծրագրերի խորտակմանը, որոնց նկատմամբ ժամանակին հակվածություն էին դրսևորվում ռուսական արքունիքում, նրանք վերաբերվում էին գրեթե բացարձակ անտարբերությամբ և թեթևորեն (ի տարբերություն վրացիների) ընդունում ստեղծված իրավիճակը: Կարելի է ասել, որ քաղաքական ինքնավարությանը հայերը ցուցաբերում էին գրեթե լրիվ անտարբերություն, սակայն մշակութային ինքնավարությունը համարյա սրբազան գործ էր նրանց համար»:
Անուղղակի ակնարկի միջոցով հուշում է. անհրաժեշտ է ի ցույց դնել հայերին մշակութային ինքնավարության կորստի վտանգը, որի համար՝ հրաժարվել ռուսաց լեզվից և, առաջին հերթին, հետապնդել ռուսալեզու մտավորականությանը: Միևնույն ժամանակ քարոզվում է անգլերենի իմացությունը, որին զինվորագրվում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հետաքրքիր փաստ. համացանցում քարոզվում է հայերեն բառերի լատինատառ գրագրությունը, որը հղի է անդառնալի հետևանքներով:
Այդ ամենը բարոյա-հոգեբանական ճնշող ազդեցություն ունեցավ, հիմնականում, երևանյան ռուսախոս ընտրախավի վրա:
Եվ դարձյալ Լուրյեն. «Երևանը, որպես միլիոնանոց հսկա քաղաք, սկսեց ձևավորվել մեր աչքի առաջ… Նրա բնակչության հիմնական աճը տեղի ունեցավ մեր դարի (նկատի ունի XX դարը) 50-70-ական թթ.: Դրանք տարիներ են, երբ նույնքան արագ մեծացան նախկին ՍՍՀՄ շատ քաղաքներ՝ իրենց մեջ ընդգրկելով նախկին գյուղացիների, փոքր բնակավայրերի բնակիչների, տարատեսակ գաղթականների: Դա, մի տեսակ, ժողովուրդների մեծ տեղաշարժերի ժամանակաշրջան էր, … երկրի ամբողջ տարածքում ինտերնացիոնալ վիթխարի կենտրոնների ստեղծման … Երևան նույնպես գալիս են ամբողջ Միությունից, բայց գալիս են հայեր, գրեթե միայն հայեր: Երևանի բնակչության մի մասը սերում է հայկական գյուղերից, մյուսը (քանակապես ավելի մեծ)՝ միութենական այլ խոշոր քաղաքներից և մայրաքաղաքներից, առաջին հերթին, Վրաստանից և Ադրբեջանից: Բացի այդ, հազարավոր հայեր՝ արտերկրից: Միանգամայն տարբեր հոսքեր. լեռնային խուլ գյուղերի բնակիչներ, թիֆլիսցիներ, փարիզցիներ: Գումարած «հին երևանցիները»: Մեր աչքերի առաջ ինքնաբուխ ստեղծվում է միանգամայն նոր ինչ-որ բան, աննախադեպ՝ հսկայական ազգային կենտրոն, չնախատեսված և իրականում չհամակարգվող էթնոսի համախմբում մեկ հանրույթի մեջ, օրգանական և բնական: Եթե ուշադրություն դարձնենք ներկայիս Հայաստանի տարածքի չնչին չափերին՝ գործնականում վեր է խոյացել ազգային քաղաք-պետություն: Եվ դա տեղի է ունեցել մի երկրում, որտեղ ժամանակակից Երևանի նման մեգապոլիս ստեղծելը փաստացի բացարձակապես անհնարին էր՝ տարածաշրջանային արհեստական ինտերնացիոնալացման քաղաքականության պայմաններում: Պատմության «բնականոն» ընթացքի տեսանկյունից՝ այդպիսի քաղաք, պարզապես, չպետք է լիներ»:
Մենագրության մեջ լուսաբանվող երևույթները կանխագրում են ամբողջական քաղաքային մտածողության կայացում, որը միավորում է երևանցիներին մեկ միաձույլ մարմնի մեջ: Դրանով հանդերձ, անհրաժեշտ է նշել, որ «երևանյան» առանձնահատուկ մտածողությունն ու կենսակերպը ընդգրկում և միավորում է քաղաքի սահմաններում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների: Եվ այնուամենայնիվ, հատուկ շեշտվում է Երևանի էթնիկ միատարրությունը որպես իրողություն, որը դուրս է սովորական ուսումնասիրության և ներգործության հնարավոր շրջանակներից:. «Պատմության «բնականոն» ընթացքի տեսանկյունից՝ այդպիսի քաղաք, պարզապես, չպետք է լիներ»:
«Բազմաէթնիկ քաղաքը ուրբանիզացման ընթացքում մոնոէթնիկի վերածելու «համանման ֆենոմեն» երկրագնդի վրա ոչ մի տեղ գոյություն չունի: Այդ առումով Երևանը բացառիկ է: Երևանի հայերը թվում են հնատոհմ քաղաքացիներ, քաղաքային մշակույթին վաղուց վարժված քաղաքաբնակ ժողովուրդ: Իսկ Երևանը թվում է խիստ ամբողջական, փոխհարաբերությունների ոճով՝ բնահատուկ, իր ավանդական և պահպանողական խիստ ամուր միջավայրով քաղաք: Այն հիշեցնում է հին քաղաք, որտեղ դեռևս չեն ոչնչացել ավանդույթները, ասես այլ քաղաքներում ավանդական հարաբերությունների կործանման գործընթացն ավելի արագ է տեղի ունեցել, իսկ Երևանում՝ դանդաղ, բայց շուտով հերթը նրան էլ կհասնի: Սակայն ոչ: Երևանը լրիվ նոր քաղաք է, լրիվ երիտասարդ, չնայած Երևան-պատմության, Երևան-լեգենդի գլխապտույտ տարիքին»:
Մենագրության հեղինակը բարեխղճորեն հետազոտել և համակողմանի բնութագրել է Երևանի ֆենոմենը: Սակայն այդ ֆենոմենի բացառիկությունն ու հատկապես արհեստականությունը, բացահայտված ցավոտ կետերով, դժվար չէ կոռոզիայի ենթարկել՝ նպատակային ագրեսիվ հարձակմամբ. «Այն հիշեցնում է հին քաղաք, որտեղ դեռևս չեն ոչնչացել ավանդույթները, ասես այլ քաղաքներում ավանդական հարաբերությունների կործանման գործընթացն ավելի արագ է տեղի ունեցել, իսկ Երևանում՝ դանդաղ, բայց շուտով հերթը նրան էլ կհասնի: Սակայն, ոչ»: Ինչո՞ւ՝ «ոչ»: Դե, քանի որ դրա համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, և այդ պայմանները կարելի է ստեղծել: Այսպես, «Երևանի հայերը թվում են հնատոհմ քաղաքացիներ, քաղաքային մշակույթին վաղուց վարժված քաղաքաբնակ ժողովուրդ»: Բայց չէ՞ որ նրանք հենց քաղաքացիներ են երրորդ, չորրորդ սերնդի. հին երևանցիներից բացի, նաև մոսկվացիներ, թբիլիսցիներ, բաքվեցիներ, լենինգրադցիներ, փարիզցիներ, ռոստովցիներ, թեհրանցիներ, կահիրեցիներ և այլն, և այդ է պատճառը, որ դրանում զարմանալի ոչինչ չկա: Մենագրության մեջ կա ևս մեկ բացահայտում, որին հայերն անգամ չեն անդրադարձել. «Եթե ուշադրություն դարձնենք ներկայիս Հայաստանի տարածքի չնչին չափերին՝ գործնականում վեր է խոյացել ազգային քաղաք-պետություն»: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ Երևանը ոչնչացնելով կարելի է կործանարար հարված հասցնել հանրապետությանը (այսինքն, ժողովրդին) ամբողջապես: Այդ է պատճառը, որ Ս. Լուրյեն, տեղի «ընկերների» հետ, ուսումնասիրում է արքետիպի գրական բաղադրիչները և, հետևաբար, հայ ազգի էթնոհոգեբանությունը: Հայկական էպոսի հերոսներին ուսումնասիրելով, Լուրյեն անդրադառնում է նաև ժամանակակից գրական ստեղծագործություններին՝ գրագիտորեն վերաբերվելով իրեն ներկայացված գրականությանը:
(շարունակելի)
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ