ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է
30.11.2018 | 01:08

ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ ընկերությունների և ՏՀՏ գործատուների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:


Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են ևս 5-ը: «Հոկտեմբերին ունեցել ենք ամփոփիչ քննարկում՝ արձանագրելով ծրագրի արդյունավետությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հուշագիրը ևս մեկ անգամ փաստում է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարության առաջնահերթություններից է, և պետություն-մասնավոր համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ունենանք հաջողություններ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունն էլ ավելի է խորանալու: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրում ներգրավված դպրոցների տնօրեններին՝ ընդգծելով, որ առանց վերջիններիս աջակցության չէր արձանագրվի նման հաջողություն: «Մի փոքր դժվարություն կա՝ նոր դպրոցների ներառման հետ կապված, քանի որ համապատասխան մասնագետներ գտնելու և նրանց վերապատրաստելու խնդիր կա: Սակայն այս հարցը ևս հաջողությամբ լուծելու ենք և առաջ գնալու: ՏՀՏ ոլորտում բարձրակարգ մասնագետներ ունենալը նշանակում է՝ ոլորտը սպասարկող լրացուցիչ ծառայություններ մատուցող նոր աշխատատեղեր»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ծրագրում կներգրավվեն նաև մարզերի ավագ դպրոցները, քանի որ ապակենտրոնացումը և մարզերի համաչափ զարգացումը ևս կառավարության առաջնահերթություններից են, առավել ևս, որ փորձնական ծրագրում ներգրավված Գյումրիի և Վանաձորի դպրոցները հանդիսացել են ծրագրի առաջամարտիկներ:


«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում: «Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զարգացման առաջնահերթություն, և եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,- նշել է նա:


«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կարևոր է, որ բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին: «Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռևս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաև մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,- նշել է բանախոսը:
«Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարում աշխարհը տնտեսական նոր հեղափոխության շեմին է: «Որպես Հայաստանում գործող ՏՀՏ ընկերություն, մեր ամբիցիաները բարձր են: Վստահ եմ, որ մեր երկիրը պետք է հեղափոխություն ապրի նաև տնտեսության մեջ, իսկ դրա կարևոր ուղղություններից մեկը ՏՀՏ-ն է: Առանց որակյալ կրթության հնարավոր չէ հասնել հաջողության՝ և՛ որպես պետություն, և՛ որպես առանձին ընկերություն»,- ընդգծել է նա: ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ փորձնական ծրագրի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 20 ուսուցիչ, շուրջ 2800 աշակերտ կրթություն է ստացել ՏՀՏ բնագավառում: «Ոգևորիչ է այս հարցում ԿԳՆ-ի աջակցությունը, և մենք հույս ունենք, որ ծրագրի արդյունքում հիմնարար գիտելիքներով օժտված ավելի մեծ թվով աշակերտներ կունենանք»,- ընդգծել է Էդուարդ Մուսայելյանը:


Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը, կմշակի, կլրամշակի և կհաստատի այդ առարկաների չափորոշիչները և ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաև կաջակցի դրա հանրային իրազեկմանը: «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշչի և ծրագրի մշակմանը և կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը: «Յունիքոմփ» ընկերությունը նաև տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների և համակարգչային ցանցի սպասարկմանը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև կիրականացնի ծրագրի մոնիթորինգը և դպրոցների ընտրությունը:

Դիտվել է՝ 3660

Մեկնաբանություններ