ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Արթնացանք նոր Հայաստանում, որը դեռ ապացուցելու բաներ ունի

Արթնացանք նոր Հայաստանում, որը դեռ ապացուցելու բաներ ունի
24.04.2018 | 14:26

Քաղաքական իրադարձությունների նման շրջադարձը մի կողմից` դրական է, մյուս կողմից` բավական մեծ անորոշություն կա: Բեկումը եղավ, սակայն այն մեծ ոգևորությունն ու սպասումները դեռ պետք է արդարացնի նոր ղեկավարությունը: Ապացուցի, որ իսկապես հրաժարվել է նախկին համակարգի ախտերից ու նորի հիմք է դրվում: Այս պահին դեռ վաղ է ասել, թե ՀՀԿ-ի ստեղծած տարիների վարքն ու բարքը տասն օրում կամ մեկ ամսում վերանալու են: Շատ բան է կախված Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունների արդյունքից: Ո՞ր ճանապարհով կգնան ՀՀԿ-ից մնացած կարապետյանական թևը և ժողովրդի մեծ զանգված թիկունքում ունեցող Նիկոլ Փաշինյանը: Կհաջողվի՞ նրանց վեր կանգնել հավակնություններից ու երկիրը կրկին մաս-մաս չբաժանելու դարավոր սկզբունքից: Դեռ երկու կողմերն էլ հանրությանը պետք է ապացուցեն, որ իրենք կարող են այս երկրում տեղաշարժեր անել:


Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, որն իսկապես ամենամեծ նվաճումն արձանագրեց՝ հանրությանը ոտքի հանեց: Նրան այսօր ամենամեծ իշխանությունն է վստահված, ժողովրդի հավատը: Նա կկարողանա՞ գլուխ հանել այն մեծ պատասխանատվությունից, որ այսօր հազարավոր մարդիկ դրել են նրա ուսերին, կկարողանա՞, ինչպես ինքն է ասում, զտարյուն, ուղնուծուծով, մաքուր հայկական թավշյա հեղափոխությունը հասցնել ավարտին: Փաշինյանն է այսօր փոփոխությունների սիմվոլը համարվում, կիրականանա՞ն փոփոխություն ակնկալող հանրային սպասումները: Սրանք հարցեր են, որոնք դեռ ժամանակ են պահանջում, բայց անպայման կանգնած են ընդդիմության այսօրվա ղեկավարի դռանը:


Ապացուցելու խնդիր ունի նաև արդեն առնետավազք «ապրող» ՀՀԿ-ն: Բայց նրան լրիվ այլ բան է վերապահված: Սկսվել է Սերժ Սարգսյանի ուրացման գործընթացը: ՀՀԿ-ում դեռ կանգուն են Կարեն Կարապետյանի թիմակիցները, իսկ ժամանակին նրան վարչապետություն չվստահող ՀՀԿ-ականներն անորոշության մեջ են, սկսե՞ն հիմա էլ Կարապետյանի գովքն անել ու կախվել արդեն խարխուլ իշխանության վերջին գնացքից, թե՞ համակերպվել տխուր ճակատագրի հետ: Սակայն Կարեն Կարապետյանն իսկապես ապացուցելու բան ունի: Ի վերջո, նա է նստում Փաշինյանի, իմա՝ ժողովրդի հետ բանակցելու, և նա է իր գործողություններով ապացուցելու` ի վիճակի՞ է շարունակել մնալ Հայաստանի նոր իշխանական համակարգում, թե՞ ինչ-որ պահի Փաշինյանը նրան էլ վերջնագրեր պետք է ներկայացնի:


Ամեն դեպքում, այսօր մենք արթնացանք նոր Հայաստանում, բաց դեռ պետք է ապացուցել, որ այդ նորը կտրել է իր բոլոր արատավոր կապերը հնից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ