Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հրաժարական տված Սերժ Սարգսյանը` Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամը, հարևանների իշխանափոխությունը ընդդիմության պահանջով Կրեմլը երբեք չի ողջունել: Սակայն Սարգսյանի հրաժարականը բազմահազարանոց բողոքներից հետո Ռուսաստանի պաշտոնատար անձինք չդատապարտեցին: Դեռ 6 օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում էր Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը: Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է ԵԱՏՄ-ում, ՇՀԿ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, Հայաստանի տարածքում է 102-րդ ռուսական ռազմաբազան` երկու զորախմբով` Գյումրիում ու Երևանում: Ապրիլի 3-ից սկսված բողոքները Կրեմլը զուսպ էր մեկնաբանում: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասում էր, որ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանին, բայց համարում է ներքին գործ: «Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, հավանաբար միայն դա կարող եմ ասել»` պատասխանում էր Պեսկովը լրագրողների հարցերին, թե Կրեմլը իրավիճակը Հայաստանում համարու՞մ է տարածաշրջանի կայունության սպառնալիք:
Ֆեյսբուքյան գրառումներ
Կոնստանին ֆոն Էգերտ
Եթե ճիշտ է, որ Սարգսյանը հրաժարական է տվել և դա մարտավարական մանևր չէ, դաշնակից երկրում մոսկովյան քաղաքականության վիթխարի ձախողում է: Վստահ եմ, որ դեսպանատունը ընդդիմության հետ նվազագույն շփումներ ուներ: Մեր դիվանագիտության հետ միշտ այդպես է` միակողմանի կողմնորոշում «կլիենտների» ուղղությամբ, հասարակական գործընթացների անտեսում, հետո հեղափոխություն ու կոտրած տաշտակ: Բայց այդպես վրիպել Հայաստանում` հատուկ տաղանդ է պետք:
Անդրեյ Նեչաև
Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել ընդվզումների համապատկերում: ԲՌԱՎՈ, ՀԱՅԵՐ: ԴԱՍ ՄԵԶ` ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՅՔԱՐԵԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Վերջ, կառավարությունը հրաժարական տվեց: Թավշե հեղափոխությունը հաղթեց: Հիմա գլխավորը, որ պտուղները չքաղեն սրիկաները, ինչպես հաճախ է պատահում:
Իգոր Լեբեդև. Պետդումայի փոխնախագահ (ԼԴԿ)
Հայ ժողովուրդը սեղմեց իրավիճակը, ապրեն: Ոչ ոք չի ցանկանում միևնույն մարդուն տասնամյակներով հանդուրժել պետության գլխին: Անհրաժեշտ է իշխանության ու կուսակցությունների փոփոխելիություն:
Սերգեյ Մարկով
Հայաստան: Սարգսյանը հրաժարական տվեց ոչ այն պատճառով, որ այդքան խաղաղասեր է, այլ այն ժամանակ, երբ ընդդիմության կողմը սկսեցին անցնել զինվորականները և երբ բանտից բաց թողեցին ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:
Mikhail Vinogradov
«Вести» ծրագիրը Հայաստաի վարչապետի հրաժարականի սյուժետն անվանեց «Հանուն խաղաղության ու ներդաշնակության երկրում»: Դե արի ու այսպիսի պարտվողականների հետ պատրաստվիր ապագա միջուկային պատերազմի հաղթանակին:
Արկադի Դուբնով, Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ. Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խաբել է մարդկանց, այդ թվում խոստացել էր, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, իսկ հայերը հպարտ մարդիկ են և դժվարությամբ են ներում դա: Այդ թվում երիտասարդները խիստ հոգնել էին իշխանության չկատարվող խոստումներից, որ բռնազավթվել էր Սարգսյանի գլխավորությամբ: Այդ պատճառով երբ ընդդիմության մեջ առաջնորդ հայտնվեց, կարողացավ բոլորին արագ համախմբել իր շուրջ, այդ թվում` երիտասարդներին: Սարգսյանի վարքագծի նենգությունը սրեց իրավիճակը` նա չափազանց իշխանասեր ու ինքնավստահ մարդ է: Բայց նրա վարքագիծը ցույց տվեց, որ արդեն երեկ չէր տիրապետում իրավիճակին երկրում: Սարգսյանը հայ է և նման կոշտ քայլերի չդիմեց, որովհետև դա սպառնում է հայերին իբրև ազգի:
Մարիա Զախարովա. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Ժողովուրդը, որ ուժ ունի իր պատմության ամենաբարդ պահերին չբաժանվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կատեգորիկ տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է:
Վյաչեսլավ Վոլոդին, Պետդումայի նախագահ
Դա պետության ինքնիշխան գործն է:
Լեոնիդ Կալաշնիկով. Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ
Սերժ Սարգսյանը հեռացավ փողոցի ճնշման տակ նաև հասկանալով, որ եթե կառչի իշխանությունից, պետք է ներգրավի ռազմական կառույցները, այսինքն` արյուն հեղվի: Նա կարող էր դրան գնալ, նա եղել է տարբեր իրավիճակներում ու արյուն հոսել է, բայց նա դրան չգնաց, հասկանալով, որ դա ելք չէ իրավիճակից: Հայաստանը փոքր երկիր է` տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ ընկղմված, որի մեջ մեղավոր է ինքը Սարգսյանը, որովհետև երկար-երկար տարիներ ղեկավարել է հանրապետությունը, ընդորում երկիրը աշխարհաքաղաքական շատ ծանր վիճակի մեջ է և կտրված է ապրանքահոսքից: Բոլոր դեպքերում Սարգսյանի որոշումը տղամարդավարի, արժանավոր քայլ է նրա կողմից: Մարդը կարող է ընդունել իր սխալները և մյուս կողմից` արյուն չհեղել: Բոլոր դեպքերում բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքականորեն Հայաստանը կապված է և այդ կապը ոչ ոք չի կտրի: Մյուս կողմից` կգա տնտեսապես գրագետ վարչապետ: Ավելի շուտ` Հայաստանում կընտրեն ինչ-որ ապաքաղաքական թեկնածուի:
Անդրեյ Զուբով, պատմաբան
Հայաստանի իրադարձություններն իսկզբանե Մոսկվային թվում էին բավականաչափ անկարևոր, ուշադրություն չէին դարձնում ու գտնում էին, որ ներքին ուժերը կբավարարեն ընդվզումների հետ հարցերը լուծելու, կճնշեն ինչպես իրենք 2011-ին:
Ալեքսանդր Կարավաև, ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող
Կրեմլը սովորել է ատիպիկ արձագանքի: Յուրաքանչյուր կոնկրետ երկիր ինքնատիպ պատկեր է ցույց տալիս, և ռուսական շահերը, և ներկայությունն արտահայտվում է տարբեր ու տարբեր ոլորտներում: Հայաստանի դեպքը եզակի է, որովհետև Հայաստանը խորապես Ռուսաստանի ազդեցության ուղեծրում է` և տնտեսապես, և աշխարհաքաղաքականորեն: Հայաստանը խորապես կապված է Ռուսաստանին և Մոսկվայում հասկանում են, որ ով էլ գա իշխանության, եթե խոսքը իշխող էլիտայի, այլ ոչ արմատականների մասին է, միևնույն է, մնալու է ռուս-հայկական կապերի կոշտ շրջանակներում: Մոսկվայում սպասում էին Սարգսյանի հրաժարականին: Ուժեղացող բողոքները անձնապես մեկ ղեկավարի դեմ անխուսափելիորեն կասկածի տակ է դնում ամբողջ քաղաքականությունը: Հավանաբար` Կրեմլում եզրակացրել են, որ եթե Սարգսյանի հեռանալը ելք է, ինչու՞ նա չհեռանա: Սարգսյանի սխալն էր, որ հետևանքները չհաշվարկեց, հաշվի չառավ իր ցածր վարկանիշը և քաղաքացիների դժգոհության աստիճանը` որոշելով վարչապետ մնալ: Մոսկվայի համար Սարգսյանի հեռանալը ստեղծված իրավիճակում չարյաց փոքրագույնն է: Եթե այդ հրաժարականը մարի ընդվզման ալիքը, հաջորդ վարչապետը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ կատարել նույն դերը, ինչ Սարգսյանը:
Այսպիսին էին ռուսական առաջին գնահատականները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. BBC-ի գնահատականով` շատ արագ ու անսպասելի իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, Մոսկվան չհասցրեց ակնթարթորեն արձագանքել: Հենց արագության պատճառով` Սարգսյանի հրաժարականը մնաց «Հայաստանի ներքին գործ» և չվերաճեց Ռուսաստանի միջամտության, ինչպես եղավ ուկրաինական Մայդանի դեպքում: Գործողությունը թույլ տվեց խուսափել ատելության ու նյարդայնության պրոյեկտումից ամբողջ պետության քաղաքականության վրա: Հրաժարականը հարկադրական գործողություն էր, որ բողոքները չվերաճեն ավելի մեծ վնասի և չտուժի խորհրդարանական կոալիցիան, որի շնորհիվ կա ՀՀԿ-ն ու Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը: Բրիտանացիներին ներելի է այդքան ակադեմիական գնահատականը` նրանց համար կոալիցիան կոալիցիա է, կուսակցությունը` կուսակցություն, վարչապետը` վարչապետ: Նրանք հայկական, ավելի ճիշտ` ռուսական, մենթալիտետը այդպես էլ չհասկացան: