ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Բոլոր հարցերի պատասխանները` երեկոյան հանրահավաքի ժամանակ

Բոլոր հարցերի պատասխանները` երեկոյան հանրահավաքի ժամանակ
23.04.2018 | 15:44

Դեռ ապրիլի 17-ից ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որ նրան թողել է վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ի առավոտյան 10-ին դա առավել քան ակնհայտ դարձավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Կողմերը չէին եկել բանակցելու: Դուք տեսաք զայրացած ու անակնկալի եկած վարչապետ, որ խոսքի կեսից հեռանում է: Ակնհայտորեն գիշերը ինչ-որ պայմանավորվածություն էր խախտվել և իր կողքին նա տեսնում էր, ոչ թե բանակցելու պատրաստ, այլ ուլտիմատում ներկայացնող և նույնքան ու ավելի բանակցելու անպատրաստ Նիկոլ Փաշինյանին, ում ամբողջ խոսքի ենթատեքստը մեկն էր` եթե չեք հեռանում, ձերբակալեք ինձ, ես չգիտեմ այլևս ինչ անել: Նախորդ ընդդիմությունների փորձից հասկանալի էր, որ փակ հանդիպման Նիկոլ Փաշինյանը չի գնա` ինչպես բանակցում էր ՀԱԿ-ը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի պես կհարցնի` ինչպե՞ս է տիկին Ռիթայի առողջությունը: Նա պիտի վա բանկ գնար ու գնաց` եթե իր ձերբակալությամբ շարժումն ավելի է ուժեղանում, ինքը շահում է, եթե շարժումը մարում է, ինքը պատասխանատու չէ: Սա Նիկոլ Փաշինյանի համար իդեալական ելք է, իշխանության համար` ծուղակ: Իշխանությունը խայծը կուլ տվեց` ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին, ու իշխանությունը հայտնվեց խաչաձև կրակի տակ: Նախ` փողոցը չդատարկվեց, հակառակը` փողոց դուրս եկան նրանք, որ այս օրերին տանն էին եղել, հաջորդեց միջազգային արձագանքը ԵՄ-ից, ԱՄՆ դեսպանատնից: Այն էլ` կիրակի օրով: Եվ խնդիրն ավելի բարդացավ` եթե մինչև հիմա ոստիկանությունը գործում էր հիմնականում իրավական դաշտում, մի քանի բացառություններով, Սերժ Սարգսյանի խոսքը ու պատգամավորների ձերբակալությունը իշխանությանը վերադարձրեց 10 տարի առաջ:


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորեց հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ. «Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»: «Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»` ընդգծում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: ԵՄ-ն մեկ օրում երկրորդ հայտարարությունն արեց` կոչ անելով իշխանություններին հարգել խաղաղ հավաքների անցկացումը և անհապաղ ազատ արձակել այն անձանց, ովքեր բերման են ենթարկվել օրենքին համապատասխան հավաքի իրենց հիմնարար իրավունքը իրացնելիս: «Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է: ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար, համաչափ կիրառումը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»: «Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը»` արձանագրվում էր Ֆեդերիկա Մոգերինիի անունից:


Ի՞նչ ստացվեց.
1. Շարժումը ավելի մեծ թափ հավաքեց, որ ակնհայտ դարձավ երեկ երեկոյան Հանրապետության հրապարակի հանրահավաքում ու այսօր առավոտից դասադուլ-գործադուլների ալիքով: Այս ցուցարարներն անարդյունք տուն չեն գնա:
2. ՀՀԿ-ն լռում է, քաղաքական դաշտում ընդդիմադիրացում է` անգամ ԲՀԿ-ն երեկ իրեն թույլ տվեց ընդդիմության հայտարարություն:
3. Իրավիճակը լարում է ապրիլի 24-ը` հասկանալի չէ, թե վաղը ի՞նչ կարող է կատարվել Ծիծեռնակաբերդի ճանապարհին կամ Ծիծեռնակաբերդում:
4. Վարչապետը հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը հակառակ էֆեկտն ունեցավ` այսօր արդեն նախագահի նստավայրում խորհրդակցություն է եղել Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ և խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որ Աժ-ից հետ կանչվի 3 պատգամավորների կալանքի միջնորդությունը։ Նա գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Երեկ Կարեն Կարապետյանն ասում էր. «Մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող»: Ի՞նչ ու ինչպե՞ս է նա համոզելու Նիկոլ Փաշինյանին ու ի՞նչ է առաջարկելու: Երեկ նրան հանդիպել է Արա Բաբլոյանը և ակնհայտորեն հաջողության չի հասել:


Այսօր, երբ համատարած երկխոսության առաջարկներ են, որևէ կողմից օրակարգ չի առաջարկվում: Բանակցել` ինչի՞ մասին: Երբ «Իմ քայլը» պահանջում է միայն վարչապետի հրաժարական և պատրաստ չէ այլ լուծման, ինչի՞ է պատրաստ իշխանությունը: Դեռ երեկ Էրեբունի համայնք գնացող Նիկոլ Փաշինյանը, կանգնելով ոստիկանական պատի առաջ, կոչ արեց որևէ հրաման չկատարել. «Կոչ եմ անում որևէ ձևով չկատարել այդ ոչ ադեկվատ մարդու հրամանները, որովհետև նա չի հասկանում իրավիճակը, գտնվում է հիստերիկ նոպայի վիճակում: Կոչ եմ անում՝ մեր հայրենիքը հանկարծ չզոհաբերեք նրա կոռումպացված կլանին, տղերք, սա ձեր երեխաների, ընտանիքների ճակատագրի հարցն է, վայր դրեք ձեր զենքերը և միացեք ժողովրդին: Սա ձեր պատասխանատվությունն է ՀՀ ժողովրդի և պետության առաջ»: Բայց որքանո՞վ է ադեկվատ ինքը` Փաշինյանը: Փաստացի` ադեկվատ չէ և պարզապես չգիտի` ի՞նչ անել: Ի՞նչ երաշխիքներ ունի, որ բանակն ու ոստիկանությունը վայր են դնելու զենքերը ու միանալու են իրեն: Ու եթե նույնիսկ դա լինի, ի՞նչ է անելու այդ անսահմանափակ իշխանությունը նա: «ՀՀ-ի ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը իրականության զգացումը կորցրել է, և չկատարեն նրա հրամանները: Նա գտնվում է անհավասարակշիռ, հիստերիկ վիճակում, և ուժային կառույցները պետք է գիտակցեն, որ ներվային վիճակում գտնվող մարդու հրամանները չպետք է կատարել»` ձերբակալությունից մի քանի րոպե առաջ վստահ էր Նիկոլ Փաշինյանը, բայց կատարեցին չէ՞: Ու` կատարելու են, որովհետև համարում են, որ գործում են հանուն պետության:


Փաստացի` պետության ու իշխանության սահմանագիծը կորցրել է սահմանները ու չի ընկալվում` որտե՞ղ է ավարտվում պետությունը ու որտեղի՞ց է սկսվում իշխանությունը: Եվ հիմա ո՞վ ու՞մ դեմ ու ինչի՞ համար է պայքարում: Ու` որտեղի՞ց: Այս ամենի մեջ ակնհայտ է սփյուռքի դերը: Հատկապես նրանց, որ այս տարիներին հեռացել են Հայաստանից: Չգիտեմ` ով ինչպես, ես դեմ եմ նրանց չպատճառաբանված ակտիվությանը: Պայքարող են` Հայաստանում մնային ու իրենց ասելիքն ասեին, անելիքն` անեին: Հայաստանի գործերին խառնվելու իրավունք ունեն նրանք, որ ապրում են Հայաստանում` հերիք է դրսից տղա բերելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դեռ երեկ կարող էր հայտարարվել հատուկ դրություն, մտցվեր պարետային ժամ, արգելվեին հանրահավաքներն ու նույնիսկ մի քանի հոգու համատեղ փողոցում լինելը: Չհայտարարվեց: Գուցե ապրիլի 24-ի պատճառով: Իսկ ի՞նչ կլինի 25-ին:
Առավելևս, որ արդեն ազատ են արձակվել կալանավորված պատգամավորները: Հանրապետության հրապարակում պիտի հնչեն ապագայի քայլերի մասին հստակ բացատրություններ, այլապես «իմ քայլն» արդեն քայլելու է ինքն իր դեմ:

Դիտվել է՝ 3125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ