Երեկ Վատիկանում Հռոմի պապի ձեռամբ օծվեց Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը: Ընդ որում` սա այն դեպքն է, երբ շատ դժվար է ասել` կատարվածի հոգևոր նշանակությու՞նն է առավել, թե՞ քաղաքական: Այո` քաղաքական: Բայց ամեն բան հերթով: Եվ քանի որ ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, սկսենք հոգևորից:
Նարեկյան Բանը, որ դուռ է երկրից երկին` նշանային իր համակարգով, համատիեզերականությամբ, չէր կարող չդառնալ նաև համայնի սեփականությունը: Այս դեպքում ու հատկապես` Վատիկանի, որի հազվագյուտ թանգարանների, ձեռագրերի, մասունքների կողքին էլ հանգրվանեց նարեկյան բավականին տպավորիչ ձեռակերտը: Համոզում կա նաև, որ այդ ոչ թե Հայաստանն ու Վատիկանը, այլ ինքը` Տիեզերական վարդապետն իր կենդանությամբ եկավ «հանգրվանելու» այդ երկուսի միջև` բացելու անհրաժեշտ մնացած կոդերը ևս:
Ի դեպ, բավական հետաքրքիր դասավորվեցին Վատիկանի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին: Հենց միայն Վատիկանում Եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ տրված պատարագը` կատարման, հայոց պատարագի համադրման, ազդեցիկության (ինչու ոչ` քաղաքական և քարոզչական նաև) առումներով բավարար էր, որ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանությունը համարվի… հաջողված (ներվայիններին խնդրում ենք լքել դահլիճը) առկա բազում բացթողումների-անթույլատրելիությունների կողքին:
Բայց անցնենք առաջ` ևս մեկ «բայց»-ով. պակաս ոգեղեն-նարեկյան չէր նաև Սերժ Սարգսյանի տասնամյակի հաջորդ կարևոր միջոցառումը` Եղեռնի 100-րդ տարելիցը, որի զանգերի «ձայնը» դեռ արձագանքում է այսօրվա մեջ` Նարեկի վատիկանացման, Վատիկանի նարեկացման կողքին:
ՈՒ թե սրան էլ հավելում ենք հարազատի հանգով պապի եռօրյա ուխտագնացությունը Հայաստան, հնչած մեսիջները, ապա հասկանալի է դառնում` աշխարհը փոխվում է ոչ միայն Մերձավոր Արևելքում, ոչ միայն քաղաքականապես, այլև հոգևոր կանոնիկության անդաստաններում և հատկապես մեր տարածաշրջանում:
Եվ նարեկյան ձեռամբ ու տեսքով (չմոռանանք` ինչ էր ասել Արշակ Չոպանյանը նրա մասին` «Նարեկն Աստված տեսած է») բացվում են առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի կոդն ու նշանային համակարգը՝ ամրագրելու. փոփոխվող վիբրացիաների նոր աշխարհում խաղի առաջնորդներ են ոչ թե քաղաքական գործիչներն ու խաղը գծողները, այլ «երկնում եղող վկաների բազմությունը»: Նաև:
Ի դեպ, նկատում եք` ինչ հարաբերություններ են Ռուսաստանի ու կաթոլիկ աշխարհի, այն է` Վատիկանի միջև: Որքան էլ պարադոքսալ է` «նարեկյան» այս խաղում Հայաստանը տասը մղոն առաջ է Ռուսաստանից: Չմոռանանք` երկար տարիներ ռուսական ուղղափառ եկեղեցին որևէ առնչություն չուներ Վատիկանի հետ, և հաշտեցումը տեղի ունեցավ Հայաստանում, երբ Հայաստան էր ժամանել Հովհաննես-Պողոս-Պետրոս պապը` 2001-ին: Սա ևս համարենք նշանային համակարգի հանգրվաններից մեկը` հավարտ հիշեցնելով տարածված տեսակետը, որը գուցե և փոքր-ինչ անսովոր ու արտասովոր թվա. Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցով տեղի էր ունենում հոգևոր արժեքների-պարտականությունների նորովի տեղաբաշխում՝ հոգևոր կենտրոններ կաթոլիկ Հռոմի և Հայաստանյայց առաքելական եկեղեցիների միջև, որպեսզի աշխարհում հոգևոր սնուցման գործընթացն ապահովվի, կանգ չգրանցվի: Այլ խոսքով` Վատիկանը լիազորություններ էր փոխանցում Հայաստանին, ինչն անչափ դիտարժան է:
Այս գիտակցումը, ի դեպ, որքան էլ պարադոքսալ է, օրվա իշխանությունն ունի՝ ի տարբերություն շատերի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ