Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի նիստերին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը և Լյուդմիլա Սարգսյանը:
Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության և ԵԽԽՎ Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովների փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Նաիրա Կարապետյանը: Նիստում քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման և ԴԱԻՇ գործունեության դեմ պայքարում՝ ԵԽԽՎ և ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը: Հնչել են բազմաթիվ ելույթներ: Զեկույցով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Նա կարևորել է նման համատեղ, երկու հարթակներում ներկայացված մասնակիցների հանդիպումները, որոնք նպաստում են առաջ գնալուն, միասնական ջանքերով պայքարելուն ահաբեկչության դեմ:
Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 10 մշտական հանձնաժողովների՝ Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Գիտության և կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի, Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման, Էկոնոմիկայի և ֆինանսների, Վերահսկիչ-բյուջետային, Պաշտպանության և անվտանգության և Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերը:
Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25 ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների Հայտարարության մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել են:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 46-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են 21 մոդելային օրենքներ: Լիագումար նիստի արդյունքները ամփոփվել են մամուլի ասուլիսով, որին մասնակցել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների կողմից հնչեցված հարցերը հիմնականում առնչվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին: Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
Խորհրդանշական էր ՀՀ խորհրդարանի կողմից ԱՊՀ ՄԽՎ-ին Ռուսաստանի կայսրության Պետական Դումայի պատգամավոր Միքայել Պապաջանյանի կիսանդրու նվիրատվությունը, որը համընկավ ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանի հետ: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանի ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Դաշնության խորհրդի Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:
Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, մանրամասն ներկայացրել է Միքայել Պապաջանյանի կենսագրությունը և ավանդը պետական-քաղաքական գործում:
Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:
Մարտի 27-ին տեղի է ունեցել նաև ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը: Շնորհավորելով գործընկերներին՝ նա բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ դերը ազգային օրենսդրության ներդաշնակեցման, մոդելային օրենսդրության, փորձի փոխանակման, համաժողովների և նշանավոր միջոցառումների, կանանց քաղաքական կյանքին վերաբերող հանդիպումների կազմակերպման գործում, այդ թվում՝ կարևոր և հիշարժան իրադարձություն համարել Եվրասիական կանանց համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ-ից կանանց պատվիրակությունը: Նա ընդգծել է ԱՊՀ ՄԽՎ դերը անդամ խորհրդարանների երկկողմ հարաբերություններում, բարձր գնահատել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում՝ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», «Առողջ քաղաքներ», «Անվտանգություն ճանապարհներին», «Եվրոպան առանց բաժանարար գծերի», «Երիտասարդական խորհրդարանականներ» և այլն: Հերմինե Նաղդալյանը կարևորել է ԱՊՀ ՄԽՎ-ի զգալի ներդրումը տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում՝ ԵՏՄ շրջանակներում:
Հերմինե Նաղդալյանը առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից մեկն էր՝ կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ 1994-ին: