Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակախոս, վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ նշեց, որ վերջերս, արևմտահայ մտավորական, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցից երկու օր հետո, հունվարի 22-ին, թուրքական կայքերից մեկում հանդիպել է «Հայաստանին Հրանտ Դինքը» վերնագրով մի «շշմեցուցիչ» հոդված, որտեղ հեղինակը ոչ միայն խեղաթյուրել է 1915 թվ. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող դեպքերն ու իրադարձությունները, այլև Հրանտ Դինքի կենսագրական տվյալները (ծննդյան, մահվան, բնակության վայր և այլն): «Եթե Դինքին չճանաչեի, միգուցե հավատայի: 25 տարի Հայաստանում եմ ապրում, Դինքը իմ դպրոցականն ընկերն է եղել… Կարդում եմ ու աչքերիս չեմ հավատում: Այդպիսի անհեթեթություն երբևէ չէի կարդացել: Հարց առաջացավ` ո՞րն է այս հոդվածի նպատակը: ՀՀ-ում այդ տարիներին ապրել է մի մարդ, ազգությամբ եզդի ` Սայիդ Իբոյան, ով զբաղվել է հոդվեծների տպագրությամբ և աղբյուրը անշուշտ նրա հոդվածներն են հանդիսացել»,-պատմեց պարոն Հացպանյանը, ում կարծիքով հոդվածը պատվեր է Անկարայի կողմից:
Վերջինիս հաջողվել է գտնել հերյուրանք տարածող հոդվածագրին և պահանջել հերքում տպագրել: «Ես ասացի նրան, որ եթե մարդիկ գրում են, որ Ղարաբաղում հայերը քրդեր են սպանել կամ ցեղասպանություն չի եղել, ապա պետք է հաստատեն դա: Չորս տարի անընդմեջ Արցախում եմ եղել, ես նման դեպք չեմ հիշում, որ հայը քուրդ սպանի: Ես փորձեցի հասկանալ, թե որտեղ և ո՞վ է քուրդ սպանել և բացահայտեցի: Գտա մեկին, ով պատերազմի ժամանակ առանձին խումբ կազմած կռվել է հայերի դեմ, որի մասին մենք չենք իմացել: Խոսքն, անկասկած, նրա մասին է»,-շարունակեց նա:
Հոդվածագիրը, ըստ բանախոսի, ներողություն է խնդրել և խոստացել հերքել այն, բայց փոխարենը տպագրվել է գրեթե նույն բովանդակության մեկ այլ հոդված` ուրիշ անուն ազգանունով:
Ս. Հացպանյանին մտահոգոմ է հատկապես այն, որ հոդվածի առնչությամբ քրդական համայնքից արձագանք չեղավ, ոչ ոք չփորձեց միջամտել կամ հերքում պահանջել զրպարտության համար: Նա կարծում է, որ հոդվածը պատվերով է գրվել և ցավալի է այն, որ ոչ ոքի դա չի հուզում. «Թուրքիան շատ լավ գիտի, ինչ է անում, նա լավ խաղացող է, և ուզում է քրդերին հասկացնել, որ իրենք նրանց հետ դաշնակիցներ են, որ դուք ևս պետք է միանաք մեզ հայկական հարցի շուրջ և պատասխանատվություն վերցնեք կատարված «զուլումի» համար»,-նկատեց նա և հավելեց. «Այսօր պատմությունը կեղծվում է, և տպավորություն է ստեղծվում, թե ցեղասպանությունը հայերն են արել, կոտորածի հեղինակները հայերն են»:
Հարցին, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկի հայկական կողմը հոդվածի առնչությամբ և որն է այստեղ պետության դերը, պարոն Հացպանյանն ասաց. «Թող ժողով անեն, պատմությունը քննարկեն: Բոլորի համար պարզ դառնա` սա Արևմտյան Հայաստա՞նն է, թե՞ Թուրքիան: Ժամանակն է նստել և միմյանց աչքերի մեջ նայել` հասկանանք` ով ում է սպանել: Պատվերով հոդվածներ են տպագրվում այսօր, և դա ոչ ոքի չի հուզում»:
Հացպանյանի խոսքով, պետք է հայ-թուրքական հարաբերություններում հայկական հարցի լուծումը հասցնել այնպիսի մակարդակի, որ ցույց տանք` առանց այդ հարցի լուծման Թուրքիայի հետ մեր հարաբերությունները չեն կարգավորվելու: Հետևաբար, քրդերն էլ պետք է հասկանան` քանի դեռ չի լուծվել հայկական հարցը, չի լուծվի նաև քրդերի հարցը: Ֆրանսահայ հրապարակախոսը կարծում է, որ այս ամենն անելու համար նախևառաջ կազմակերպիչներ են պետք, ինչը ցավոք չունենք ո՛չ պետական կառույցներում, ո՛չ հասարակական մակարդակներում: Նա կոչ արեց պահանջատեր լինել, որի դեպքում նոր միայն կհասնենք մեր նպատակին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ