Ընթերցողը թող ամենևին չզարմանա, որ «Իրատես fe facto»-ի էջերում այս էլ որերորդ անգամ անդրադառնում եմ նույն խնդրին։ Ստիպված եմ այդպես վարվելու, քանի որ ՀՀ արդարադատությունում նստածները խուլ են ու կույր։ Եվ այսպես.
2012 թ. նոյեմբերի 15-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Իշխան Մամոյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանը, առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում: Սխալ ելակետային տվյալներ է տալիս դատաավտոտեխնիկական փորձագետին, և միասին հանգում են ոչ հիմնավոր և օբյեկտիվ նյութերից չբխող եզրակացության, որ իբր թե «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 5-6 մ հեռավորությունից, կրկնում եմ՝ 5-6 մ, որը ոչ մի տրամաբանության չի դիմանում, տեսել է ոչխարի հոտը և չի կարողացել կանխել վթարը, և որ մեղավոր են ոչխարներն ու հովիվները: Իսկ հովիվ Իշխան Մամոյանի վնասվածքները թաքցնում է, լրիվ չի արձանագրում, իրականում դրանք ծանր մարմնական են, եզրակացնում է, որ դրանք ոչ թե վրաերթի պատճառով են առաջացել, այլ ոչխարի հարվածի: Այո, 21-րդ դարում Շիրակի մարզի իրավապահ մարմինները, քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանը, դատախազի տեղակալը, դատավորը, ցուցաբերելով ակնհայտ անարդարացիություն, պնդում են, որ եզդիների ոչխարներն են հարվածել և կոտրել եզդի հովվի ոտքը և ոչ թե «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ իր մեքենայով: Այն էլ` պատճառել ձախ ոտքի սրունքի մեծ ոլոքի փակ բազմաբեկոր կոտրվածք, տեղաշարժով: Իսկ մենք ոչ մի կերպ չենք կարողանում ապացուցել իրականությունը, որը պարզելու համար ընդամենը նյութերով պետք է նշանակվի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն և փորձագետին հարց տրվի՝ տուժող հովիվ Իշխան Մամոյանի վնասվածքներն առաջացել են ոչխարի՞, թե՞ շարժվող տրանսպորտային միջոցի որևէ մասի հարվածից:
Չնայած մենք ամենուր դիմեցինք արդարություն գտնելու և անարդարությունը վերացնելու համար, բայց համարյա ամեն տեղ հանդիպեցինք միայն անթույլատրելի անտարբերության: Հավատացեք, այս դեպքով մեկ մարդու նկատմամբ դրսևորված անարդարությունը սպառնալիք է բոլորիս համար: Հանուն պատշաճության պետք է ասեմ, որ մեր բոլոր բողոքներին պատասխանում էին: ՈՒմ դիմում էինք, նրանք բողոքն ուղարկում էին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ Շիրակի մարզի դատախազություն, որտեղից ստանում էինք նույն պատասխանը: Ահա թե ինչպես են իրականացնում արդարադատությունը մեր մի շարք իրավապահ մարմինները:
Մենք արդեն հոգնել ենք, հավատացե՛ք, հոգնել ենք, իմաստ, արդարություն որոնելուց այնտեղ, որտեղ իմաստ չկա, արդարությունն էլ բացակայում է: Այս պայմաններում մեր իրավապահ մարմիններից արդարություն ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց չբողոքելն էլ հավասարազոր է անարդարության դեմ չպայքարելուն, դրան համակերպվելուն։ Մենք շարունակելու ենք պայքարը, բայց առաջ գնալու բոլոր ճանապարհները կարծես թե փակել են մեր դատարանները: Ինչպե՞ս լուծենք մեր առջև դրված խնդիրը՝ վերացնել անարդարությունը, չգիտենք։ Գուցե ընթերցո՞ղն օգնի, գուցե կարողանանք մեր բողոքը հասցնել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, որի սկզբնական գործունեությունը լուրջ ակնկալիքներ է ներշնչում։ Եզդիները մի լավ խոսք ունեն՝ «լավ օրը ջերմ արևագալից է սկսվում»: Փաստը սա է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չվերացրեց անօրինականությունը, ՀՀ վերաքննիչ դատարանը ոչ մի միջնորդություն չքննարկեց, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ մի կերպ բողոքը վարույթ չի ընդունում: Բայց չէ՞ որ մենք խոսում ենք իրավական պետության, օրենքի գերակայության մասին: Քրեական գործերով մանրուքներ չկան, յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր էջ, տող վերադասը պետք է նայի և, ինչու չէ, նաև ստուգի՝ արդյոք ճի՞շտ է, ինչպե՞ս է արձանագրվել։ Եվ ոչ թե փաստեն՝ եթե դատարանները չեն վերացրել, ուրեմն վերացնելու ոչինչ չկա: Կամ երբեմն ասում են, որ ժամկետը անցել է. մի՞թե արդարությունը վերականգնելու համար կամ անարդարությունը վերացնելու համար ժամկետ է պետք։ Հարց՝ մեր երկրում կա՞ անկախ, արդար դատական համակարգ։ Պատասխանը թող ընթերցողը տա: Կարծում եմ՝ ժամանակն է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրենց գործունեությամբ վաստակեն ժողովրդի հարգանքը: Երբեմն մտածում եմ՝ գուցե ժամանա՞կն է դադարեցնելու պայքարն ու հանձնվելու։ Բայց ներսում ինչ-որ ձայն շշնջում է՝ կյանքում ամենամեծ սխալը հանձնվելն է:
Հետևապես, չեմ կորցնում հույսս (նաև հավատս) ու սպասում եմ արդարության հաղթանակին։
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ