Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Խորհրդանշական իմաստ կա այն բանում, որ ավերակ Անիում պահպանվել է Տիգրան Հոնենցի եկեղեցին

Խորհրդանշական իմաստ կա այն բանում, որ ավերակ  Անիում պահպանվել է Տիգրան Հոնենցի եկեղեցին
27.09.2013 | 11:20

XII-XIII դդ. սահմանագլխին Անիի ամենանշանավոր քաղաքացին Սմբատի թոռ, Սուլիմի որդի Տիգրանն էր` Հոնենց տոհմից: Նա վաճառական էր, կալվածատեր, մեծատուն, դրամատեր, վաշխառու, անշարժ ու շարժական գույքը, հարստությունը հասնում էին միլիոնների, և քաղաքում նրա անունը կրող փողոց կար: Սակայն այդ միլիոնատերը միաժամանակ քրիստոնյա հավատի, առաքելական սուրբ եկեղեցու ջերմեռանդ ու հնազանդ նվիրյալն էր:
Հոնենցը կառուցել է Բեխենց վանքը, 1213 թ. նորոգել Կաթողիկե եկեղեցու աստիճանները և, ի թիվս այլ ընծաների, եկեղեցուն նվիրել մի կրպակ: Ապա Ախուրյանի կիրճի պռնկին կառուցել է Կուսանաց վանքի եկեղեցին: Դրանից հետո ձեռնամուխ է եղել հոգու պարտքի կատարմանը. գնել է Կուսանաց վանքից քիչ վերև` արտաքին դարպասի Ավագ դռան մոտ գտնվող Սբ. Աստվածածին մատուռի քարքարոտ ու մացառախիտ տարածքը, մեծ գումարներ ծախսելով պարսպապատել և 1215-ին այդ վայրում կառուցել 14 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Տիգրան Հոնենցը եկեղեցին զարդարել է ոսկե և արծաթե խաչերով, կանթեղներով, սպասքով, ոսկեզօծ և արծաթազօծ սրբապատկերներով, եկեղեցուն կից կառուցել բազմաթիվ կացարաններ` հոգևորականների, իշխանների և ուխտավորների համար: ՈՒ որպեսզի թե՛ իր կենդանության օրոք, թե՛ իր մահից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը նյութական կարիքներ չունենա, եկեղեցուն նվիրել է 8 գյուղ, 6 այգի, 2 բաղնիք, 2 ձիթհան, 2 բանջարանոց, մի քանի ախոռ ու մարագ, մեկ ջրատար, Արոտավայրի լանջ կոչված հողամասը և այլ հողակտորներ, ինչպես նաև Հատոնցենց խանապատը` մեծ հյուրանոցը, դրան կից բոլոր կրպակներով, Պապենց կոչված խանապատի 2/3-ը և կից խանութը:
Ահավասիկ մի հատված եկեղեցու արձանագրությունից. «664 թ. (մ.թ. 1215 թ.-Խ.Դ.), երբ Աստծո ողորմածությամբ Անի քաղաքի բեյը հզոր և զորեղ Զաքարիան էր… Ես` Հոնենց ընտանիքից Սուլեմ Սմբատորենցի որդի, Աստծո ծառա Տիգրանս, իմ տերերին և երեխաներին երկար կյանք պարգևելու համար քարափի եզրին և մացառուտներով անանցանելի այս վայրում կառուցեցի այս վանքը` նվիրելով Սուրբ Գրիգորին և այն իր տերերից իմ արդար ունեցվածքով գնեցի և մեծ նեղությամբ և ծախսերով ամեն կողմից ապահովեցի նրա պաշտպանությունը: Այս եկեղեցին կառուցել տվեցի սուրբ Գրիգոր Լուսավորչի անունից և այն գեղեցկացրի բազմաթիվ նախշերով…»:
1903 թ. ամռանը Լեոն թիֆլիսցիների և ալեքսանդրապոլցիների մի մեծ խմբի հետ այցելում է Անի, որից հետո թղթին է հանձնում հայոց հնամենի մայրաքաղաքի մասին իր տպավորությունները: Ահա թե նա ինչ է գրում մասնավորապես Տիգրան Հոնենցի և նրա կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին:
«...Ձորի պռունգին կա մի փոքրիկ, բայց զարմանալի գեղեցիկ եկեղեցի:
Դա Ս. Լուսավորիչն է, դրսից էլ, ներսից էլ այնքան զարդարված, որ թյուրքերը անվանում են «Նագըշլը քիլիսե» զարդարուն եկեղեցի: Մայր եկեղեցու փոքրիկ պատճենը: Դեռ չմոտեցած, ձեզ գրավում են ծանոթ մեղմ, քնքուշ գծագրությունները, նույն եռանկյունաձև խորշերը, նույն բարակ սյունակներն ու նազելի կամարները պատերի երեսին: Ավելացրած է միայն փարթամ քանդակագործություն: Կամարների վրա ոլորվում են հյուսված զարդեր, իսկ նրանց կազմած անկյուններում քանդակված են չորքոտանի կենդանիներ և զույգ-զույգ կամ մենավոր թռչուններ:
Եկեղեցու պատի վրա փորագրած երկար ու ընդարձակ հայերեն արձանագրությունն ասում է, որ Ս. Լուսավորիչը կառուցել է այս կողմերի եկեղեցիների առատաձեռն բարերար Հոնենց Տիգրանը: Այս մարդու արձանագրությունները քանդակված են համարյա բոլոր նշանավոր եկեղեցիների վրա: Նրան տեսնում ենք Հոռոմոսի վանքում, Անիի մայր եկեղեցու վրա, Խծկոնքի վանքում: Եվ ամեն տեղ նա վերանորոգող է, մեծ նվերներ է տալիս: Բայց այն, ինչ նա տվել է Ս. Լուսավորչին, բավական է հասկացնելու համար, թե ի՜նչ ահագին հարստությունների տեր էր նա:
Իր բոլոր արձանագրությունների մեջ Տիգրանն անվանում է իրան ծառա և սպասավոր Զաքարե Ամիր Սպասալարի և Շահանշահի, որ Զաքարեի որդին էր: Ամեն տեղ նա ասում է, որ նվերներ է տալիս եկեղեցիներին նախ և առաջ իր այդ տերերի հոգու փրկության և արևշատության համար: Ինչո՞ւ էր Տիգրանը այդքան սիրում իր տերերին,- մենք հաստատ չգիտենք: Բայց որ այդ տիրասիրությունը միայն նրա անձնական զգացմունքը չէր և կարող է նաև ժամանակի երախտագիտության արտահայտություն համարվել,- այդ էլ պարզ է, եթե ի նկատի ունենանք, թե ո՞վ էր և ի՞նչ էր Զաքարե Ամիր Սպասալարը:
Ժամանակի ամենահարուստ անեցիներից մեկն էր Հոնենցը: Նա ոչինչ չխնայեց իր շինած վանքը բարեզարդելու համար, մինչև իսկ ջուր բերեց այս քարափի գլուխը, որ ինչպես վկայում է արձանագրությունը, մացառներով պատած մի տեղ էր, ուր հին ժամանակներում մի փոքրիկ մատուռ էր շինված: Նա շրջապատեց եկեղեցին պատերով, զարդարեց նրան սպասներով և զգեստներով, նվիրեց բազմաթիվ անշարժ կալվածներ-գյուղեր, հողեր, այգիներ, որոնցից մեկը գտնվում էր Երևանում, ջրաղացներ, խանութներ, տներ, կարավանապաներ: Սրանք դեռ անվիճելի սեփականություններ էին: Բայց Տիգրանի մոտ գրավ դրված էին և ուրիշ կալվածներ, այդ գրավականների իրավունքն էլ նա տվեց եկեղեցուն: Տիգրանի փարթամության նշաններից մեկն էլ այն էր, որ նրա անունն էր կրում Անիի փողոցներից մեկը:
…Հոնենց Տիգրանը, այո, իմացել է գանձեր թափել այնպիսի մի տեղ, ուր բնությունը անհամեմատ ավելի հափշտակիչ է, քան տաղանդավոր ճարտարապետի, հմուտ քանդակագործի շնորհքը: Գեղեցիկ են այդ քարերը, այդ քանդակները: Բայց չի կարելի կասկածել անգամ, որ այդ գեղեցկությունն ավելի շեշտում, ավելի բարձրացնում է այս զարմանալի բնությունը: Ս. Լուսավորիչը իր արևելյան և հարավային զարդարուն կողերով անշարժ, ապշած նայում է այն ահավոր ապառաժներին, որոնք Ախուրյանի և Գլիձորի բարձր, սեպացած կողերն են կազմում: Հարավային կողից Ախուրյանին նայում է և Հոնենցի երկար արձանագրությունը, որ օր ու գիշեր, լուռումունջ անդադար պատմում է, թե մարդը ինչեր է արել, ինչեր է տվել: Բայց ո՞ւմ է պատմում: Ձորերին, գորշ ժայռերին միայն, այս ամբողջ գեղանկար ամայության: Նա ասում է, թե ամբողջ այս ձորը, այստեղից սկսած մինչև գետի կեսը, գնված և նվիրված է Ս. Լուսավորչին: Կարծես փարթամ եկեղեցու անթիվ կալվածներից միայն այս մեկն է մնացել նրա անկողոպտելի սեփականությունը: Մնացել է, որովհետև նրան կողոպտել չի կարելի: Ամայի, քարքարոտ մի տեղ է, ոչ ոքին այսօր չէ կարող պետք գալ: Ամայությունը ավերակի սեփականություն… Սա արդար է, բնական է»:
Կարծում եմ, խորհրդանշական իմաստ կա այն բանում, որ ավերակ Անիում պահպանվել է Տիգրան Հոնենցի եկեղեցին. Աստծո տաճարը կառուցել է բարեսիրտ, Քրիստոսասեր մարդը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ