13.06.2014|
12:35
Սկզբից ևեթ ընթերցողի տարակուսանքը ընտրածս վերնագրի վերաբերյալ փարատելով շեշտեմ, որ խոսքս ամենևին էլ կործանարար հողմերի նման անցած դարերում Հայաստան արշաված բարբարոսական ցեղերի ու ցեղախմբերի, կամ էլ պարսկական, բյուզանդական, արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական բանակների արշավանքների մասին չէ: Այդ անցած-գնացած ժամանակների վերաբերյալ փաստեմ. վերոնշյալ արշավանքների ընթացքում, օտարների ձեռնարկած առաջին իսկ գործողություններով հայությանը բնաջնջելուց զատ, եղել են նաև պատմական հիշողությունները կրող հայ մարդու մշակույթի` գիր ու գրականության, ազգի հարատևությունն ապահովող կրթության ու մշակութային օջախների` վանքերի ու եկեղեցիների ոչնչացումներ: Ասել է` մեր թշնամիները նույնիսկ մեզնից առավել են գիտակցել, որ ազգի պատմության ու մշակույթի հարատևությունը պայմանավորված է պատմական ու հոգևոր հիշողության և նյութական ժառանգության արժեքներով: Այնպես որ, եթե մարդուն կտրում ես այդ հիշողություններից, ապա մարդը, ասել է թե` ազգը, ժողովուրդը, դառնում է ժամանակների քաղաքականությանը հլու-հնազանդ ենթարկվող զանգված, կամակատար, ստրուկ: