«Հայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաճգնաժամային պահը»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանում ոչ մի քաղաքական կուսակցության չի կարելի թողնել «միանձնյա լիդերի» կարգավիճակում, որովհետև միանձնյա լիդերը միշտ կարծում է, կարող է շարունակել այն, ինչ կա: Իսկ ի՞նչ կա այսօր Հայաստանում: Ըստ Ա. Մնուչարյանի, կա երկրի թալան,
ռեսուրսների յուրացում, ժողովրդի հարստահարում և երկրից արտանետում: «Սրա մեջ կա ներքին ցնցումների վտանգ, և եթե չկարողանանք ճիշտ ձևով տանել գործընթացները, աղետն անխուսափելի է»,-ասաց նա:
Ի՞նչ վիճակ է ստեղծվելու Հայաստանում ընտրությունների հաջորդ օրը: Արդյո՞ք մի նոր «մարտի 1» է սպասվելու:
Բանախոսի կարծիքով, «մարտի 1-ը ծաղիկներ կամ ճնճղուկներ կարող է թվալ այն բանի համեմատությամբ, ինչ կարող է լինել ընտրություններից հետո»: Աշոտ Մանուչարյանի համոզմամբ` նախագահական ընտրություններից հետո հնարավոր ցնցումներից, քաշքշուկներից խուսափելու համար պետք է ժողովուրդը գործի:
«Նա պետք է ստիպի իշխող ուժին հաշվի նստել իր հետ:Եթե ժողովուրդը կա, եթե ժողովուրդը դուրս է եկել, անկախ նրանից,
Սերժ Սարգսյանն է նախագահ, թե մեկ ուրիշը, միևնույն է, ոչ ոք չի կարող տնօրինել նրան, այս պարագայում չկա մեկը, որ կարողանա ազդեցություն ունենալ ժողովրդի վրա»:
Իսկ թե ո՞ւմ կողքին կլինի Ռուսաստանը` ՀԱԿ-ի, թե՞ ԲՀԿ-ի, պարոն Մանուչարյանն այսպես պատասխանեց. "Умом Россию не понять":
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ