ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը: Խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում:
Ս.թ. հոկտեմբերի 18-ից ուժի մեջ է մտնելու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը, որով ընդլայնվել է հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների տեսականին, ուստի կառավարությունն իր որոշմամբ կիրառության մեջ է դրել «2013» թվագրմամբ դրոշմապիտակները:
Շարունակելով իր որդեգրած Եվրամիության մոտարկման քաղաքականությունը, ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի ընդունած և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության երաշխավորած միջազգային ՍԻ համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները, դրանց մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և դրանց կիրառման կանոնները: