Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ցեղասպանությունները չունեն վաղեմության ժամկետ

Ցեղասպանությունները չունեն վաղեմության ժամկետ
03.08.2024 | 22:07

Օգոստոսի 3-ը եզդի ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

... Տասը տարի է մեզ բաժանում 2014 թվականից` ընդամենը տասը տարի, երբ այս օրը և այս ժամերին եթեր էին հեռարձակվում այս կադրերը:

Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ կատարվում էր ցեղասպանություն` իսլամիստ հրեշների ձեռքով։ Ձեռագիրն ու գաղափարը նույնն էր` սպանել ու ոչնչացնել մի ժողովրդի միայն նրա համար, որ տարբերվում է իր հավատով և ավանդույթներով։ Եվ դա տեղի էր ունենում եզդի ժողովրդի պատմական բնօրրանում` Իրաքում։ Ցեղասպանություն, որը ավելի քան 20 հազար մարդու կյանք խլեց, հազարավոր եզդիներ անհետ կորան, 3000-ից ավելi եզդի կանայք և աղջիկներ հայտնվեցին գերության մեջ։

Այսօր էլ շատ եզդի կանանց ճակատագրեր շարունակում է անհայտ մնալ։

Եթե այս լուսանկարները դարձնենք սև և սպիտակ, ինչպես նաև բռնության ահասարսուռ պատկերներով լի այն հարյուրավոր տեսանյութերը, ապա դրանք չեն տարբերվի հայերի, պոնտացի հույների և ասորիների հանդեպ կատարված ցեղասպանությունների մասին պատմող վավերագրական կադրերից, որոնք կատարվել են 20-րդ դարի սկզբին ու մինչ օրս չեն դատապարտված։ Այս կադրերը գունավոր են, որովհետև սա «լուսավոր» 21-րդ դարն է:

Ոչինչ չէր փոխվել աշխարհում։ Ամեն ինչ նույնն էր, ինչ մեկ դար առաջ։ Որովհետև մարդկային քաղաքակրթության թշնամի ուժերը հիմա էլ խնդիր են դրել իրենց առաջ` ոչնչացնել այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք պատմություն, ավանդական արժեքներ ունեն... ոչնչացնել, որ հռչակեն «նոր աշխարհակարգ», որտեղ տեղ չունեն ազգային մշակույթները, եթե տվյալ ժողովուրդը նաև պետություն ունի` նաև ազգային պետությունները։ Եվ ովքե՞ր պետք է լինեին այդ ուժերի «գործիքը»... իհարկե, ահաբեկչական խմբավորումները և «դաշնակից» պետություններ, որոնց անցյալը ցեղասպանությունների պատմություն է։ Դրանց շարքում է մեր իսկ հարևան ցեղասպան երկիրը, որն Իրաքի եզդիների հանդեպ հրեշավոր սպանդը իրականացնող ահաբեկչական խմբերին հովանավորում էր և անգամ հատուկ ճամբարներում մարզում էր իր տարածքում։ Ցեղասպանություն արտահանող երկիր, որ դրանից դեռ մեկ դար առաջ` իր իրավանախորդ Օսմանյան կայսրության կողմից իրականացրել էր նաև ավելի քան 500 000 եզդիների ցեղասպանություն։

Ոչինչ չէր փոխվել։ Դարձյալ նույնն հրեշավոր դեմքն ունի աշխարհը և, հազիվ թե երբևէ ազնվանա... Աշխարհը տեսավ հնագույն ժողովուրդներից մեկի սպանդը ու դարձյալ լռեց։

Լռեց, որովհետև սրի քաշվողը ավանդական արժեքների կրող ժողովուրդ էր և չէր տեղավորվում գլոբալիստների «նոր աշխարհակարգի» «չափորոշիչների» մեջ։ Թշնամի այդ ուժերի հորինած պիղծ համակարգում մարդկային քաղաքակրթության հիմնադիր, մշակութային ուրույն դիմագիծ ունեցող ժողովուրդներ չպիտի լինեն. սա է մարդկությանն ու քաղաքակրթությանը նետված մարտահրավերը։ Թեև շատ ժամանակ չի անցել, բայց սա այլևս արձանագրված փաստ է։ Եվ ամենևին անհրաժեշտություն չկա, որ անցնի մեկ դար, ապա նոր ոճրագործությունը ստանա իր գնահատականը։

Մեր բարեկամ ժողովրդի` եզդիների հետ կատարվել է ցեղասպանություն...

Որպես ցեղասպանության և հայրենազրկման ցավը ապրած ազգ` մենք եզդի ժողովրդի կողքին պետք է լինենք այս պայքարում, ինչպես որ մշտապես իրենք են մեր կողքին` մեր թշնամու հետ պայքարի ու մեզ պարտադրված պատերազմի առաջին գծում: ՈՒ հենց Արցախյան երրորդ պատերազմում էլ մեր եղբայրների կողքին կռվեցին ու իրենց կյանքը տվեցին նաև եզդի հերոսները:

Նրանց անունները փորագրված են մեր հերոսների հավերժության լուսամատյանում։

Նրանցից մեկը եղել է Արցախյան երրորդ պատերազմում հանուն Արցախի իր կյանքը տված Դավիթ Այդոևը, ով Հայոց բանակ զորակոչվելուց առաջ իր Վերջին զանգի արարողության ժամանակ ասել էր իր այս ինքնաբուխ խոսքերը, որոնք նրա անմահությունից հետո դաջվեցին մեր` իրեն բացահայտողներիս սրտերում.

- Ես ազգությամբ հայ չեմ, ծնվել եմ Հայաստանում: ՈՒ եթե հարկ լինի, կյանքս տալու եմ ա՛յս հողի համար։

Սրանք զինվորական երդմանը հավասարազոր խոսքեր էին։ Եվ նա անմահացավ Արցախում:

Մեր երկու ազգերի մյուս հերոսը` Քյարամ Սլոյանը հերոսաբար կռվել էր Ապրիլյան պատերազմում: Մինչ օրս էլ բոլորիս սրտում մշտապեա վերարթնանում է Հերոսի հոր` Արցախյան ազատամարտի մասնակից Քյալաշ Սլոյանի խոսքերը, որ ասել էր.

-Մյուս որդիս էլ հաջորդ տարի է բանակ գնալու։ Իրեն էլ եմ ճանապարհելու, ես էլ հետն եմ գնալու:

Եվ Հերոսի ազատամարտիկ հայրը մինչև իր մահն էլ միշտ հայ զինվորի կողքին էր։ Գնում էր որդու պահած դիրքերը հսկելու, զինվորին ուժ տալու:

Սա եղբայրության ուխտ է, որ մեր ժողովուրդների միջև կնքվել է պատմության երթում ու առաջնագծում։ Միասին մարտնչել ենք միևնույն թշնամիների դեմ, միասին էլ նույն ցավի կրողն ենք, որի համար պայքարը չի ճանաչում ժամ ու ժամանակ:

Այսօր եզդիների հանդեպ տասը տարի առաջ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակության օրն է։ Եվ մարդկության հանդեպ կատարված ոճրագործությունների դատապարտման համար պայքարը չի ավարտվել։ Սա էլ է պայքարի առաջնագիծ։

Այսօր մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք։ Այսօր մենք մի մեծ գոյապայքար ունենք նաև մեր երկրի ներսում։ Մենք մեր արժանապատիվ ու պատմությանը իրավատեր պետությունը վերակերտելու մեծ ու տևական պայքար ունենք։ Մենք ունենք բռնազավթված Արցախ, և մեր պայքարի բոլոր հանգրվաններում մեր կողքին է բարեկամ եզդի ժողովուրդը, աշխարհի որ քաղաքներում էլ ոտքի ելած լինի հայ մարդը` հանուն Արցախի, հանուն Հայ Դատի... Եվ մենք մեր ազգերի բարեկամությունը պիտի հասցնենք հաջորդ սերունդներին:

Խոնարհում նահատակների հիշատակին:

ՈՒժ և կորով` վերապրածներին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ