Մեր երկրում աղմուկը շատ է։ Ամեն տեղ ու ամեն հարցում։ Աղմկողներն էլ են շատացել։ Երկիրը հանգիստը կորցրել է։ Երբ մի հարցի շուրջ աղմուկը մի քիչ նվազում է, մյուս թեման է արագ ասպարեզ նետվում։ ՈՒ այս հորձանուտի մեջ մարդիկ մոռանում են պարզապես ապրել, հանգիստ աշխատել։ Ողջ ազգով ներքաշված ենք երկրի կառավարման գործում, բոլորս ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։ Աղմուկը խլացրել է նաև ճշմարիտ խոսքը, մարդիկ այլևս չեն լսում, չեն ուզում համադրել, վերլուծել, ինքնուրույն եզրահանգումներ անել։ Նրանց հրամցվում է պատրաստի «սնունդ», ու եթե անգամ այն չափազանց անալի է ու անհրապույր, միևնույն է, հաճույքով յուրացվում է։ Մի անհայտ ձեռք կարծես բոլորին նույն ուղղությամբ է տանում, ու ոչ մեկը չգիտի, թե ուր է գնում։ Վաղվա տեսլականը մշուշոտ է, անորոշությունը՝ շատ։ Մարդիկ միմյանց աչքերում փորձում են իրենց հուզող հարցի պատասխանը գտնել, իսկ այդ հարցը մեկն է՝ վերջը ի՞նչ է լինելու։ Այս իրավիճակի համար շատ տիպիկ խոսք ունի հայտնի ֆիլմի առավել հայտնի հերոսը. «Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորդ էլ վերցնել եք ուզում։ Բոլորինը՝ ինձ, իմը՝ ինձ, նրանը՝ ինձ, քոնը՝ ինձ։ Մազալու են մարդիկ»։ Ցավոք, մեր կյանքի ամենօրյա մասն են դարձել արհեստական օրակարգերը, «փուչիկ» թվերը, իրավիճակային, շատ հաճախ անհեթեթ լուծումները։ Ամեն ինչի աղը դուրս է եկել, տրամաբանությունը՝ բթացել։ Դատարկությունը շատացել է։ Իհարկե, այնպես չէր, որ նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ենթարկվում էր տրամաբանության, և կյանքն էլ հրաշալի էր, բայց այսքան «անհամ» ու անհստակ չէր ամեն ինչ։ Սակայն այս ամենում մի լավ բան կա. մարդկանց ներսում կուտակված բացասական հույզերը դուրս թափվեցին, պարպվեցին, բոլորը բոլորի իրական դեմքը տեսան, ով ինչի է ընդունակ, ինչ մտավոր ու հոգևոր արժեքների կրող է։ Կատարվեց «գույքագրում», ժամանակն է, որ սկսենք զրոյից կառուցել ամեն ինչ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ