Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ես նման բան չէի սպասում նոր իշխանություններից

Ես նման բան չէի սպասում նոր իշխանություններից
23.04.2019 | 04:58

Վերջին շրջանում Երևանում խիստ ակտիվացել է շրջիկ առևտուրը, մասնավորապես բազմազանություն են կազմում շարժական սրճարան-ավտոբուսները, որոնք տեղակայվում են փողոցների մայթեզրերին: Ի սկզբանե այս բիզնեսը միանշանակ չի ընդունել հասարակությունը, ոմանք դրան նայել են որպես ապրուստի միջոցի, ոմանք էլ՝ քաղաքի տեսքը փչացնող ավելորդությունների:


2019 թվականից սկսած, Երևանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է սկսել այդ բիզնեսի ներկայացուցիչների դեմ, չնայած օրի օրի ծլող շրջիկ սրճարանները մի տեսակ չակերտների մեջ են առնում այդ պայքար կոչվածը և կասկածի տակ դնում դրա իսկությունը:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակիցները, ՀԷՑ-ի աշխատակիցների հետ համատեղ, առանց նախապես զգուշացնելու, հոսանքազրկել են Ղազար Փարպեցու 7 հասցեում գտնվող շրջիկ վաճառակետը:


«Ես այս գործն սկսել եմ 2017 թվականից,- ասաց հիշյալ վաճառակետի սեփականատեր ՏԻԳՐԱՆ ԶԱԼԻՆՅԱՆԸ։- Հայաստանում առաջինն եմ եղել, ով զբաղվել է այս ֆորմատի շրջիկ առևտրով: Նախկին իշխանությունները թույլտվության համար 15000 դոլար էին պահանջում, որը չկարողացա տալ և փակեցի սրճարանը, հետո, երկար ժամանակ պայքարելով, կարողացա, արդար ճանապարհով, կրկին վերաբացել: Ես նման բան չէի սպասում նոր իշխանություններից, բայց արի ու տես, որ ամեն բան անում են մեզ աշխատանքից զրկելու համար: Այս պահին մոտ քառասուն հոգի կանգնած են այս խնդրի առաջ, մեզնից յուրաքանչյուրի մոտ աշխատում էր 2-3 հոգի, պատկերացրեք, թե քանի հոգի են մնում առանց աշխատանքի։ Ես հասկանում եմ, որ սա ամենահարմար աշխատանքը չէ, բայց մարդկանց աշխատանք է հարկավոր: Մեզանից ոչ մեկն օրենքը չի շրջանցել, բոլորս ժամանակին վճարել ենք հարկերը, աշխատում ենք ՀԴՄ-ով, չեմ հասկանում՝ ո՞րն է նման վարվելակերպի պատճառը: Նախկինում մի քանի անգամ հանդիպել, զրուցել ենք քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ. պարզվում է` գլխներիս տակ փափուկ բարձ էին դնում»:


Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ քաղաքապետարանի ու ՀԷՑ-ի անօրինական միջամտության պատճառով նույն օրը զգալի ֆինանսական վնաս է կրել. «Ես նրանց զգուշացրի, որ չանեն նման բան, քանի որ սառնարանում այնպիսի սնունդ կա, որը, հոսանքի բացակայության դեպքում, մոտ կես ժամում ամբողջովին կփչանա, բայց նրանք չլսեցին ինձ ու հոսանքազրկեցին սրճարան-ավտոբուսը: Այս դեպքում էլ միակը չեմ, կան մարդիկ, ովքեր 100-150 հազար դրամի վնաս են կրել հոսանքազրկման պահին: Ես զգուշացրել էի նրանց, բայց նրանք նույնիսկ ծաղրեցին՝ ասելով, թե եղած ապրանքն էլ կգնեն»:


Այն հարցին, թե հիշյալ բիզնեսի ներկայացուցիչներն ինչ են պատրաստվում անելու, Տիգրան Զալինյանը պատասխանեց. «Առայժմ մեր բողոքը բարձրաձայնում ենք մամուլի միջոցով, միաժամանակ սպասում ենք քաղաքապետարանի գրավոր բացատրությանը»:
Ես էլ հավելեմ, որ սույն խնդրի հետ առնչվող զարգացումներին դեռ կանդրադառնանք։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 22453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ