Իսրայելը սանկցիաներ է կիրառել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դեմ, իսկ Հայաստանում մինչև հիմա դարդ են անում, թե 96-ին մեզ ասել են «օկուպանտ»։
Մեր պարտության խորքային պատճառը մեր էլիտաների գավառականության մեջ է։ Վիզը ծուռ, կոմպլեքսավորված, օտարների կարծիքներով ինքնահաստատվող, օտարամոլ, սեփական ուժերին չհավատացող։ Այս ամենը մեզ ղեկավարած անձերի ու քաղաքական դասի ճնշող մեծամասնության մասին է։
Լևոնը ասում էր. «Մեկ շրջան էլ ավել գրավեինք, միջազգային հանրությունը մեզ չէր ների ու սանկցիաներ կկիրառեր»։ Բա հիմա ինչո՞ւ Ալիևին չեն պատժում կամ սանկցիաներ չեն կիրառում։ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ ցեղասպանություն իրականացրեց, պատմամշակութային ժառանգությունն էլ բացեիբաց գետնին է հավասարեցնում։
Քոչարյանը ասում է. «Ալիևը իրեն գամփռի տեղ է դրել»։ Ժամանակին դու էիր գամփռ, իսկ ինքը՝ տուզիկ, բայց տարբերությունը նրանում է, որ դու գավառական գամփռ էիր, իսկ ինքը՝ աշխարհի ֆիզիկան հասկացող տուզիկ։ Ինքը քեզ մատների վրա ֆռացնելով ժամանակ շահեց, և հեսա՝ իր այստեղի վասալը քեզ բանտիկով փաթաթած իրեն է հանձնելու։
Սերժը ապրիլյանի ժամանակ առաջին բանը որ արեց՝ օտարերկրյա դիվանագետներին հավաքելն ու նրանց առջև բացատրվելն էր։ Իսկ մենք՝ ժողովուրդը, ո՞վ ենք մենք։ Գավառամիտը պոզով ու պոչով չի լինում, գավառամիտը հենց այսպես՝ ուրիշի կարծիքը առաջնային դասող ու ուրիշով լեգիտիմացվողն է։
Տասնամյակներով մեր դիվանագիտությունը հպարտանում էր իր «ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը» մերժող սլոգանով։ Աշխարհը դրա համար տմտմբացնում էր իրենց մեջքին։ Հիմա ո՞վ է հիշում դրա մասին, որ Հայաստանը խաղաղասեր է եղել, իսկ Ադրբեջանը՝ ռազմատենչ։
Վահրամ Մարտիրոսյան