Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Քսանից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին

Քսանից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին
14.02.2024 | 08:51

2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:

Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:

Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024 թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնեմ, որ խուլիգանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված)` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, իսկ եթե այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեր կարծիքով, նշված արարքները պետք է քննարկել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համատեքստում (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի նկատմամբ հրապարակային լկտի զրպարտչական նյութը թշնամանք է առաջացնելու երկու ազգերի միջև:

Եթե իրավապահ համակարգը պատշաճ իրավական գնահատական չտա Անդրանիկ Դովլաթյանի և նրա գաղափարակիցների վարքագծին, ապա ատելության այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հոգևոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսևորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում և արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաև հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսևորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով:

Մեր այն հայրենակիցները, որոնք կցանկանան լրացուցիչ միանալ այս հաղորդմանը, կարող են ara.zohrabyan@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ այլ եղանակով գրել իրենց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համար (մենք լրացուցիչ նամակով քննչական մարմնին կփոխանցենք):

Այս պահից սկսած այս թեմայով զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ համակարգի վրա:

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ