Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հինգ միլիարդի արժեքը

Հինգ միլիարդի արժեքը
19.06.2023 | 10:46

Փողի մասին խորհելիս, բոլորը մտածում են, թե ի՛նչ կարելի է այդ կոնկրետ գումարով ձեռք բերել։

Կա դրա հակառակ կողմը նաև։

Ի՞նչ կարելի է վաճառել, հանձնել, հրաժարվել հինգ միլիարդ ԱՄՆ դոլար ձեռք բերելու համար:

Շատերն անկասկած հիշում են ԵԱՏՄ ղեկավարների միջև տեղի ունեցած և գաղտնազերծված զրույցի մասին, որտեղ Բելոռուսի դիկտատորն ուղղակի, առանց ավելորդ ձևերի, ՀՀ ղեկավարին առաջարկում էր հինգ միլիարդ դոլարով հրաժարվել Արցախից, թողնել այն Ադրբեջանի տիրապետության տակ, փակել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի արցախյան էջը։

Փաստացի, ՀՀ ղեկավար Սարգսյանին առաջարկվում էր վաճառել մեր հայրենակիցներին, թողնել նրանց պատանդի, գերու կարգավիճակում, կազմաքանդել Արցախի պաշտպանության բանակը, վերացնել պետական սահմանադրական կարգը, սողացող ցեղասպանության ենթարկել Արցախի հայ բնակչությանը, զինաթափվել, խեղճանալ, պարտվել և բավարարվել 29.8 հազար քառ. կմ տարածքով Հայաստանի հեռանկարի ստով։

ՀՀ նախկին ղեկավարը, ըստ երևույթին դրական պատասխան չէր տվել, և հակընդդեմ սարկազմով առաջարկել էր թեման ջրել, դրա դադարեցնելու դիմաց վճարել նույն գումարը փող առաջարկող Ադրբեջանին։

Կոռուպցիայի, հովանավորության, թալանի, գանձագողության գործակատար ԵԱՏՄ ղեկավարները հասկանում, գիտակցում էին, որ նման համաձայնության, պարտվողական քայլի, որոշման դիմաց առաջարկվող փողի մեծ մասը չէր գալու ՀՀ պետական բյուջե և այդ գումարները նստելու էին գործարքի մասնակցի բանկային հաշիվներին։ Անկասկած էր, որ Հայաստանում խորացած քաղաքական ճգնաժամի պայմաններում ՀՀ նախկին ղեկավարը չուներ լեգիտիմության բավարար մակարդակ և քաղաքական կշիռ նման հակազգային գործարքի մաս կազմելու համար, ուստի առաջարկվող գործարքը չկայացավ։

Եկավ 2018 թվականը։ Իշխանափոխության, իշխանահանձնման սահուն, թավշյա ընթացքից հետո պահանջվեց ընդամենը երկու տարի, որպեսզի զրոյական բանակցային կետից սեփական դիրքորոշումը առաջ մղող անձը համապարփակ, ընդունելի, արժանապատիվ խաղաղության փոխարեն սադրի նոր պատերազմ տեխնիկապես առավելություն ստացած Ադրբեջանի հետ։

Որոնք եղան հայկական կողմի կրած դառը պարտության ռազմաքաղաքական արդյունքները։

1. Չկա Արցախի պաշտպանության բանակը իր համարժեք պոտենցիալով:

2. Արցախի բնակիչները գտնվում են պատանդի կարգավիճակում:

3. Կորսվել է ՀՀ բանակի մոտ հինգ մլրդ ԱՄՆ դոլարի արժեքով սպառազինությունը:

4. Ադրբեջանին են հանձնվել Արցախի Հադրութ, Շուշի շրջանները, ռազմավարական բարձունքները, Կապան Գորիս ճանապարհը, մշտական գնդակոծման տակ են ՀՀ սահմանները։

5. ՀՀ ղեկավարը բաց տեքստով ճանաչում է Արցախը, որպես Ադրբեջանի տարածքային միավոր:

6. ՀՀ ղեկավարը խնդրում է Ադրբեջանին ճանաչել ՀՀ սուվերենությունը 29.8 հազար քառ. կմ տարածքի վրա։

7. ՀՀ ղեկավարը խաղաղության օրակարգ կոչված անհեթեթության քողի տակ բացում է բոլոր տրանսպորտային հանգույցները Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

8. Վերոհիշյալ կետերին գումարվում է Թուրքիայի կողմից ՀՀ ներքին գործերի միջամտությունը, գերբի անիմաստության մասին զառանցանքը, Արարատ սարի մասին հիմարության գագաթնակետը, բացառապես բոլոր դաշնակիցներից զրկվելը։

Մեր կողմից հիշատակված հարցերը կարող են լրիվ չլինել, քաղաքացիները կարող են ներկայացնել էլի ու էլի բազմաթիվ ազգակործան քայլեր և երևույթներ։ Բայց հիմնական հարցը մնում է հետևյալը` որտե՞ղ է ԵԱՏՄ ղեկավարների հավաքի ընթացքում առաջարկվող հինգ մլրդ ԱՄՆ դոլարը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ