Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Բոլորը պատրաստ են լինել զորավարներ, բայց զորք չունեն

Բոլորը պատրաստ են լինել զորավարներ, բայց զորք չունեն
12.03.2023 | 10:25

Հասարակական կյանքում մենք մեր գիտելիքներն ու ինտելեկտուալ ուժը օբյեկտիվորեն իմանալու կամ չափելու համար պետք է համեմատվենք ոչ թե ժեխի հետ, այլ աշխարհի։
Իսկ աշխարհը այս իմաստով շատ է առաջ գնացել, մինչդեռ մեր մակարդակը, ընդհանուր առմամբ, մնացել է նույն պարզունակ բաժակաճառայինը ու խաշախորովածայինը։


Նույնիսկ, եթե մեզ համեմատում ենք հին հունական հեղինակների հետ, ասենք, Անաբասիս կամ Պլուտարքոս կարդալիս, զգում ենք, որ մեր հասարակական բնույթի մտածողությունը դեռևս շատ հեռու է նույնիսկ նրանց մակարդակից։
Եթե այս տեսանկյունից փորձենք օբյեկտիվորեն գնահատել մեր հասարակական մտքի այսօրվա վիճակը, ապա կտեսնենք, որ այն չափից դուրս անբավարար է և ընթացող պրոցեսների վրա նույնիսկ մինիմալ ազդեցություն չունի և չի էլ կարող ունենալ։
Իսկ ազդեցություն չունի, քանի որ իրական ուժ ու հզորություն չունի։
Մնում մնում ենք ու ասում, որ լիդերներ չունենք, առանց հաշվի առնելու, որ լիդերն առաջանում է որոշակի հասարակական շարժման ու տրամադրությունների ֆոնի վրա, որը չունենք։


Այս ուղղությամբ, շատ-շատ ունենք մի քանի տասնյակ ամեն ինչը պարզորոշ տեսնող ու հասկացող մարդիկ, որոնք բոլորը պատրաստ են լինել զորավարներ, բայց զորք չունեն։
Իսկ աշխարհի հետ համեմատվելու համար ոչ թե կարևոր է Արևելքի կամ Արևմուտքի ասածը կիսատ պռատ, մի կերպ իմանալն ու տեղին անտեղի ցիտելը, այլ այն, թե մեր իսկ կողմից ստեղծված որևէ հիմնական արժեք ունե՞նք, որը կարող է դրվել նրանց արածի կողքին։
Բանը նրանում է, որ այն բազմաթիվ հիպոթետիկ պլաններն ու խնդիրները, որոնք առաջ են քաշվում մերոնց կողմից, պարզապես իրականացվող չեն, քանի որ մեր հասարակական միտքը համապատասխան հզորությունը չունի։


Այնպես որ, այս հարցում ժողովրդի քաղաքական մտածողության մակարդակը մեր այսօրվա վիճակի հետ կապ չունի, քանի որ մեր հասարակական միտքը, իր տեսական և պրակտիկ ուղղություններով, համապատասխան ինտելեկտուալ-գիտելիքային և պրակտի-շարժումային հզորություն չունի, որը գրավիչ կարող է լինել ժողովրդի համար։
Մյուս կողմից էլ, եթե փեշներիս քարը թափենք և ազնվորեն խոստովանենք, ապա պետք է տեսնենք, որ առկա միջմարդկային ագրեսիայի ու անկազմակերպվածության պայմաններում, մեզնում որևէ նորմալ քաղաքական ճանապարհով որևէ բան տեղի ունենալ չի կարող և երբեք էլ տեղի չի ունեցել։


Նորմալ քաղաքական միջոցներով նորմալ երկիր դառնալը և նորմալ ճանապարհով զարգանալը պարզապես իլյուզիա-պատրանք է, որը տեղ է գտել մեզնում դասերը կիսատ-պռատ սովորելու հետևանքով, և որն ավելի շատ մեզ քաջ ծանոթ ժողովրդական հեքիաթների ոլորտից է։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 20457

Մեկնաբանություններ