Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում. համենայն դեպս, դրա վտանգը կա

Թուրքիան արդյոք կներգրավվի՞ ներկայիս պատերազմում. համենայն դեպս, դրա վտանգը կա
26.02.2022 | 00:50

Սկիզբը` այստեղ

Մեզ` հայերիս, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ, ՆԱՏՕ-Ռուսաստան գնալով լարվող հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, և ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ռուս- ուկրաինական պատերազմի ընթացքում կկարողանա՞ն գայթակղել կամ ստիպել թուրք- ադրբեջանական տանդեմին Արցախում, Հայաստանում պատերազմ սկսել` այն հաշվարկով, որ դրանում անխուսափելիորեն կընդգրկվի Ռուսաստանը` այդ պատերազմում թեկուզ հաղթելու, բայց արդյունքում նաև իր համար ծանր հետևանքներով:


Այսինքն, Արևմուտքն այստեղից Ռուսաստանի թիկունքին կխփի՞ թուրք- ադրբեջանական տանդեմի միջոցով, Թուրքիային և Ադրբեջանին խոստանալով ու տրամադրելով ռազմական և այլաբնույթ աջակցություն (բացի պատերազմում անմիջականորեն ներգրավվելուց) ու գայթակղելով, դրդելով օգտվել առիթից իրենց պանթյուրքական ծրագրի իրականացման համար:


Թուրքիան, որը մինչ այժմ հայտարարել էր, որ ուշադիր հետևելու է ռուս- ուկրաինական հակամարտությանը, իր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցով այսօր հայտարարել է, որ կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար, բայց դրանց վերադարձը չի արգելի, դրանք, Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն, իրենց բազաներ վերադառնալու իրավունք կունենան:
Ավելի վաղ Թուրքիայում ՈՒկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսների համար։ Թուրքիան, որը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները դեռ չի փակել, բայց ակնարկում է, որ կարող է փակել, այն պետությունը չէ, որ ենթարկվի ՈՒկրաինայի պահանջին, բայց եթե նույնն իրենից խստորեն պահանջեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ն, որի անդամ է, դժվար թե չկատարի: Ի դեպ, այսօր Երևանի ժամանակով 18:00-ին մեկնարկել է ՈՒկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ու հնարավոր է, որ այդ ընթացքում Թուրքիային առաջարկվի կամ նրանից պահանջվի առաջիկայում փակել նեղուցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է անվանել Ռուսաստանի գործողություններն ՈՒկրաինայում և հայտարարել, որ Անկարան աջակցում է ՈՒկրաինայի «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»‰ պայքարին։ Էրդողանն ասել է նաև, որ Դոնբասում հատուկ գործողության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումը հակասում է միջազգային իրավունքին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան համաձայն չէ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի այս քայլը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին։


Նկատի ունենանք նաև հետևյալը. թուրքերն արդեն իսկ մտահոգված են, որ ՈՒկրաինայում հաջողելու դեպքում Ռուսաստանը մի օր էլ կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Արդահանի և Կարսի նահանգները:
Առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Թուրքիայի կողմից ՈՒկրաինային զենք մատակարարելը սադրանք է. «ՌԻԱ Նովոստի»-ին վերջերս տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը:
«Այս իրավիճակում ՈՒկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է,-հայտարարել է Կլիմովը:-Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց, միևնույն է, անում են, ինչը ցավալի է»:
Ըստ նրա, «Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը»:
Ավելի վաղ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՈՒկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի երկրում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:
Հայաստանի խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում փետրվարի 23-ին կատարած գրառմամբ ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրադրության առնչությամբ անհրաժեշտ է համարել ՀՀ-ում և Արցախում բարձրացնել զգոնությունը: Նշելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում, դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով, որքան հասկանալի է, ոչ միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն, Աբրահամյանը գրել է.
«ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը։
ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներն Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ բացառելի չեն։


Այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ, կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։
Ի դեպ, այս վտանգը կա նաև այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ակտիվ ազդեցության պայքարի մեջ է Թուրքիայի կամ այլ դերակատարների հետ։
Այնպես որ, ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, և սա առաջին հերթին վերաբերում է հատկապես ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին»:


Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ փոքր մասշտաբի սադրանքնե՞ր: Եվ ՌԴ-ին ստիպելու համար, որ Հարավային Կովկասում ընդամենը լրացուցիչ ջանք և ռեսու՞րս մշտապես ապահովի: Ոչ՛ իհարկե: Եթե Թուրքիան կամ Ադրբեջանն այստեղ համարձակվեցին գնալ ՌԴ-ի հետ բախման, ապա փոքր մասշտաբի սադրանքների մասին խոսք չի կարող լինել, և նպատակն էլ չի լինելու սոսկ այն, որ Ռուսաստանն այստեղ լրացուցիչ ջանք և ռեսուրս ապահովի` դրա հետևանքով ընդամենն ունենալով հաղթահարելի դժվարություններ:


Ներկա իրավիճակին իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև քաղաքական վերլուծաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ նախորդ` 7-րդ գումարման պատգամավոր ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նշելով, որ «մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ», նա գրել է.
«Իհարկե, ստեղծված իրավիճակը շատ հստակ «պառկում» է նոր աշխարհաքաղաքական սահմանների (պայմանական՝ Արևմուտքի և Արևելքի միջև) ձևավորման ակտիվ գործընթացների տրամաբանության մեջ, սակայն հիշեցնեմ, որ այս գլոբալ գործընթացը անխուսափելի հարվածելու է նաև Հայաստանի և Արցախի կենսական, եթե կցանկանաք՝ գոյաբանական շահերին:


Ի՞նչ պետք է անի այս պարագայում իշխանությունը։
Նվազագույնը՝ այս իշխանությունը պետք է կասեցնի իր ապազգային և թուրքահաճո քաղաքականությունը,այսինքն, «թարգի» թուրքերի և ադրբեջանցիների հետ հակահայկական «պաչպռոշտիների» գործընթացը և հասկանա միայն մի բան. կամ մենք ակտիվ պատրաստվում ենք ամենաբացասական սցենարների, կամ ուղղակի կդադարենք լինել, այս խոսքի ուղիղ իմաստով» (ընդգծումները` մերը)։

(Շարունակելի)


Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 21307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ