ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ողորմի ամրագոտի հնարողի պապին

Ողորմի ամրագոտի հնարողի պապին
25.09.2009 | 00:00

Հայոց պետբյուջեի տունը գյուղացի Համբոյի տան նման կռիվ էր ընկել։ Մի երկու իշտահավոր իշխանավոր ուզում էին բլդուղ անել ու կուլ տալ տակը բան չմնացած բյուջեն` ինչպես իրօգուտ մեղրավաճառն է վերջում յուր մատը լիզում, բայց գլխավոր բյուջեակիրը վիզ էր դրել ամեն գնով փրկել բյուջեն` սերունդների աչքում «մոնումենտ» դառնալու համեստ հեռանկարով։ Թթու թանի նման ամեն ինչ փորձարկել էր գլխավոր բյուջեաբանը։ Պարապությունից ճանճ քշող ու մեծ-յուղալի պաշտոններ երազող երկրի գլխավոր խորհրդականները միահամուռ պնդել էին, թե արժե բյուջեն կցել-կցմցել մի օլիգարխ-պատգամավորի, որ սնուցի։ Բոլոր օլիգարխները մի սանրի կտավ են` բացաշկարա, տեսե՜ք-տեսեք, սնուցում են միագիծ, իսկ թաքուն-թաքուն եռաֆազ կլլում բյուջեն` քաշում ջանները։ Գլխավոր բյուջեագետը ցանկանում էր բյուջեի կաթսան լցվի, բյուջեն ինքնաբուխ եռա, կաթի նման եռա, փրփրակալի, չորս կողմից թափվի, լցվի հայոց չորսկողմանի սահմանները։ Մեծահարուստներն ինչպես հարկն է չեն մուծվում, թալանչիները շարունակում են հոտոտելով իրօգուտ բան գտնել, մեծավորների յալանչիներին ո՞վ ռիսկ կանի բան ասել, օրը միլիոն դոլար ունեցողները մի քոռ կոպեկ չեն տա մի աղքատ ընտանիքի, էլ ո՞ւր մնաց պետական գանձարկղ մուծեն։ Բայց մենք պետություն ենք կառուցում, հետն էլ օղակ-օղակ ամրակայում։ Ասում են` կարգապահությունը լավ բան է, բայց անկախության ուղին բռնած երկրի համար անկարգապահությունը շատ ձեռնտու գործ է։ Հանրահավաքները որոշ մարդկանց համար ապրելու միջոց են։ ՈՒզածին ծեծում են, քացու տակ տալիս, բռնում, ձերբակալում, դրա համար արժանանում են կոչման, պաշտոնի բարձրացման։ Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-2-ը, ոչ քիչ այլ օրեր շատերին հացի տեր դարձրին։ Խոսքն այսօր, սակայն, հայոց փառապանծ ոստիկանության, է՛լ ավելի փառապանծ իշխանությունների առտնին քյալլագյոզությունների մասին չէ, այլ դեմք ու դիմագիծ նշմարող երկրի բյուջեի։
Կառավարության անկարգապահությունից օգուտ քաղել չի կարելի, նախագահականի անկարգապահությունը տեսնելը դատապարտելի է, քաղաքապետարանը լավ գիտի, թե իր աղունն ո՞ւմ ջրաղացում է աղալու...
Բյուջեի նեղ ժամանակ փայլատակեց հայոց միտքը։ Արդյունաբերությունը խայտառակ վիճակում է, մի գյուղատնտեսության նախարարություն, որը չի կարողանում օգնել ծիրանավառ հայ այգեգործին, երկիրը չի դարձնում ծիրանի չրի, հյութի, հենց ծիրանի օղու հայրենիք, որ սելավի ու կարկտի համաչափությամբ անտարբեր է գյուղացու հոգսին։ Տեսնո՞ւմ եք, ասելու բան կա, չէ՞։ Ցույց տվեք մի նախարարություն, որ անկախության անցած տարիներին գործ է արել։ Եթե մեկը սխալվեր ու գործ աներ, ապա կդառնար ՌՔ-ի աչքի գրողը։ Թե չէ ինչեր կաներ Վարդան Օսկանյանը։ ՈՒսումնական հաստատություններն ամեն ինչի հետ գործ ունեն, բացի... դպրոցի ճամփի։
Եվ ահա բյուջեի օրհասական պահին փայլատակեց հայոց կենարար միտքը. հայ ժողովուրդը օգտվո՞ւմ է, արդյոք, իր սահմանադրական իրավունքից` ամրագոտիներից։ Հա՛յ ժողովուրդ, քո իշխանությունը քեզ հետ է։ Եթե ցամաքում, ջրում, օդում դու չօգտվես քո սահմանադրական իրավունքից` քո բուռը չհավաքես քո գոտիները, ապա... ավելի լավ` տեղում կտուգանվես, պետական բյուջեն կլցվի քո անկեղծ ու նվիրական ներդրումով։
Դա էլ առիթ էր, որ հատու, կարճ, մանավանդ բովանդակալից զրույց ունենանք անչափ շահով ոգևորված մի ոստիկանի հետ։
-Բարև ձեզ...
-Բարևի ժամանակը չէ, սա ձեր ո՞րերորդ կոպիտ խախտումն է։ Ամրագոտիներն ո՞ւմ համար են։
-Ես ամրագոտի չունեմ։
-Ինչո՞ւ...
-Մեքենա չունեմ։
-Ամեն ավազակ ունի, դու ինչո՞ւ չունես։ Իմ գործը չէ, արդեն գրել եմ, կմուծես, որ խելքդ գլուխդ գա։ Այլ խախտումներ կարող ես անել, աչք կփակենք, բայց ամրագոտիների հարցում, ինչ ասեմ, սայլապան պապս էլ մեռած տեղից գա, ամրագոտին վրեն չեղավ, տուգանքը պարտադիր է։
-Հայաստանում արդյունաբերություն չկա։
-Գլխավորը ամրագոտիներն են։
-Գյուղը քայքայվում է։
-Գյուղը պետք է մեծ տեղ տա ամրագոտիներին և արթուն մնա, որ չկորցնի հավատը։
-Աղետի գոտու ժողովուրդն էս ձեռնքաշ իշխանությունների ձեռքին կատարյալ աղետյալ է դարձել։
-Ոչինչ, գլխավորը ամրագոտիներն են։
-Բնակարանային գողությունները, մարդասպանությունները շատանում են։
-Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ամրագոտիների բերած օգուտին։
-Ամեն ինչ թանկանում է։ Ժողովուրդը նորից տարհանվում է, հայոց երկիրը ժողովրդաթափվում է։
-Ընտրությունների ժամանակ տուփերում լիքը մարդիկ են լինում։ Գլխավորը, սակայն, ամրագոտիներն են։
-Սերժ Սարգսյանը կմեկնի՞ Թուրքիա։
-Հասկացա` ֆուտբոլային խաղի։ Կմեկնի, իհարկե, գլխավորը` նախագահի ամրագոտիները, ինչպես շախմատի ժամանակ, միշտ պատրաստ են։ Չկապեց, մի քանի օլիգարխի կստիպենք տասնապատիկը վճարել, հպարտությա՛մբ վճարել։
-Շնորհակալ եմ, պարոն ամրագոտի։
...Միայն ջերմուկով կարելի է մեր բյուջեն լցնել։ Հիշո՞ւմ եք, սին դուրս եկան լևոնականների խոստումները։ Մեր բյուջեն լցվում է անկարգապահ վարորդների, ուղևորների տված օգուտով։ Գնացեք ձեր բանին։ Պետության համար լավ էլ աշխատեցի, մի քիչ էլ մեր տան համար աշխատեմ, որ ամրագոտիս ավելի ամրացնեմ։
Նա` ամրագոտին, անցավ իր բանին, ես էլ մտմտալով եկա խմբագրություն։ Իրոք, ի՞նչ կլինի ժողովրդի, պետության վիճակը, եթե անկարգապահներ չլինեն, ամրագոտին մոռացող վարորդներ չլինեն։
Ողորմի ամրագոտի հնարողի պապին։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ