ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և այլ անձանց

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և այլ անձանց
01.02.2021 | 23:29

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց: «Բոլոր մարդիկ, ովքեր հակամարտության բերումով զրկվել են ազատությունից, պետք է կարողանան տուն վերադառնալ»,- ասվում է փորձագետների համատեղ հայտարարությունում:


Փաստաթղթում նշվում է, որ «զոհվածների ազգականներին պետք է տրվի աճյունները ստանալու հնարավորություն»:
ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անհետ կորածների մասին տեղեկություններ չհայտնելը կամ աճյունների վերադարձը մերժելը կարող է գնահատվել որպես «բռնի անհետացում»: «Մեզ մտահոգում են հաղորդագրությունները, որ գերիները և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք բռնի եղանակով անհետանում են, ենթարկվում են արտադատարանական մահապատժի, կտտանքների և այլ տեսակի վատ վերաբերմունքի»,- հայտարարում են փորձագետները:


Նրանք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ են անում «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ եղանակով ստուգել զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»: Հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի 7 փորձագետներ, այդ թվում` կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, արտադատարանական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը և բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները:

Դիտվել է՝ 9273

Մեկնաբանություններ