ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ազատ տեղաշարժի իրավունքն ու ատելության մթնոլորտը

Ազատ տեղաշարժի իրավունքն ու ատելության մթնոլորտը
20.01.2021 | 11:28

Մի խումբ մարդիկ հավաքվել են ու որոշել՝ թույլ չտալ «Հայրենիքի փրկության» շարժման անդամների ու վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Սյունիքի մարզ:

Սառնամանիքին ճանապարհ փակած անձանց հետ ճանապարհը բացելու «բանակցություններ» են վարել Սյունիք մեկնած ԲՀԿ-ական պատգամավորները, որ ոչ թե շարժման անդամների, այլ սեփական նախաձեռությամբ ու բոլորովին այլ օրակարգով են մարզ գնացել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղթելյանը տեղեկացնում է՝ իրենց օրակարգում այսօր՝ հունվարի 19-ին, Սյունիք գնալը չի եղել:

«Օրերն ու իրադարձությունները խառել են»,- տեղեկացրել է նա ու հավելել, որ ինքն Արցախում, իսկ Մանուկյանը Երևանում է: Մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում խոչընդոտել ՀՀ քաղաքացու մուտքը ՀՀ տարածքային ամբողջականության մաս համարվող մարզերից մեկը, պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են, ու փաստորեն ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է առաջնորդվի նրանց քմահաճույքով: Եթե որոշեն, որ ես, օրինակ, Փաշինյանի երկրպագու չեմ, ուրեմն կարող են կտրել ճանապարհս, վճռել ճակատագիրս ու, ասենք, թաղել ձյան մեջ: Հատկապես 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո Հայաստանն ատելության ու անհանդուրժողականության անվերջանալի ու կործանարար ցիկլի մեջ է: Ազատ տեղաշարժի իմ իրավունքը խախտելով, ճանապարհ փակելով, մեքենաների տակ ընկնելով՝ իշխանության եկածները կարճ ժամանակ անց դասակարգեցին մարդկանց՝ Նիկոլի վկաներին տալով «սպիտակներ», նրան թթու խոսք աողներին «սևեր» անունը: 44 օրյա պատերազմից հետո, երբ թվում է, թե «նիոկալական» ու «նախկին» բաժանումը մնացել է շա՜տ հեռու, սարերի հետևում, ավելի ուժգին ու մեծագույն խանդավառությամբ ենք իրար ատում: Ո՞վ է Նիկոլի աջակիցը, որ պետք է որոշի՝ ես կարո՞ղ եմ գնալ Սյունիքի մարզ, թե՞՝ ոչ, ո՞վ է նախկին իշխանության ներկայացուցիչը, որ պետք է խոչընդոտի Նիկոլին հավատացող մարդու ազատ տեղաշարժը: Ատելության մթոնոլորտի ահագնացման մասին մեկ անգամ չէ, որ բարձաձայնել եմ, բայց ո՞վ է լսողը:

Իշխանությունը, որ օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի անհանդուրժողականությունը թոթափելու, միաբանվելու ու իրար կարեկից լինելու համար, է՛լ ավելի է խորացնում իր իսկ ձեռքով գծած վիհն ու փորձում բոլորին անդունդը նետել: Իշխանության ղեկը աջուձախ տվող իշխանավորներին խնդրում եմ ևս մեկ անգամ. կանգ առեք, սթափվեք, ատելության նոր սերմեր մի՛ ցանեք, անհանդուրժողականության հրաբխի լավան, վաղ թե ուշ, ձեզ էլ է կուլ տալու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 13673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ