Վաղ լուսաբաց է։ Քաղաքը քնած է։ Ննջում են թափառաշրջիկ շները։ Հարևան թոնրատան երդիկից քուլա-քուլա բարձրանում է կենսաբեր ծուխը, լավաշը թխվում է, ու մի՞թե ես չեմ պատվելու զվարթ հույզերով և բեղմնավոր աշխատանքային օրվա հույսով չեմ սկսելու ավանդական մարմնակրթական ծեսը, այսինքն մարմնամարզանքը։ Սակայն մինչև առավոտյան 7.00-ն դեռ մի փոքր ժամանակ կա։ Եվ ահա, արդեն որերորդ անգամ ընթերցում եմ Աջափնյակ վարչական շրջանի դեյուրե ղեկավար, դեֆակտո պատուհաս Թելման Թադևոսյանի պաշտոնական նամակը. «Քաղաքացի Վրեժ Առաքելյան. ի կատարումն Երևանի քաղաքապետի 13.03.2020 թ. հ. Ա-2795 (բանալի 179105) և 16.03.2020 թ. հ. Ա -2847 հանձնարարականների (բանալի 1749874) Ձեր բողոքի մասին հայտնում ենք, որ Շիրազի փող. 26 հասցեում` վերգետնյա անցման հարևանությամբ գտնվող բազայի գործունեության վերաբերյալ, որը խանգարում է բնակիչների անդորրը, Մաշտոցի ոստիկանություն գրություն է ուղարկվել` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Հարգանքով` Թ. Թադևոսյան»։
Ընթերցեցի, լիաթոք շնչեցի և պատշգամբիս բարձունքից հետևեցի բազայի կյանքին։ Ընթերցողս հեռակա կարգով ծանոթ է նշյալ բազայի հետ, համեմատաբար փոքր տարածքում բեռնված են մետաղյա ջարդոնն ու զանազան շինարարական նյութեր։ Նաև տախտակ կա այստեղ և այլ սարքեր, ի մասնավորի զոդման համար նախատեսված բալոններ։ Այսինքն, բազան ոչ միայն ընդունման և բաշխման կայան է, այլև սպասարկման կենտրոն։ Բայց կարծես շեղվում եմ։ Բազայում երեք հնամաշ կրպակներ են տեղադրված և փայտաշեն արտաքնոց։ Կրպակներից մեկում բնակվում է Սքեն` բազայի կառավարիչը, որն օրնիբուն, ամառ թե ձմեռ հետևում է գործերի ընթացքին։ Երբեմն այստեղ գիշերում են Սքեի անձնակազմի անդամները, որոնք առավոտ կանուխ ինչ-ինչ աշխատանք են կատարում, զուգընթաց քնահարամելով բամաթիվ բնակիչների։ Ինձ` ոչ։ Ես հիանում եմ նրանց սիրով և համերաշխությամբ։ Սքեն, շատ կներեք, գաճաճ է։ Սակայն նրա եռանդը ծով է։ Այս լուսաբացին էլ նա դուրս եկավ իր մետաղյա տնակ-որջից և քայլեց դեպի փայտաշեն արտաքնոց։ Հետո տնակ-որջից դուրս ելնելով նույն ճանապարհով քայլեց զոդող վարպետը։ (Թե որտեղ են նրանք լվացվում, ինձ հասու չէ, զի լվացարանն ուղղակի տեսանելի չէ)։ Բազան անցավ գործի։ Զոդողը մետաղի ջարդոնը շուռումուռ է տալիս, վար է նետում ջարդոն-բլրակից, դղրդացնում է շրջապատը։ Սքեն ուշի ուշով հետևում է նրան։ Եվ այսպես է օրեր շարունակ։ Եվ ահա ես ամեն առավոտ ըմբոշխնում եմ իմքայլական հեղաշրջիչների կերտած հակապետության արհավիրքները։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Ինձ խիստ հուզում, պատեպատ է խփում Երևանի ավագանու, մասնավորապես ԼՀԿ խմբակցության անդամների վերոնշյալ և բազմաթիվ այլ հակամայրաքաղաքային, հակաբանական և ուղղակի ենիչերիական վերաբերմունքը երևանաբնակներիս արժանապատվության և առողջության ոտնահարման խնդիրների հանդեպ։ Ինձ մնում է այժմ պնդել, որ, այո՛, ավագանու անդամ տիարք և տիկնայք, դուք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործերի վերահսկիչը չեք, բնավ։ Դուք պարզապես Կարգին Հայկոյի կերտած հակահերոս Ծամածռուկի անհամար թյուրըմբռնումների մարտավկաներն եք։ Այլ կերպ ասած` Ծամածռուկի աղանդի վկաներն եք։