«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խոդորկովսկին մեղքը չի ընդունել, նա վաղը ասուլիս կտա

Խոդորկովսկին մեղքը չի ընդունել, նա վաղը ասուլիս կտա
21.12.2013 | 13:26

Երեկ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը լքել է Սեգեժայի գաղութը և մեկնել Գերմանիա: Մինչ նրա ազատվելը ռուսական կայքերում տարբեր գործիչներ խոսում էին այն մասին, թե Միխայիլ Խոդորկովսկին ներման դիմում գրելով ընդունում է իր մեղքը և չի կարողանա հետագայում պայքարել ՅՈՒԿՕՍ-ի ունեցվածքի համար:

Խոդորկովսկին երեկ դուրս գալուց հետո հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Նոյեմբերի 12-ին ես դիմել եմ ՌԴ նախագահին ներում շնորհելու խնդրանքով` ընտանեկան իրավիճակից ելնելով և ուրախ եմ դրական լուծման համար: Մեղքը ընդունելու մասին հարց չի դրվել»: Հայտարարության մեջ նա նաև ակնարկել է, որ պայքարելու է իր ընկերների ազատության համար: Դա դժվար չէ կռահել հայտարարության հետևյալ հատվածից. «Ես մշտապես մտածում եմ նրանց մասին, ովքեր բանտում են»: The New Times-ին Խոդորկովսկին ասել է. «Տասը տարի հետո հիմա ազատությունն անհավատալի զգացողություն է: Ես երախտապարտ եմ ձեզ և բոլորին, ովքեր ինձ աջակցել են այս ամբողջ ժամանակ: Առջևում շատ բան կա. ազատությունը այն պատանդների, ովքեր դեռ մնացել են բանտում. առաջին հերթին դա Պլատոն Լեբեդևն է»: Վաղը` դեկտեմբերի 22-ին, Միխայիլ Խոդորկովսկին մամուլի ասուլիս կտա և ամենայն հավանականությամբ որոշ փակագծեր կբացի:

Նշենք, որ պաշտոնական Վաշինգտոնը երեկ ողջունել է Խոդորկովսկու ազատությունը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է. «Վաշինգտոնին միշտ անհանգստացրել են ընթացակարգային խախտումները և Ռուսաստանի դատական համակարգի ընտրողականությունը, այդ թվում Խոդորկովսկու և նրա գործընկերոջ` Պլատոն Լեբեդևի նկատմամբ»: Այս ողջ ընթացքում Միխայիլ Խոդորկովսկուն մեծ աջակցություն է ցուցաբերել Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերը: Կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե Գերմանայի կառավարությունը գնահատում է Գենշերի ջանքերը, ով «անդրկուլիսային մեծ աշխատանք է կատարել այդ գործի հաջողության համար»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարության այս անսպասելի պոռթկումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Կա վարկած, որ Խոդորկովսկուն պարզապես փոխանակել են որևէ ռուսական լրտեսի ազատության դիմաց, սակայն վերջին օրերին նման տեղեկատվություն չի եղել: Մի այլ վարկածով Խոդորկովսկուն ազատել են Ռուսաստանը անհապաղ լքելու պայմանով, սակայն վերջինիս փաստաբանը երեկ հայտարարել է, թե Խոդորկովսկին Մոսկվայի բնակիչ է և շարունակելու է բնակվել այնտեղ: Ավելի հավանական է մտածել, որ Խոդորկովսկու դիմումը համընկել է Սոչիում կայանալիք օլիմպիադայի հետ: Նշենք, որ Խոդորկովսկին Պուտինին դիմում է գրել նոյեմբերի 12-ին, իսկ նրա ազատության հարցը լուծվեց միայն երեկ` դեկտեմբերի 20-ին: Ռուսաստանի իշխանությունները երեկ ցույց տվեցին, որ մարդուն ազատություն շնորհելը րոպեների հարց է ընդամենը, ուրեմն ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարին կարող էին ավելի վաղ բաց թողնել: Ինչո՞ւ հենց հիմա: Սոչիի օլիմպիադային հրաժարվել են ներկա գտնվել արևմտյան մի շարք գործիչներ, այդ թվում և` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սա արդեն լուրջ է Պուտինի համար: Որքան էլ վերջինս ցանկանա ցույց տալ իր ուժը և գերակայությունը, աշխարհի հետ հարաբերություններ փչացնելը նրա վերջին ցանկությունը պիտի լինի: Ըստ իս, այստեղ կա նաև Ուկրաինայի` Եվրոպայից գոնե այս փուլում պոկելու հարցը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ