ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գագիկ Ջհանգիրյանը 20-րդ դարի հայ իրականության թիվ 1 կեղծարարն է

Գագիկ Ջհանգիրյանը 20-րդ դարի հայ  իրականության թիվ 1 կեղծարարն է
06.11.2012 | 12:00

Երբ կարդում էի ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցազրույցը «Ընտրական ախտի...» մասին, անկախ ինձնից, փորձում էի հասկանալ նրա հոգեբանությունը: Ակամայից դեմս եկան «Եռանկյունի» ֆիլմի պատանի հերոս Հովիկը, գասպարավարի լողացող Մկրտիչը, որը յաթաղանից փախչելու համար լողալով կտրել-անցել էր Սև ծովը, և իրական փորձությունը, երբ նույն Մկրտիչը, որին սովորական գետակում խեղդվելուց փրկում է Հովիկը, և նրա մի պահ հիասթափությունը գասպարավարի լողացողից: Ասում եմ` մի պահ, որովհետև նա չի ատում իրեն խաբողին, ավելին, արդարացնում է, որ փախուստի մեջ գասպարավարի լողացողի կերպարով Մկրտիչը ցանկացել է փախուստին ինչ-որ հերոսականություն, վեհություն հաղորդել:

Արամ Մանուկյանի գասպարավարիության լեգենդին կհավատայի, եթե լինեի Հովիկի տարիքին, բայց հասուն տարիքի քաղաքացիս ինչպե՞ս կարող է հավատալ մեկին, որը (նկատի ունեմ ամբողջ ՀՀՇ էլիտային) ոչ միայն ներողություն չի խնդրում ոչ հեռավոր անցյալի իրենց վարած հայրենակործան քաղաքականության համար, ավելին` ոչ մի ճիգ չի խնայում այդ ապականությունները խնամքով թաքցնելու և երկրում տիրող ընտրակեղծիքների, ընտրակաշառքների ողջ ապականությունը փորձում է սկսել 1998-ից, այսինքն` այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը բարեհաջող անցավ ընդհատակ, այդպես էլ պատասխան չտալով իրենց կատարած թալանի համար: Մինչ Մանուկյանի մեղքերին անդրադառնալը, կցանկանայի նախ անդրադառնալ լրագրող Վահե Մելիքյանի (նա է անցկացրել Մանուկյանի հարցազրույցը) արած սխալ հարցադրմանը. «Անվերապահորեն համաձայն եմ 90-ի, բայց հաջորդող ԱԺ-ի և նախագահականի հետ` ոչ»։ Փորձեմ հիմնավորել անհամաձայնությունն 90-ականների այդ ժամանակաշրջանին առնչվող արտահայտության, որով պատասխան կտրվի նաև գասպարավարի լողացող ՀՀՇ-ական պարոնին: 1990-ի մայիսի 20-ին ՀՀՇ-ն իր բոլոր խարդավանքներով, սպառնալիքներով հանդերձ չկարողացավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 260 պատգամավորական տեղերից շահել բավարար ձայներ Գերագույն խորհրդի նախագահ ընտրելու և հետագայում կառավարություն կազմելու համար: Ասեմ, որ անգամ այդ ժամանակ անվերապահորեն ժողովրդի մեջ հեղինակություն ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հաղթել: Նրան հաղթելու համար պակասում էր հինգ ձայն: Տեր-Պետրոսյանը գանգատվեց ՀԽՍՀ դատախազություն և, ցավոք, անհիմն բավարարվեց նրա հարցը (հավանաբար, ավելորդ շանտաժից խուսափելու համար): Ընտրության երկրորդ տուրը նախատեսված էր հունիսի 20-ին: Մայիսի 27-ին, առավոտը ժամը 9-ին, կատարվեց կայարանամերձ հրապարակի ավանտյուրան, որը երեկոյան շարունակվեց Էրեբունի-Նուբարաշեն հատվածում: Այդ ավանտյուրան ուղղված էր կոմունիստների խորհրդային բանակի, ռուս զինվորի դեմ: Ընդհանուր առմամբ զոհվեց 31 մարդ, որից 6-ը` երկաթգծի կայարանում: Ողջ մնացած Սաշիկ Նազարեթյանն իր հաշմված աչքով չի կարող չհաստատել խոսքերիս հավաստիությունը: Այս ավանտյուրան էլ վերջնական հաղթանակ չապահովեց ՀՀՇ-ին: Ո՞վ չի հիշում Գերագույն խորհրդի նախագահի ընտրության օրը Ալբերտ Բաղդասարյանի բացահայտ շանտաժը, որի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ:
Թող թույլ տրվի այստեղ հարցնել. ընտրակաշա՞ռքն է ստորություն, թե՞ անմեղ մարդկանց խաբելով տանելը ավանտյուրայի ճանապարհով և նրանց արյամբ իշխանության գալը: Ինձ համար երկուսն էլ ստորություն են: Կարող եմ այսօր հաստատ ասել, որ Պարույր Հայրիկյանը ճիշտ էր: 1991-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն առանց խախտումների չի ընտրվել նախագահ. վկան` Պառավաքարը: Վկան նաև մեր գյուղը, որտեղ լցոնել են քվեաթերթիկները, ճիշտ է` առանց ընտրակաշառքի:
Հիմա հասնենք 1995-ի Գերագույն խորհրդի ընտրություններին: Կաշառք եղե՞լ է, թե՞ ոչ: Միանշանակ կասեմ` այո՛, եղել է: Եվ հենց այդ ընտրություններում կյանքի կոչվեց կարուսելը: Իսկ կարուսելն առանց կաշառքի չի լինում: Ասածս կհիմնավորեմ 1995-ին գրած, բայց ոչ մի տեղ չտպագրված բանաստեղծությամբ: Արտաշատի մեր ընտրատեղամասում չորս թեկնածուներ էին, բայց հիմնական պայքարն ընթանում էր «Իմակի» Գագոյի (Գագիկ Պողոսյանի, այժմ հանգուցյալ), որն ընդամենն ուներ թեթև արդյունաբերական տեխնիկումի դիպլոմ, և երկրաբանական ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու Մարատ Գրիգորյանի միջև: Հաղթեց «Իմակի» Գագոն: Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողին: Ահա այդ բանաստեղծությունը.
Ես գալիս եմ հեռվից,
Իմ անունն է «Իմակ»
Եվ գործում եմ առանց դիմակ։
Արտաշատցի, կոչ եմ անում`
Տուր քո ձայնը մեր Գագոյին,
Փոխարենը կտանք
Միջակներիդ` դրամ.
Աղքատներիդ`
Վարձը հողի, ջրի,
Թշվառներիդ`
Մի պարկ ալյուր,
Կամ թե «Աֆտաբ»:
Երբ ավարտվի ընտրությունը,
Չորսը տարի շարունակ
Քեզ քարշ կտանք
Կզարան:
Ահա թե ինչու ժողովուրդը տեխնիկումավարտին գերադասում էր գիտության թեկնածուից, հավելեմ` քաղաքականապես հասուն դեռևս ուսանողական տարիներից, 1966-ին Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև ապրիլի 24-ին պիկետ կազմակերպող ասպիրանտ: Իսկ ո՞վ էր «Իմակի» Գագոն. պարզապես կահույք վաճառող, որ փող ուներ և կարողացել էր ընդամենը 1000 ԱՄՆ դոլարով գնել էն ժամանակվա գյուղխորհրդի նախագահին: Եվ ոչ միայն նրան:
Շարունակեմ ցույց տալ, պարոն Մանուկյան, որ Դուք զուր եք փորձում ընթերցողի մեջ գասպարավարի լողալու պատրանք ստեղծել:
1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց առանց ավելորդ ծախսերի՞: Ամենևին։ Ոչ մեկին (նաև քեզ, պարոն Մանուկյան) գաղտնիք չէ, թե ժողովրդի ատելությունն առ Լևոն որքան էր թափ առել 1992-ից սկսած: Եվ ոչ մեկի հիշողությունից չի ջնջվել, թե այդ մութ ու խավար տարիներին ինչ Լևոն էին գրում շենքերի պատերին: Եվ ի՞նչ ես կարծում, ժողովուրդը նման պայմաններում պիտի սիրո՞վ ընտրեր իր Լևոնին, բոլ, շեն երկիրը ավերողին, թալանողին: Մի՞թե ժողովուրդը կույր էր և չէր նկատում` ոնց էր կործանվում հզոր արդյունաբերական երկիրը: Հիշեմ մի դեպք: Երբ 1996-ին Աբովյանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ մեկը հարց էր տվել ժողովրդի ծանր վիճակի մասին, Լևոնն ասել էր` եղունգ ունես, գլուխդ քորիր: Ինչպիսի՜ ցինիզմ: Այդպես կարող էր պատասխանել միայն ցինիկորեն կշտացած մեկը: Ի՞նչ ես կարծում, պարոն Մանուկյան, առանց ընտրակաշառքի ժողովուրդը պիտի գնար և ընտրեր Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն: Ամենևին: Կաշառքն անգամ նրան չապահովեց 50 % + 1 ձայնը: Բայց նա Ռիչարդի պես իսկույն թագը գլխին դրեց:
Հարկ չեմ համարում անդրադառնալու պարոն Մանուկյանի բոլոր հարցադրումներին, բայց մեկ երկուսին չեմ կարող չանդրադառնալ: Չխոսենք այսօրվա արտագաղթի մասին: Պարոն Մանուկյանին պարզապես կուզեմ հիշեցնել մի կարկառուն ՀՀՇ-ականի խոսքերը` ասված իրենց կուշտ ու անհոգ տարիներին.
-Մեզ հարյուրհազարանոց Հայաստանն էլ հերիք է:
Փա՜ռք Աստծո, ձեր չարագույժ ցանկությունները չկատարվեցին: Այսօր Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից ավելի է:
Լրագրողի հարցին, թե` ո՞րն է, ըստ Ձեզ, Լևոն Տեր-Պետրոսյանի միակ սխալը, թերացումը, կամ չմոռացվող վրիպումը, հնչում է Մանուկյանի զավեշտական պատասխանը.
-Հնարավոր է պատասխանս տարօրինակ հնչի, բայց իրականությունը հետևյալն է.
հանրապետության առաջին նախագահի առաջադեմ, հասարակության միջին մակարդակից բավականին բարձր, ազատական լիբերալ և հեռատես լինելը երբեմն խանգարել է իրեն: Հասարակությունն այնքան պատրաստ չէ, որ հասնի նրա հետևից: Տարբերության արդյունքում ինքը երբեմն ոչ միշտ է ընկալվում:
Այո, ընդունում եմ, որ հասարակության միջին մակարդակը շատ ցածր է: Եթե հասարակությունն ունենար որևէ մակարդակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյան երևույթը չէր բարգավաճի և իր կատարած չարագործությունների համար պատասխան կտար: Այս 20 տարիների վերլուծությունն ինձ հանգեցրել է մի էական (գուցե և սխալ) մտքի: Մենք, որպես ազգ, պատրաստ չենք յուրայինի կողմից մեր խախտվող իրավունքները պաշտպանելու համար մեռնելու, բայց այլոց կողմից սպանդանոց քշվելուն միշտ պատրաստ ենք:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Պարոն Մանուկյան, ասեք խնդրեմ, հիշո՞ւմ եք, թե ինչպես է բնութագրել Գագիկ Ջհանգիրյանի կատարած ընտրակեղծիքները ձեր երբեմնի պարտայգենոսեն` Վազգեն Մանուկյանը: Եթե չեք հիշում, թարմացնեմ այն: Վազգեն Մանուկյանը Ջհանգիրյանին բնութագրել է որպես 20-րդ դարի հայ իրականության թիվ 1 կեղծարարի: Սա դուք եք, պարոն Արամ Մանուկյան: Չկարծեք, թե փորձում եմ պաշտպանել 1998-ից հետո գոյություն ունեցող ընտրակեղծիքները: Ամենևին: Այդպես կշարունակվի նաև, քանի դեռ դուք չեք խոստովանում գասպարավարի լողալու ձեր անկարողության մասին:
Միակ ելքը. քաղաքական, նաև իրավական (փա՜ռք Աստծո, Ջհանգիրյանը հոյակապ իրավաբան է) գնահատական տվեք ձեր (Լևոն Տեր-Պետրոսյանի) անցյալի գործունեությանը, խոստովանեք ձեր կատարած ոճրագործությունները, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերջակետ դնել ձեզանով սկսված ընտրակաշառքին: Հավատացեք, սուտ գասպարավարի լողալը ոչ մի արդյունք չի տա:

Դիտվել է՝ 3453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ