ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ժամանակը չէ՞ արդյոք պարոն դեսպանին հակադարձել ընտրովի վերաբերմունք դրսևորելու հարցում

Ժամանակը չէ՞ արդյոք պարոն դեսպանին հակադարձել ընտրովի վերաբերմունք դրսևորելու հարցում
15.10.2012 | 16:50

Երբ տարբեր լրատվամիջոցներ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո բարձրաձայնեցին, որ Էդմոն Մարուքյանը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր է դարձել օրենքի խախտմամբ, քանի որ ավելի քան մեկ տարի` 2009-ի հուլիսից մինչև 2010-ի օգոստոս ամիսը Մինեսոտայի համալսարանում սովորելու նպատակով մշտապես գտնվել է ԱՄՆ-ում, ի դեպ, կնոջ և երկամյա երեխայի հետ, հակափաստարկը, որ հնչում էր Մարուքյանի կողմից, թե այս ամենը Դալլաքյանի կազմակերպածն է, ով չի կարողանում հաշտվել իր պարտության հետ, իսկ տվյալ լրատվամիջոցներն էլ պատվեր են կատարում: Բայց երբ պարզ դարձավ, թե ինչ աշխատանք էր նախատեսել Սերժ Սարգսյանը Դալլաքյանի համար, ինչ մեծ լիազորություններով, ակնհայտ է, որ Վիկտոր Դալլաքյանը ներքուստ ուրախ է ու անգամ շնորհակալ Մարուքյանին, որ հանգամանքներն այսքան բարենպաստ դասավորվեցին իր համար: Այնպես որ, բարձրացված հարցը հստակ պատասխան է պահանջում, ոչ թե ենթադրություն, թե հարցի բարձրաձայնմամբ ով է շահագրգիռ, քանի որ ճշմարտության բացահայտմամբ բոլորը պետք է շահագրգռված լինեն:

Քանի որ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն ուղղակիորեն առնչվում է ԱՄՆ-ի կառույցների, ինչու չէ, նաև` փողերի հետ, դեսպան Ջոն Հեֆերնը շտապեց հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնել նրան ու «Սիվիլիթաս» այցելեց փողերի լվացման գործի մասին հանրային հնչեղություն ստանալու հենց սկզբում: Իսկ այս օրերին արդեն երկրորդ հայտարարությունն է անում` ի պաշտպանություն Օսկանյանի, ու ՀՀ իշխանություններին մեղադրում օրենքն ընտրողաբար կիրառելու մեջ: Սակայն մեկ ուրիշ պատգամավոր (իմա` Էդմոն Մարուքյանը), երբ նրա կենսագրությունը պարզորոշ վկայում է, որ նա ևս անմասն չի մնացել ԱՄՆ փողերից ու աջակցությունից (նկատի ունենք նրա ուսումնառությունն ԱՄՆ-ում և ուսման ու բնակության հետ կապված բոլոր ծախսերը), նույն դեսպանը տևական ժամանակ քար լռություն էր պահպանում և այդ կերպ աջակցում նրան: Եվ երբ արդեն մի քանի ամիս է, թեմայի շուրջ տարբեր թերթերի հրապարակումներից զատ, նաև նրանցից լրագրողական հարցումներ է ստացել դեսպանատունը` ընդամենը պաշտոնապես տեղեկանալու, թե Մարուքյանն իր սովորելու ընթացքում որքա՞ն ժամանակ է անցկացրել ԱՄՆ-ում, այդ համառ պնդումների արդյունքում դեսպանատունը մի ոչինչ չասող պատասխան էր ուղարկել ու համարել իր անելիքն ավարտված: «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Էդմոն Մարուքյանը մասնակցել է Հուբերտ Համֆրիի անվան գիտահետազոտական կրթաթոշակների ծրագրին 2009-2010 թթ.։ Հուբերտ Համֆրի ծրագիրը 10 ամիս տևողությամբ մասնագիտական կատարելագործման ծրագիր է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց համար, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ուսանելու և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու ԱՄՆ-ում` առանց գիտական կոչում ստանալու։ Սակայն 2-րդ հարցին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել. 2009 և 2010 թվականների ընթացքում Մարուքյանը քանի՞ անգամ է այցելել Միացյալ Նահանգներ և ի՞նչ ժամկետով։ Ժամանակը չէ՞ արդյոք պարոն դեսպանին հակադարձել ընտրովի վերաբերմունք դրսևորելու հարցում, երբ անհարկի ակտիվություն է ցուցաբերում մեր երկրի ներքին գործերին միջամտելով Օսկանյանի հարցում ու անընդունելի պասիվություն հանդես բերում հենց իր բուն պարտականության կատարման գործում` Մարուքյանի դեպքում:
Օրինակի համար ներկայացնենք այս տարվա Էդմոն Մարուքյանի ելումուտը, մինչև պատգամավոր դառնալը: Սա արվում է նրա համար, որ եթե պատկան մարմինները այսքան ամսվա ընթացքում այդպես էլ չեն կարողանում խնդրահարույց ժամանակահատվածի հետ կապված տվյալները ճշտել, ապա, կարծում ենք, հասկացան, որ կարող ենք իրենց համապատասխան աջակցություն ցուցաբերել այդ տվյալների ստացման հարցում:

Էդմոն Մարուքյան, 13.01.1981, անձնագիր` AK 0506783


Հ/Հ Ելումուտ Ժամանակ Անցակետ
1. Ելք 22.03.2012, 02:05:46 Բագրատաշեն
2. Մուտք 24.03.0212, 13:19:33 Բագրատաշեն
3. Ելք 03.04.2012, 03:04:36 Զվարթնոց
4. Մուտք 09.04.2012, 03:14:35 Զվարթնոց

Այս օրերին երբ ՀՀ գլխավոր դատախազը Վարդան Օսկանյանի հարցով միջնորդությամբ մտավ ԱԺ, խորհրդարանում իր ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանը չնշեց, թե ինչ կերպ է պատրաստվում քվեարկել: Փակ-գաղտնի քվեարկությունից հետո նույնպես չասաց, որ ինքն ինչպես է քվեարկել, անգամ այն բանից հետո, երբ բոլորը խոսում էին, որ դեմ քվեարկած 6 պատգամավորները ՀՀԿ-ից էին, քանի որ հասկանալի էր, որ եթե անկախ պատգամավոր Մարուքյանը դեմ էր Օսկանյանի նկատմամբ միջնորդությանը. կա՛մ հոկտեմբերի 2-ի քվեարկությանը չէր մասնակիցի, կա՛մ հրապարակավ կասեր իր դեմ քվեարկելու մասին: Բայց ահա քվերկությունից մեկ շաբաթ անց նա միայն հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկել, մի տարօրինակ զուգադիպությամբ` ԱՄՆ դեսպան Հեֆերնի ՀՀ իշխանություններին ուղղված երկրորդ` հոկտեմբերի 10-ի, ավելի սուր քննադատության նախօրյակին: Իսկ մեր իշխանություններն էլ միամտաբար կարծում էին, թե Մարուքյանի դեմ քրեական գործ չհարուցելով, նրան կախվածության մեջ կպահեն ու կդարձնեն իրենց կամակատարը: Բայց մոռանում են, որ այդ նույն տեղեկատվությանը ու մի բան էլ ավելի, տիրապետում է ԱՄՆ դեսպանատունը, և նրանք էլ պակաս լծակներ չունեն Մարուքյանի վրա: ՈՒ եթե մեր իշխանությունների ու ԱՄՆ-ի շահերը հակասեն, ապա նա առաջին հերթին կսպասարկի օտարի շահերը: Առհասարակ ԱՄՆ-ը, երբ մեր երկրում որոշ մարդկանց գնում է ու դարձնում իր շահերի սպասարկողը, ապա դա անում է պետության անունից, և ամենևին կապ չունի, թե առաջիկայում ով կլինի այդ երկրի նախագահը, կամ ով ինչ պաշտոն կզբաղեցնի` այդ գործարքն ավելի մեծ ժամանակահատվածի համար է նախատեսված լինում: Իսկ մեր դեպքում հավաքագրումը կատարվում է օրվա իշխանությունների կողմից: Այնպես որ` պատահական չէ, որ բախտորոշ պահին Մարուքյանը դեմ քվեարկեց դատախազի միջնորդագրին, կամ ավելի շուտ հետագայում հայտարարեց, որ դեմ է քվեարկել:
Ժամանակը չէ՞ արդյոք, որ գլխավոր դատախազը միջնորդությամբ մտնի ԱԺ` Մարուքյանին` ակնհայտ կեղծ տեղեկանքի միջոցով պատգամավոր դառնալու հարցում մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի հասարակության կասկածներն էլ ինչ-որ կերպ փարատվեն, որ իշխանությունների կողմից ընտրովի վերաբերմունք չի ցուցաբերվում պատգամավորների հանդեպ: Չէ՞ որ հենց Աղվան Հովսեփյանի անվան հետ է կապվում Մարուքյանին կեղծ տեղեկանքի հիման վրա պատգամավոր դարձնելը: Թե՞ այս հարցում էլ պետք է սպասենք այնքան, մինչև Սերժ Սարգսյանն ասի. «Աղվան, չես տեսնո՞ւմ, որ սիրուն չի` գնա ու այդ հարցը լուծիր»:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5987

Մեկնաբանություններ