ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մարտական դրոններ՝ ապագայի պատերազմը

Մարտական դրոններ՝ ապագայի պատերազմը
15.02.2021 | 09:27

Ոչ թանկ և արդյունավետ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) բացում են պատերազմ վարելու նոր դարաշրջան: Թուրքիան վարպետացել է այդ տիպի կոնֆլիկտներում, որ ապացուցեց Լեռնային Ղարաբաղում: Նոր տիպի պատերազմը բազում վտանգներ ունի՝ գրում է Ալֆրեդ Հակենսբերգերը Die Welt-ում, որ արտատպել է Le Figaro-ն: Վերջին ընդամենը 5 տարում Անկարան միջամտել է 4 երկրների ներքին գործերին՝ երեք անգամ Սիրիայում, Լիբիայում, հյուսիսային Իրաքում ու Լեռնային Ղարաբաղում: Առանց դրոնների դա համարյա անհնար կլիներ: Հենց ԱԹՍ-ների վրա է հիմնված Անկարայի արտաքին էքսպանսիոնիստական քաղաքականության հաջողությունները՝ ուղղված նեոօսմանական կայսրության ստեղծմանը:

Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան դա վերջերս համոզիչ ցուցադրեց Կովկասում: Թեպետ կոնֆլիկտի սկզբում Լեռնային Ղարաբաղի զինվորականներն իրենց լիվին վստահ էին զգում, մի քանի օրից նրանց տիրեց խուճապային վախ, որ հարուցում էր ոչ թե Ադրբեջանի թշնամական բանակը, այլ այն՝ ինչ կատարվում էր օդում: Նրանց հրետանին ու տանկերը քողարկվում էին ծառերի տակ, հրամանատարական կետերը տեղակայվում էին բլուրների վրա ծառերի բներով իբրև ամրություններ, իսկ տեղանքը հատում էին միայն իրենց երկար ու խոր խրամատները: Ամեն ինչ արված էր ռազմական ավանդույթների համաձայն, սակայն այդ մարտավարությունը պարզվեց՝ ինքնսսպանություն է: Դիրքերոը հեշտությամբ հայտնաբերվում էին օդից ու դառնում անօդաչուների հարվածների հեշտ թիրախներ: Հայերը այդ հարվածներին դիմակայելու ոչինչ չունեին: Այսօր հաղթելու համար պետք է հրաժարվել այն պատերազմից, որ վարում էին նախկիննում: Ռազմական ԱԹՍ-ները օգտագործվում են արդեն 20 տարի, բայց Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ ազդեցին կոնֆլիկտի ելքի վրա: Կովկասը դարձավ ժամանակակից պատերազմի ասպարեզ, որ ազդարարում է՝ ինչպիսին են լինելու ապագայի կոնֆլիկտները: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում դրոնների օգնությանը: ԱԹՍ-ները դադարել են լինել պարզապես հետախուզության ու ոչնչացման միջոց նրանք ծառայում են նաև հրատանու, տանկերի ու հետևակի գործողությունների համակարգմանը: Նրանք խախտում են օդային պաշտպանությունը ու հակառակորդի կապը:

Գոյություն ունեն 40 տեսակի ռազմական ԱԹՍ-ներ՝ սովորական մարտական դրոններից, որ կրակում են հրթիռներով ու նետում (արգելված) կասետային ռումբեր, մինչև մահապարտներ, որ ինքնաոչնչանում են ու ոչնչացնում իրենց նպատակակետը: Կամիկաձեները հիմնականում Իսրայելն է արտադրում: «Դրոններն արդյունավետ են ու թանկ չեն»՝ հաստատում է Վիմ Ցվեյնենբուրգը Նիդեռլանդների «Pax» միջազգային խաղաղապահ կազմակերպությունից: «ԱՄՆ-ը տարիներով օգտագործել են ԱԹՍ-ները թիրախավորելու Ալ Կայիդայի ու այլ ենթադրյալ ահաբեկիչներին,-բացատրում է ռազմագետ փորձագետը, որ նաև աշխատում է լրագրողական հետաքննությունների Bellingcat կայքում: - Այսօր ԱԹՍ-ների կիրառումն այլևս չի սահմանափակվում ապստամբների դեմ պայքարով, դրոնները իդեալական են պատերազմի վարելու համար և համադրվում են զենքի այլ համակարգերի հետ»: Դրոններն ունեն անսպասելի առավելություններ ոչ միայն պետությունների ու նրանց բանակների համար: Նրանք ուժեղացնում են ոչպետական սուբյեկտների իշխանությունը: Ցվեյնենբուրգը բերում է Եմենի հուսիտների շարժման օրինակը: Նրանք պատերազմի մեջ են Սաուդյան Արաբիայի հետ, որ բազմիցս գերազանցում է ռազմական առումով: Հուսիտներն ունեն դրոններ, որ նրանց է տվել իրենց դաշնակից Իրանը և կարողանում են դիմակայել սաուդցիներին: Սաուդյան նավթագազավերամշակող գործարանների վրա հարձակումները ապացուցեցին, որ դրոնները կարող են հարվածներ հասցնել ցանկացած տեղում ու ցանկացած ժամանակ: Եթե Սաուդյան Արաբիան շարունակում է ռմբակոծել Եմենի զգայուն թիրախները, Պարսից ծոցի թագավորության կենսականորեն կարևոր ինֆրակառույցները նույնպես կարող են նշանակալի կորուստներ ունենալ: Այս սցենարը կարող է կրկնվել աշխարհի այլ վայրերում ևս: Ապագայում դրոններ ստանալը պարտադիր կախում չի ունենա պետության աջակցությունից: Շուտով նրանք կհայտնվեն սև շուկայում, ինչպես ցանկացած այլ զինատեսակ: «ԱՄՆ-ը լինի, թե Ադրբեջանը, կառավարությունները սիրում են տեղակայել տեսանյութեր, որ գովաբանում են ԱԹՍ-ների հասցրած այսպես կոչված՝ վիրաբուժական հարվածները: Նրանք ցանկանում են ստեղծել մաքուր պատերազմի պատրանք,-ասում է Ցվեյնենբուրգը:-Բայց իհարկե, իրականության մեջ նման մաքուր պատերազմներ գոյություն չունեն»:

Զինվորականների համար ռիսկը նվազում է, որովհետև դրոնները կատարում են նրանց աշխատանքը, բայց քաղաքացիական անձանց համար դրոնների հարվածների ռիսկը նույնքան բարձր է, որքան կործանիչների: ԱՄՆ-ի ԱԹՍ-ների գործողությունները Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում վաղուց ցույց են տվել, որ կետային ու մաքուր հարձակումներ գոյություն չունեն: Աներիկյան ԱԹՍ-ների հարվածներց զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ՝ ինչպես փաստագրել են իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները: Երկար տարիներ դրոնների արտադրողն ու արտահանողը եղել են ԱՄՆ-ը, Իսրայելը ու Չինաստանը: Այսօր նրանց միացել է Թուրքիան, որ զարգացրել է սեփական արդյունաբերությունը՝ նաև այն պատճառով, որ Վաշինգտոնը հրաժարվեց Անկարային ԱԹՍ-ներ տալ: 2014-ին թուրքական Bayraktar TB-2 ռազմական դրոնը իր առաջին թռիչքն արեց՝ դառնալով թուրքական ԱԹՍ-ների գլխավոր դրոնը:

Այս տարի հայտնվել է նոր, ավելի հզոր տարբերակը: Այսօր թուրքական ԱԹՍ-ների պարկի դրոշակակիրը Bayraktar Akinci-ին է, որ ունակ է կրել իր նախորդից ավելի շատ ղեկավարվող հրթիռներ ու ռումբեր: Թուրքական բանակը կատարելագործել է իր նոր ռազմավարությունը միջազգային տարբեր գործողություններում: 2020-ի փետրվարին ու մարտին Անկարան ցուցադրեց իր հզորությունը Իդլիբում: Ասադի վարչակարգի կործանիչները ավիահարվածներով սպանել էին 36 թուրքի զինվորի: Թուրքիայի պատասխանը չհապաղեց: Մի շաբաթում ոչնչացվեց սիրիական բանակի 100 մարտական մեքենա, սպանվեցին 3000 զինվորականներ: Մահաբեր գործողությունը հնարավոր դարձավ ԱԹՍ-ների, հրետանու ու կործանիչների համադրումով: Երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, դա արդեն շարքային գործողություն էր:
Ալֆրեդ Հակենսբերգեր, Die Welt | Le Figaro


Հ.Գ. Տեսնում էինք, չէ՞, ինչ է կատարվում Սիրիայում, ինչու՞ 2020-ի փետրվար-մարտից հետո հասարակական մակարդակով ինչ ասես քննարկվում էր Հայաստանում, բայց ոչ թուրք-ադրբեջանական վտանգը, մարտավարության թուրքական նոր տեխնիական ու տեխնիկական միջոցները: Որովհետև մենք գերադասում ենք ջայլամի պես գլուխներս խրել ավազի մեջ ու մտածել՝ եթե մենք չենք տեսնում, մեզ էլ չեն տեսնում: Իսկ հիմա բոլոր երկրները իրենց բանակներին նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մարտավարություն են սովորեցնում՝ մեր պարտության օրինակով: Սա դեռ մեր անխելքության առաջին արարն է, չի բացառվում երկրորդ արարը՝ օրինակ, հիմա մեր բանակը զինելու ու վարժելու ենք ոչ թե վաղվա, այլ երեկվա պարտված պատերազմի տեխնոլոգիաներով ու մարտավարությամբ: Իսկ թուրքերն արդեն մարտի մեջ են մտցնում Bayraktar Akinci-ին՝ ավելի հզորը: Մեր ելքը տնտեսության վերականգնումով վաղվա բանակ ունենալն է, ոչ թե ներքաղաքական ու ներկուսակցական քննարկումների մեջ երկիրը տեղապտույտում պահելն ու միմյանց մեղադրելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 104616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ