ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական ֆենոմե՞ն, թե՞…

Հայկական ֆենոմե՞ն, թե՞…
05.09.2008 | 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԱՃ
Երբ զարգացած և զարգացող երկրներում խոսում են տնտեսական աճի և առաջընթացի մասին, ապա առաջին հերթին հասկանում են այն, թե կոնկրետ ժամանակահատվածում տվյալ երկրում քանի աշխատատեղ է բացվել, որը նաև կարևոր կողմնորոշիչ է հանդիսանում պոտենցիալ ներդրողների համար: Այսպես, ԱՄՆ-ում յուրաքանչյուր ամիս հրատարակվում են նոր աշխատատեղերի մասին զեկույցներ, ինչն էլ էական դերակատարում է ունենում տնտեսական ակտիվության գնահատման համար: Նույնը՝ նաև Եվրամիության և այլ զարգացող երկրներում:
Սակայն Հայաստանում դժվար է հիշել մի դեպք, որ տվյալներ հրատարակվեին որևէ ժամանակահատվածում նոր աշխատատեղերի բացման մասին: Քանի որ արդեն 6-րդ տարին Հայաստանի տնտեսությունը երկնիշ թվով աճ է արձանագրում, բնականաբար, պետք է նաև բավականին աշխատատեղեր բացվեին: Բայց, արի ու տես, ոչ մի խոսք այդ մասին:
Հարց է առաջանում. եթե այսքան տարի Հայաստանի տնտեսությունն աճում է, ապա ինչպե՞ս հասկանալ այն իրողությունը, որ հազարավոր մարդիկ դեռևս մեկնում են երկրից՝ դրսում աշխատանք և միջոցներ վաստակելու: Պաշտոնական վիճակագրությունն արտագնա աշխատանքի մեկնողների թիվ է նշում` մոտ 60 հազար մարդ, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, այդ թիվը տատանվում է 100-120 հազար մարդու սահմանում:
Թեև պաշտոնական վիճակագրությունը տվյալներ չի տրամադրում Հայաստանում նոր ստեղծվող աշխատատեղերի մասին, սակայն, ի հակադրություն դրա, Կենտրոնական բանկը կանոնավոր տեղեկություններ է հաղորդում արտերկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մասին: Ըստ 2008 թ. առաջին կիսամյակի տվյալների, այդ գումարը կազմել է մոտ 680 մլն դոլար, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 33 տոկոս: Ընդ որում, փոխանցումների գերակշիռ մասը՝ մոտ 80 տոկոսը, բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, որտեղից վերջին մեկ տարում փոխանցումներն աճել են 40 տոկոսով: Պարզ է նաև, որ աշխատուժի գերակշիռ մասը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ վերջին տարիներին նաև օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ավելի հեշտ է աշխատանք գտնելը: Եվ դա բխում է նրանից, որ Ռուսաստանն այլևս առանց դրսի աշխատուժի ի զորու չէ բավարարելու աճող տնտեսության պահանջները: Ըստ տվյալների, մոտակա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպերը պահպանելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ներգրավել 11-12 մլն հավելյալ աշխատուժ: Եվ եթե նույնիսկ Ռուսաստան աշխատանքի մեկնած օտարերկրացիները տարեկան Ռուսաստանից դուրս են բերում 20-25 մլրդ դոլար, ապա, ըստ փորձագիտական տվյալների, նրանց միջոցով է ապահովվում ՌԴ ՀՆԱ-ի 10 տոկոսը՝ մոտավորապես 100-120 մլրդ դոլար:
Համենայն դեպս, հակադրություն է առաջանում Հայաստանում գրանցվող տնտեսական զարգացման և փոխանցումների աճի միջև: Սակայն բացատրությունը պարզ է. Հայաստանից դուրս աշխատելու են մեկնում նաև այն մարդիկ, ովքեր անկախությունից ի վեր փորձել են սեփական երկրում գոյության միջոցներ վաստակել: Պարզ է, տասը կամ տասնհինգ տարի առաջ Հայաստանից հեռացած մարդկանց մեծ մասն արդեն իսկ տարել է իրենց ընտանիքները, և փոխանցվող տրանսֆերտների աճի մեջ նրանց չափաբաժինը փոքր է: Սակայն նոր մեկնածները, որոնց ընտանիքները Հայաստանում են, իրենց աշխատածի 60-70 տոկոսն ուղարկում են ընտանիքներին ու հարազատներին, և հենց նրանց շնորհիվ է նաև, որ Հայաստան տարեցտարի հավելյալ գումարներ են մուտք գործում: Իսկ այս մասին ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը գերադասում են լռել, քանի որ այս պարագայում դժվար է բացատրել, թե ինչպես է աճում Հայաստանի տնտեսությունը, և ինչու են ավելանում Հայաստան փոխանցվող տրանսֆերտները:
Համենայն դեպս, երկրի իշխանության համար սա լավ միջոց է: Ինչո՞ւ մտածել հավելյալ աշխատատեղերի մասին, երբ տեխնոլոգիական և արդյունավետ զարգացման փոխարեն կարելի է մարդկանց արտահանել և հենց նրանց միջոցով Հայաստանում հեշտ ու հանգիստ սեփական բիզնեսը զարգացնել:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8303

Մեկնաբանություններ