ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նաև հաղթանակներ պարգևող տոն

Նաև հաղթանակներ պարգևող տոն
09.09.2008 | 00:00

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՂԱՎԱՐ. ԽԱՉՎԵՐԱՑ
Կոստանդինոս արքան, որ մեր Գրիգոր Լուսավորչի և Տրդատ արքայի ժամանակակիցն է և համարվում է ամենահավատացյալը եղած արքաների մեջ, երբ անօրեններից կրած մի շարք պարտություններից հետո աղոթեց Աստծուն, բացահայտ տեսիլք տեսավ. և ոչ միայն ինքը, այլ շքախմբի մարդիկ ևս տեսիլքը տեսան. Աղոթքից հետո երկնքում երևաց խաչի նշանը և մի գրություն, թե՝ Սրանո՛վ /Խաչով/ հաղթիր: Կոստանդինոսը Խաչի դրոշակ սարքեց այնպես, ինչպես տեսել էր տեսիլքում, իսկ բոլոր զինվորներն իրենց վահանների և զենքերի վրա խաչ դրվագելով, փոքրաթիվ խմբով հարձակվեցին բարբարոսների մեծաթիվ բանակի վրա և հրաշալի հաղթանակ տարան 312 թվականի սեպտեմբերի 14-ին:
Եվսեբիոս Կեսարացին, որ ասում է, թե տեսել է Կոստանդինոսի դրոշակը, այսպես է նկարագրում. «Խաչանշանի բունը ոսկեպատ գավազան էր և նման էր գեղարդի: Խաչի թևերը ևս ոսկեպատ էին, որ բնից ոսկեպատ ձողերով էին տարածվում: Խաչի գագաթին փառքի պսակ էր, որ ոսկուց և ակներից էր պատրաստված: Խաչի մեջտեղից, ուր թևերն իրար են միանում, դուրս էին ցայտում չորս ոսկեճաճանչ շառավիղներ` հունական ԽԻ (X) տառի ձևով, որ Խրիստոս (Քրիստոս) անվան սկզբնատառն է: Գագաթի պսակազարդից մի փոքր վար հունարեն ՌՈ (P) տառն է, որ երկրորդ տառն է Քրիստոսի անվան: (Այս երկտառ նշանը հետագայում Կոստանդինոսը սկսեց կրել նաև իր սաղավարտի վրա): Իսկ Խաչի կեսից վար դրոշակի ծիրանի պաստառն էր: Դրոշակը քառակուսի էր...»: Կոստանդինոսի այս հաղթանակը մեկ այլ բանով էլ է կարևորվում. այն, որ զինվորները հանկարծ զվարթամիտ ու խանդավառ դառնալով՝ հարձակվեցին Մաքսենտիոս բռնավորի վրա ու տարան սքանչելի հաղթանակը:
Խաչի այս տեսիլքի մասին գրում է նաև մեր Ագաթանգեղոսը: Այնուամենայնիվ, ինքնակալը շատ ծանր ու դժվար դարձ ապրեց. քրիստոնյաների սպանելով՝ ընդդիմեց Քրիստոսին, ինչ-որ չափով նմանվելով մեր Տրդատին, որ հռիփսիմյան կույսերին չարչարանքների ենթարկելով սպանեց: Ապա Տերը ինքնակալին հարվածեց բորոտության ախտով: Կոստանդինոսը կրկին տեսիլք տեսավ, որ մկրտության ավազանով կբժշկվի: Մկրտվեց, բժշկվեց և հիմնավորապես դարձ ապրեց: Այնուհետև խորապես հավատացյալ արքան իր մոր` բարեպաշտ Հեղինե թագուհու առջև բացեց կայսերական գանձատան դռները` ամեն բարիք անելու Քրիստոսի եկեղեցիների համար: Արքունի հրամանով Կոստանդինոսն արգելեց կռապաշտությունն իր երկրում: Կառուցեց բազմաթիվ եկեղեցիներ ու տաճարներ: Եվ մոր խորհրդով ամեն բարիք անում էր եկեղեցիների համար և ոչ միայն իր երկրում:
Կոստանդինոսի տեսիլքն ու Խաչի նշանով սեպտեմբերի 14-ի հաղթանակը հիշատակվում են Խաչվերացի տոնին:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ