ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքիան Հայաստանի վիճակո՞ւմ...

Թուրքիան Հայաստանի վիճակո՞ւմ...
09.09.2008 | 00:00

ՏՆՏԵՍԱՊԵՍ ԵՆ ՊԱՏԺՈՒՄ...
Թուրքիան հայտնվել է Հայաստանի վիճակում և սկսել է ավելի լավ հասկանալ նրան. այս օրերին ահա այսպիսի տարօրինակ վերնագրեր կամ այս բովանդակությունն արտահայտող նյութեր կգտնեք համացանցում:
Իսկ խնդիրը հետևյալն է: Բանն այն է, որ ինչպես Հայաստանն է հայտնվել «երկու քարի» կամ ֆորպոստատեր Ռուսաստանի և հարևան Վրաստանի արանքում, այնպես էլ Թուրքիան է փորձում խուսանավել կրկին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Եվ չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանություններն անմիջապես արձագանքեցին Հարավային Կովկասում կատարվածին Կրեմլ կատարած անակնկալ այցով և իրենց կողմից առաջարկված «Կովկասյան տան» գաղափարով, չնայած թուրքական իշխանությունները 40-ականներին Սև ծովում կորած «Հայաստան» նավը փնտրող ամերիկացիներին մի անգամ «մեսիջ» չուղարկեցին, թե համաձայն մեր դաշնագրի` ձեր նավերը 2 շաբաթից ավելի չեն կարող հանգրվանել Սև ծովում, իրավիճակը, այնուամենայնիվ, լարվեց:
Ըստ էության, Ռուսաստանը Թուրքիայից այլ բան էր սպասում Սև ծովում (կամ գուցե Կրեմլում այլ բան էին պայմանավորվել), և քանի որ սպասելիքները, շարունակվող ամերիկյան ներկայությանը զուգահեռ, չեն արդարացել, Կրեմլը որոշել է տնտեսապես պատժել թուրքերին: «ՌԴ-ն փաստացի տնտեսական էմբարգո է կիրառել թուրքական ապրանքների նկատմամբ: Այս պահին դադարեցված է թուրքական ապրանքներով լի բեռնատարների մուտքն այդ երկիր: Ավելին` թուրքական ապրանքների մուտքը ՌԴ արգելված է նաև եվրոպական երկրների միջոցով»,- գրում է թուրքական մամուլը և զարմանում. եթե մենք այնպիսի մի բան ենք արել, որ մեզ հետ առհասարակ պետք չէ շփվել, հետաքրքիր է, թե ինչու են ռուսները որոշել մեզ զենք ու զինամթերք վաճառել, գրել են առանձին թերթեր` որպես վերջին լրատվության աղբյուր մատնացույց անելով թուրքական «Զամանին», որը, ինչպես հայտնի է, սովորաբար բավականին տեղեկացված է լինում կառավարական անցուդարձից, բայց, չգիտես ինչու, լռում է այս առիթով…
Ա՜յ քեզ բան, չլինի՞ դեզինֆորմացիա է` մտածեցինք, միգուցե հարկ է ռուսակա՞ն աղբյուրներից ճշտել լուրի իսկությունը: Որքան հասկացանք, տեղեկությունը համապատասխանում էր իրականությանը, որովհետև դրա մասին ռուսները (նաև` online Գրուզիան և ադրբեջանական APA-ն) ևս գրում էին` հավելելով, թե սահմանափակումներ կան նաև ՌԴ բեռնատարների` Թուրքիա մուտք գործելու առումով: Այլ կերպ ասած` Թուրքիան ձեռքերը ծալած չի նստել և համապատասխան արձագանք է տվել կատարվողին…
Տնտեսական փորձագետները, ի դեպ, այս առումով նշում են, թե հիշյալ «տնտեսական պատերազմից» կտուժեն բոլոր կողմերը, բայց ավելի շատ՝ Թուրքիան, որովհետև տնտեսապես այդ երկիրն ավելի շատ է կախյալ ՌԴ-ից, քան վերջինս՝ նրանից: Բերվում են, ի դեպ, կոնկրետ թվեր. Թուրքիան, օրինակ, ՌԴ է արտահանում ընդամենը 4,4 մլրդ դոլարի ապրանք, իսկ ահա ներմուծումը կազմում է ավելի քան 24 մլրդ դոլար, որի մոտ 63%-ը բաժին է ընկնում նավթամթերքներին և գազին, այսինքն` կենսականորեն կարևոր ապրանքներին: Հանգամանք, ինչը, հասկանալի է, որ ՌԴ-ին ավելի շահեկան պայմաններում է դնում` խուճապի մատնելով նաև…ադրբեջանցի գործարարներին: Զարմացաք, չէ՞: Այո, պարզվում է` 4,4 մլրդ դոլար կազմող թուրքական ապրանքների ՌԴ ներմուծումը մեծավ մասամբ կազմակերպում են ադրբեջանցիները, և հիմա տնտեսական փորձագետները փաստում են, թե այս պատերազմից նաև ադրբեջանական շուկան կտուժի: «Այս իրավիճակը և բոլոր կողմերի շահերն անհապաղ լուծում են պահանջում, հույս ունեմ` Լավրովի հետ նրանք մի լուծման հանգած կլինեն»,- անհանգստացել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի տնտեսական քաղաքականության գծով հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմեդովը և շարունակել, թե «Մեր ընկերություններից շատերը զբաղված են միջնորդական գործով, բացի այդ, ՌԴ-ում շատ ադրբեջանցիներ են բնակվում, որոնք առևտրական կապեր ունեն թուրքական ընկերությունների հետ: Տնտեսական լարումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև անցանկալի է մեզ համար, ուստի հույս ունենք, որ առկա խնդիրները կարճ ժամանակում կգտնեն իրենց լուծումը»:
Ի դեպ, այս առումով հետաքրքիր կլիներ տեղեկանալ և ընթերցողին ներկայացնել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական տեսակետը, ինչը, ցավոք, առայժմ չհաջողվեց ճշտել: Հույս ունենանք, որ առաջիկայում այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ (թեկուզ` գրավոր տեսքով) այդ տեսակետը կամ որոշակի բացատրությունները չեն ուշանա, որովհետև կենացները քաղցրանում են` ինչպես ասում են. Թուրքիան Հայաստանի վիճակո՞ւմ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ