ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մատյանի գործածման բանալին

Մատյանի գործածման բանալին
02.09.2008 | 00:00

«ԵԹԵ ՊԱՀՔՈՎ ԵՍ ԿԱՐԴՈՒՄ, ԷՏՈՒՄ ԵՍ ՉԱՐԸ ՔՈ ՄԻՋԻՑ»
Օրերս «Իրավունքը de facto»-ի թղթակից ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ փոխադրությամբ ու խմբագրմամբ հայ հավատացյալ հանրության գրասեղանին դրվեց ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «Դատաստանագիրքը»։
Մանրամասնենք. «Դատաստանագիրքը» օրենսգիրք է՝ կազմված աստվածաշնչյան օրենքների և ավետարանական ներման լավագույն չափորոշիչների հիման վրա։ Ինչպես գրված է սույն հրատարակության առաջաբանում, «Դատաստանագրքի» այս հրատարակության արժանիքներից է այն, որ «առաջին անգամ է լույս տեսնում աշխարհաբար՝ ժամանակակից գրական հայերենով, և լայն հասարակության համար պատեհ առիթ է հանգամանալից ուսումնասիրելու և ծանոթանալու հայ իրավունքի և իրավական մտքի» այս բարձր արժեքին։ Մաքսիմ Ոսկանյանին խնդրեցինք հակիրճ ներկայացնել սույն գրքի գործածման բանալին։
-Թերևս սկսեմ նրանից, որ Գոշի «Դատաստանագրքի» Գ խմբագրությունն արդեն փոխադրել և հրատարակել էի 2001-ին: Սակայն այս վերանայված հրատարակությունն առավել շահեկան դարձավ թե՛ մեկնությունների և թե՛ մանավանդ, մեր եկեղեցու համար արժեքավոր մի շարք կանոնախմբերի հավելման շնորհիվ: Հարկ է նշել, որ այս արժեքավոր հրատարակությունն իրականացավ «Իրավունք» գիտական հրատարակչության հիմնադիր Թաթուլ Բադասյանի և գրքի գիտական խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանի հետևողականության և առաջնորդության շնորհիվ:
«Ես չեկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու, այլ նրանց լրացնելու»,- ասում է Հիսուսը: Ըստ Քրիստոսի այս պատգամ- խոսքի էլ կառուցված է Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Գոշը յուրաքանչյուր գլխում առանձին հանցանքի համար, նախ բերում է օրենքի խիստ պատժի Աստվածարյալ դրույթը, ապա՝ Ավետարանի ողորմածության խոսքը, որով մահապատիժը մեղմվում է խրատով (մարմնական մասնակի պատիժ), դրամական տուգանքով և, քրիստոնյաների համար ամենակարևորը՝ լրացվում է հոգևոր ապաշխարությամբ: Դատաստանի ժամանակ Ավետարանական ողորմածությունը վերաբերում է միայն քրիստոնյաներին: Քրիստոսին հակառակողները «Դատաստանագրքում», իրավամբ, կոչվում են այլազգիներ և պատժվում են օրենքի ողջ խստությամբ, ընդհուպ մինչև մահապատիժ, քանի որ «նրանք ի բնե (չարասիրությամբ) ուրախանում են քրիստոնյաներիս կորստի համար»,- մեկնաբանում է Գոշը: Որոշ հոդվածների (գլուխների) ավելի արդարացի վճռի բանալին այլ հոդվածների մեջ է գտնվում, ուստի «Դատաստանագրքի» լիարժեք իմացությունը զերծ կպահի սխալ գործելուց և ավելի լիարժեք կդարձնի դատաստանը: Առավել լավ կլինի նաև Հին կտակարանի օրենքների և Նոր կտակարանի կանոնների քաջատեղյակությունը՝ աստվածահաճո դատաստան անելու համար: Այդ պատճառով այս հրատարակությունը իմացականության տեսակետից ավելի համահավաք դարձնելու նպատակով, որպես հավելված, զետեղեցինք Տիրոջ Լեռան քարոզը, որ արմատական ճրագ է օրենքներն ու կանոնները ճանաչելու, ուղղորդվելու համար: Նաև ավելացրինք Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական կանոնները», որ օրհնյալ հովիվ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն իմ փոխադրությամբ ժամանակին արդեն հրատարակել էր: Նաև փոխադրեցինք և հավելեցինք սուրբ Թադեոս առաքյալի, սուրբ Փիլիպոս առաքյալի և սուրբ Գրիգոր Լուսավորչի կանոնները, որոնք կային «Կանոնագիրք Հայոց» ժողովածուում և լավ հենարան կարող են լինել «Դատաստանագիրքը» առավել լիարժեք ըմբռնելու, հանցանքների հանգամանքներն առավել ընդլայնված քննելու հարցերում:
Այս մատյանը սեղանի գիրք է հոգևոր առաջնորդների, քահանաների, թագավորների, իշխանավորների և բոլոր դատավորների համար: Առհասարակ, նաև իմաստության քաղց ունեցող յուրաքանչյուր մարդու է ուղղված այս գիրքը, որ, ինչպես Գոշն է ասում, «ունի լուսավորվելու» կամ «իր թերին լցնելու» կարիք: Որովհետև եթե միայն կարդում ես, թե այս կամ այն արարքները չար ու պատժելի հանցանքներ են, ապա միտքդ ու սիրտդ խրատվում են` նման արարքներից հեռու մնալ, դրանք իսպառ մերժել քո բանականության դաշտում: Եվ այդպիսով, մանավանդ, եթե պահքով ես կարդում, ապա գրքի խոսքով էտում ես չարը քո միջից, ու նախապես բարի է լինում քո կյանքի համար:
Պատրաստեց Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 9522

Մեկնաբանություններ