ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Անտարբերությունը, Հայրենիքի ճակատագրի հանդեպ նույն դասալքությունն ու դավաճանությունն է

Անտարբերությունը, Հայրենիքի ճակատագրի հանդեպ նույն դասալքությունն ու դավաճանությունն է
15.02.2024 | 10:51

Էրիվան դարձող իմ Էրեբունու բնակիչներ. հնդիկներ, աֆրիկացիներ, քրդեր, թուրքեր, արաբներ, ասորիներ, ռուսներ, հրեաներ, եզդիներ, այլազգիներ, լրջագույն վերապահությամբ, հայեր...

Դուք, վստահաբար, թույլ չեք տա, որ այսպես կոչված արևմտյան ազերբայջանը դառնա պռախադնոյ դվոռ, այլ ձեր լուման կներդնեք սուրբ Խաչերը կիսալուսնով փոխարինելու նվիրական գործին, Հայրենիք, Հայ և Արարատ անունները ձեր բառապաշարից վերացնելուն, մեր մարտիրոսված հերոսների լուսանկարների փոխարեն Փառքի պատերին երիտ և զառամյալ թուրքերի, երիտհայերի խնկարկելի պատկերները փակցնելուն, ձեր դիմատետրի պատին սիրով կտեղադրեք Գյոգչա (նախկինում՝ Հայոց պատմության դասագրքում թյուրիմացաբար Սևանա) լճի ափին ենթադրաբար թեյախմության հրավիրվող միջազգային ահաբեկչի և նրա ընտանիքի նկարները, կողմ կքվեարկեք այլևս «Ինչու է աղմկում գետը», «Նահապետ», «Ձորի Միրոն» և այլ ֆիլմերի, «Անլռելի զանգակատուն», «Մուսա լեռան քառասուն օրը» և նմանատիպ գեղարվեստական ստեղծագործությունների, բազմաթիվ գեղանկարչական կտավների, քանդակների ազգային մտածողություն և հոգեբանություն, հայրենասիրություն և Հայրենիք կեղծ ու վերացական գաղափարախոսության տարրեր պարունակող դրսևորումներ արգելափակող օրենքի նախագծերին Աժ-ում, որը կամոքն բռնապետի անվերապահորեն կընդունվի ձայների մեծամասնությամբ: Չմոռանաք ձեզ հետ վերցնել մուրճ-չաքուջ և կացին-յաթաղան ու եռանդով քանդել ռևանշիստ Մայր Հայաստանի, ֆաշիստ Նժդեհի, տեռորիստ Թեհլիրյանի, սրբադասված մյուս մեծերի արձանները, Ցեղասպանության հուշահամալիրը և այլն, և այլն, և այլն... մինչև որ հերթը կհասնի մորթվելուն...

Միայն թե այդ ժամանակ, նույնիսկ հոգեվարքի մեջ փորձեք գոնե խռխռալ:

Սովորաբար մաղթում եմ պինդ լինել, հիմա ասում եմ, շարունակեք շնթռել ուղտի ականջում՝ երևակայելով ձեզ ապահովագրված խաղաղության խաչմերուկներում, դուք արժանի եք ձեր ճակատագրին:

Հիվանդ վայրի գազանը երբեք կանգ չի առնելու, եթե դիմադրություն չունի, խժռելու է դիմացինին մինչև վերջ:

Իսկ դուք քնեք, ինչ տարբերություն՝ քնա՞ծ եք թե՞ արթուն, կա՞ք, թե՞ չկաք:

Պատեհ մի ժամի ձեր զարթուցիչները կլինեն ենիչերիների «Ալլահ աքբար» բղավոցները, գորշ գայլերի ոհմակի մոլեռանդ ոռնոցները և կացնահարվածների տարափը ձեր անփառունակ գանգին...

Գետինը մտնեք:

Վերջում նշեմ, անտարբերությունը արժանապատվության, ազգային սրբությունների և արժեքների, Հայրենիքի ճակատագրի հանդեպ նույն դասալքությունն ու դավաճանությունն է:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Ողբամ զքեզ, իմ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, որտեղ չգիտեմ, թե ինչու, խիյարները շարունակում են թարս աճել

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ