ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հայաստանից գաղթածներն ավելի հետևողականորեն և «կատաղի» կերպով են ձուլվում»

«Հայաստանից գաղթածներն ավելի հետևողականորեն և «կատաղի» կերպով են ձուլվում»
08.08.2008 | 00:00

«ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում արդեն իններորդ տարին անցկացվում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Դրանց արդյունքում հայրենիքում վերապատրաստվել են հարյուրավոր սփյուռքահայ ուսուցիչներ: Դասընթացների նպատակն է ոչ միայն բարձրացնել ուսուցիչների որակավորումը, այլև ծանոթացնել այն լայնածավալ գործընթացներին, որոնք իրականացվում են կրթության բնագավառում: Այս տարվա ծրագրին մասնակցում է 22 ուսուցիչ 13 երկրից (Ռուսաստանի Դաշնություն, Էստոնիա, Բելառուս, Վրաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսպանիա, Գերմանիա և այլն)։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ուսումնական ծրագրին զուգընթաց կազմակերպվում են ճանաչողական շրջապտույտներ և հանդիպումներ պետական և մշակութային անվանի գործիչների հետ:
ՈՒսուցիչների վերապատրաստման նպատակների շուրջ զրուցեցինք «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։

-Մեր այս դասընթացների նպատակն այն է, որ սփյուռքի այն ուսուցիչները, ովքեր համալսարանական մասնագիտություն չունեն, որոշ չափով շփվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակութային համակարգի առարկաների յուրահատկություններին, ստանան մանկավարժական, հոգեբանական զորակցություն։ Կարծում եմ՝ սա կենսական նպատակ է, թեև դրանով, ըստ էության, կարծես թե շատ բան չի լուծվում, քանի որ մեր գլխավոր խնդիրն այսօր պետք է լինի անցումը վերապատրաստումից պատրաստության։ Արևմտահայ ուսուցչի որակավորումը մեր այսօրվա առաջնահերթությունն է։
Այս տարի հովանավորությունը ստանձնել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանն ու գիտության և կրթության նախարարությունը։ Պետական այս հովանավորչությունը շատ ավելի օգտակար է այն առումով, որ պետությունը զգում է սփյուռքի ուսուցչի վերապատրաստման կարևորությունը։ Կարծում եմ՝ սա այն կարևոր լծակն է, որի շնորհիվ պետությունը կստանձնի նաև արևմտահայ ուսուցչի պատրաստության դժվարին խնդիրը, դժվարին, որովհետև Հայաստանում շատերս պատրաստ չենք արևմտահայ ուսուցիչ կերտելու։
-Արևմտահայերենի մասնագետներ Հայաստանում շատ քիչ կան։ Ինչպե՞ս կարող ենք այստեղ վերապատրաստել արևմտահայերենի ուսուցչի, երբ չունենք ո՛չ համապատասխան ծրագրեր, ո՛չ դասագրքեր, ո՛չ էլ արևմտահայերենի դասավանդման պատշաճ մակարդակ։
-Արևմտահայերենի մասնագետները քիչ են, և պետք է խոստովանենք, որ դա մեր հայրենի լեզվաբանության պատասխանատուների մեղքն է։ Մենք ունենք երկու գրական հայերեն, ունենք մասնագետներ, և այդ մասնագետներն առաջին հերթին պարտավոր էին արևմտահայերենը հղկել ու կանոնակարգել, մի բան, որ ժամանակին չարվեց։ Ո՞վ է մեղավոր. լեզվի ինստիտուտը, բնականաբար, Երևանի պետական համալսարանը, նաև մանկավարժական համալսարանը։ Եվ այսօր մենք տեսնում ենք այն բացերը, որոնք տասնամյակների ընթացքում խորացել են։ Մեզ, իրոք, անհրաժեշտ են մասնագետներ։ Դժվար չէ ստեղծել մի հանձնախումբ, որը կզբաղվի հայերենի կանոնակարգմամբ, լեզվական միասնական երևույթների ճանաչմամբ։ Եթե այսօր մենք դա չանենք, վաղն ավելի վատ է լինելու։ Ինչպե՞ս է, որ տարբեր լեզուների գծով մասնագետներ ենք պատրաստում, մինչդեռ մեր մայր լեզուն յուրացնելու խնդիր ունենք։ Եթե քայլեր չձեռնարկենք, արևմտահայերենը կօտարենք մեզնից. արդեն օտարել ենք։ Եվ այդ քայլերն առաջին հերթին պետք է լինեն ուսուցիչների պատրաստումն ու դպրոցների պաշտպանությունը, որոնք պետք է ուղղորդվեն Հայաստանից։
-Դուք շփվում եք սփյուռքահայ ուսուցիչների հետ, Ձեր կարծիքով՝ դրսում հայերենի դասավանդման մակարդակն ի՞նչ վիճակում է։
-Շատ ցածր, որովհետև դպրոց մտնում են ոչ արհեստավարժ ուսուցիչներ։ Օրինակ, Բելգիայի հայկական դպրոց մտնում է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտած մեկը, որը վարժ հայերեն է խոսում, բայց նա, փաստորեն, Թուրքիայից եկածներին սովորեցնելու է արևմտահայերեն։ Սա է սփյուռքի դպրոցի իրական պատկերը։ Եվ պատահական չէ, որ այսօր ամենօրյա դպրոցները կորցնում են իրենց և՛ աշակերտին, և՛ խնդիրներն ու աստիճանաբար փոխարինվում են մեկօրյա վարժարաններով, որտեղ կարող են ընդգրկվել 3-60 տարեկան անձինք։ Դպրոց հասկացությունն աղճատվում է մեր աչքի առաջ, և մենք հաշտվում ենք այդ համապատկերին։ Միայն անցյալ տարի սփյուռքում փակվել է 37 հայկական դպրոց։ Մյուսները պատահական հանդիպումների, դասերի շնորհիվ են գոյատևում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ ավելի բարվոք է, դպրոցն այնտեղ պաշտպանվում է, եկեղեցին հետամուտ է այդ պաշտպանությանը, կա հայկական մամուլ, գործում են ազգային ինստիտուտները, սակայն մյուս տեղերում այդպես չէ։ Դասընթացները տարերային են կազմակերպվում։ Մենք մեր աչքի առաջ կորցնում ենք արևմտահայ մշակույթը։ Հետաքրքիր է, որ Հայաստանից գաղթածներն ավելի հետևողականորեն և կատաղի կերպով են գնում օտար դպրոցներ։ «Կատաղի» բառը գիտակցաբար եմ գրում։ Նրանց ազգային ոչ մի բան չի պահում սփյուռքում։ Նրանք գնացել են ձուլվելու։ Մեր ողբերգությունն է դա։ Եթե մենք չենք գիտակցում այդ ողբերգությունը, ավելի արագ ենք ձուլվում։ Բայց եթե գիտակցում ենք և պետական ռազմավարական ծրագրի մեջ դնում այդ խնդիրները, ուրեմն՝ կարող ենք ելքեր գտնել։
-Հուսա՞նք, որ նոր բացվելիք սփյուռքի նախարարությունն ինչ-որ չափով կփարատի Ձեր մտահոգությունները։
-Արդեն պետական կազմակերպական վճիռների մեջ այդ տագնապը կա։ Այս նախարարությունը պետք է ավելի վաղ ունենայինք, դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակներից, եթե ավելի ողջամիտ լինեինք։ Բայց մենք տրվեցինք քաղաքական կրքերին, մոռացանք, որ լեզուն քաղաքականություն է առաջին հերթին։ Մենք գիտենք, որ արևմտահայերին արևելահայերը փորձել են վանել իրենցից որքան հնարավոր է հեռու։ 1922 թվականի որոշումը՝ դասական ուղղագրությունից հրաժարվելու մասին, դրա վկայությունն էր։ Ինչո՞ւ ընդունվեց այն. որպեսզի մշակութաբանորեն տարանջատվենք արևմտահայերից։ Եվ այսօր միասնական ուղղագրության ճանապարհին նույն վարչական մեթոդներով սփյուռքահայերին ստիպել հրաժարվել դասական ուղղագրությունից՝ արդյոք նույն գծի շարունակությունը չէ՞։
Արդեն 7-րդ տարին է՝ Ֆրանսիայի «Մաշտոց» միության հետ համագործակցաբար «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը կազմակերպում է արևմտահայերենի ուսուցում։ Արդեն ավելի քան 45 դպրոցներում այս առարկան մտել է որպես փորձնական ծրագիր, և հաջողությունն ակնբախ է։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5202

Մեկնաբանություններ